Մատչելիության հղումներ

Քեթի գյուղի բնակիչները դժգոհում են՝ հիմա սերմացուի դեֆիցիտ կա, եղածն էլ բավականին թանկ է


Քեթի գյուղի մեխանիզատոր Արա Սարգսյանը գարնանացան է անում։ Կառավարությունն այս տարի սուբսիդավորում է միայն պարարտանյութի գնումը, իսկ սերմացուի փոխհատուցման ծրագիրը չեղարկեց՝ փաստի առաջ կանգնեցնելով գյուղացիներին։ Հիմա սերմացուի դեֆիցիտ կա, եղածն էլ բավականին թանկ է, դժգոհում է շիրակցի մեխանիզատորը:

«Ինչո՞վ ցանենք, ամեն տարի սուբսիդավորում էին, բերում էին պարարտանյութը էժանով առնում էին, ցանում էինք՝ 7000 դրամով, էս տարի 3 անգամ ավելացրել ա, 20 հազար դրամ, էլ ինչով կարանանք առնենք: Տուն պահես, երեխա պահես, տրակտոր պահես, ո՞րը պահես: Սերմացուն 250 դրամ է, համարյա 200 դրամ գարին, 250՝ ցորենը, սաղ էլ թանկ ա: Նենց չթվա էլի, որ նստած տեղներս մածունը հենց ընենց ուտում ենք», - ասաց Սարգսյանը:

Գյուղացիների դաշտերը հիմնականում ինքն է մշակում իր տեխնիկայով: Նկատել է, որ շատերը չեն էլ կարողանում մշակել իրենց վարելահողերը. «Չէ մի քիչ դժվար ա, էս տարի թանկ ա ամեն ինչը՝ սերմը, պարարտանյութը, դե քչով ենք անում էլի, ամեն տարվա պես չէ»:

Մոտ հազար բնակիչ ունեցող Քեթիում 600 հեկտար վարելահող կա: Վարչական ղեկավար Թորգոմ Սահակյանն ասում է՝ այս տարի գյուղացիները մեկը մյուսից պարտքով սերմացու են վերցրել, որ կարողանան հող մշակել։ Շարունակում է՝ հիմա, երբ պարենային անվտանգության հարց է դրված, իսկ Հայաստանը հացահատիկի բերքով ինքնաբավ երկիր չէ, պաշտոնյաների հորդորները գյուղացիներին բավարար չեն, թե «հնարավորինս շատ հող մշակեք», գործնական քայլեր են պետք։

«Մենակ ասելը քիչ է, ես գտնում եմ, որ գյուղատնտեսությունը պետք է մշտապես պետական ուշադրության կենտրոնում լինի, այսինքն՝ առանց սուբսիդավորման գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ: Գյուղացին մենակ մնաց, այսպես ասած, թևաթափ կարող է լինել, պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու մեջքին», - ասաց Թորգոմ Սահակյանը:

Գյուղամիջին հավաքված քեթեցիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, թե ինքնասիրությունը թույլ չի տալիս, որ աշնանը վարած հողն առանց ցանքս թողնի. «Անցյալ տարի ինչ-որ տարել եմ, հեկտար ցորեն եմ ցանել, ինչ-որ վարած էր՝ 270 դրամով գարին եմ ցանել, վարսակ եմ առել ցանել եմ, սալյարկեն էլ՝ 10 հազար 500 դրամ: Ի՞նչ պետք ա լինի, աշունը կերևա, ճտերը աշնան են չէ՞ հաշվում»:

Շիրակում գարնանացանը դեռ ընթանում է: Գարու ու ցորենի սերմացուն հիմնականում ներկրվել է Ռուսաստանից։ Աշնանը մարզում ավելի քան 12 հազար հեկտար հող է մշակվել, որը նախորդ տարվանից պակաս է մոտ 2000 հեկտարով: Չնայած հողը անմշակ չթողնելու իշխանության պարբերական հորդորներին, սպասվում է, որ գարնանացանի ընթացքում ևս ավելի քիչ հող կմշակվի՝ սերմացուի, պարարտանյութի, դիզվառելիքի բարձր գների պատճառով։

Քեթի գյուղի բնակիչները դժգոհում են՝ հիմա սերմացուի դեֆիցիտ կա, եղածն էլ բավականին թանկ է
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG