Մատչելիության հղումներ

Բանտից հիվանդանոց. զինվորի մայրը պնդում է, որ որդին լուրջ հիվանդ է, իրավապահները՝ հակառակը, որ ձևացնում է


Չինար Մկրտչյանը 19-ամյա Բաբկեն Մկրտչյանի մայրն է։ Նրա շարքային զինծառայող որդին արդեն 1 շաբաթ է «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում է բուժվում, միևնույն ժամանակ կալանավոր է, հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի քրեակատարողականից։

«Էսօր էրեխեն ասում էր՝ «մամա, հիշո՞ւմ ես, էն որ իրար հետ շուկայով քայլում էինք, հետո ֆռացել տեսել ես՝ ես ընկած եմ եղել, գաղութում նույն բանն ա եղել իմ հետ», - պատմեց Չինար Մկրտչյանը:

Անցյալ տարի զորակոչված Բաբկենը նախկինում սովորել է զինվորական ուսումնարանում, ծառայությանն առնչվող գրեթե ոչինչ նրա համար խորթ չէր բանակ գնալուց առաջ։ Մոր խոսքով՝ որդին շատ էր ուզում դառնալ զինվոր։

«Հա, ասել ա՝ «ես կգնամ կծառայեմ», ես որ ասի՝ «էդ հարցը բարձրացնեմ՝ քո առողջականի, տանեմ թղթերը տամ, թող նայեն», չուզեց ինքը, ոչ մի թուղթ չեմ տարել: Ստամոքսի հետ կապված խնդիրներ ուներ», - նշեց մայրը:

Զորակոչից 2 ամիս անց սկսվել է մղձավանջը՝ սուր ցավեր, ջերմություն, վատ մարսողություն. Բակեն Մկրտչյանը 1 տարում 5-6 անգամ հայտնվել է տարբեր հոսպիտալներում, ինչպես նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնում, որը, մոր խոսքով, միակ հաստատությունն էր, որտեղ բուժումից հետո որդու մոտ դրական տեղաշարժ է եղել։ Մյուս բուժհաստատություններում, որտեղ Բաբկենը հաճախ 1 ամսից ավելի պառկած է եղել, նրան անվանել են հիվանդ ձևացող ու այդպես էլ ախտորոշում չեն տվել։

«Ինքը չի նկարագրում, ես եմ տեսնում, չէր կարողանում ոտքերը բացեր, իրան ձգեր, կուչ եկած, էդ կարգի ցավի մեջ, որ շտապօգնություն կանչինք, ասում ա՝ «տանենք, թե չէ կարող ա օրերից մի օր ներքին արյունահոսություն ունենա վրներդ խաբար չլինի՝ ինչ եղավ», - ասաց Չինար Միրտչյանը:

Ծառայության ընթացքում Բաբկենը 2 անգամ ինքնակամ հեռացել է զորամասից, վերջին անգամ այս տարվա ապրիլին, եկել էր Երևան ինքնուրույն հոսպիտալ գնալու նպատակով։ Չինարի խոսքով՝ սխալ է արել, որ հեռացել է զորամասից, բայց չի էլ թաքցրել, թե ուր է գնում։ Հենց հոսպիտալից էլ նրան ձերբակալել են, ապա՝ կալանավորել։

«Ինքը եկել էր, զորամասում ասել էր, որ «ես գնալու եմ, էսինչ ժամին էլ դուրս եմ գալու», զորամասում ասել են՝ «գնում ես գնա, մենք էլ փաստաթղթով քո հարցը կլուծենք»: Ասել ա՝ «ես գնում եմ իմ ոտքով Մուրացան», - ներկայացրեց մայրը:

Մեկ այլ անգամ զորամասը լքել էր, երբ մայրը և անչափահաս, մտավոր զարգացման խնդիրներ ունեցող քույրն ու եղբայրը բառի բուն իմաստով հայտնված են եղել փողոցում, մի քանի օր մնացել առանց ծածկի։ Սոցիալական ծանր խնդիրներ ու սեփական բնակարան չունեցող ընտանիքը ստիպված է եղել հեռանալ նախորդ տնից՝ առանց նորը գտնելու։

«Չորս օր դուրսն ենք մնացել վեշերով: Ինքը մարդկային քայլ ա արել իրա ծնողի, իրա ընտանիքի համար, ոչ մեկ չի եղել աջակցող, վեշերը փողոցն ա մնացել, ինքն ա եկել օգնել, որ այդ վեշերը տեղավորի: Պետությունը մենակ նախատել ու մեղադրել գիտի», - ասաց Չինար Մկրտչյանը:

Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ այժմ կա հարուցված քրեական գործ միանգամից 2 դրվագով՝ դասալքության և հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածներով։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ փորձաքննություններ են նշանակվել, իսկ քննությունը վերահսկող դատախազությունից միայն նշեցին, որ նախաքննությունը շարունակվում է։ Մինչ այդ ընտանիքը պաշտպան վարձելու հնարվորություն անգամ չունեն, օգտվում են հանրային պաշտպանի ծառայությունից, դիմել են նաև իրավապաշտպանի։

Իրավապաշտպանը պնդում է՝ պետությունը հաճախ անարդար է վարվում հատկապես սոցիալապես անապահով մարդկանց հետ

«Ես իմացա, որ նա բարձր ջերմություն է ունեցել և գիտակցությունը կորցրել է այդ օրը: Այսինքն հենց ընենց բռնում ու սիմուլյանտության համար քրեական գործ են հարուցո՞ւմ: Դուք տեսե՞լ եք նրա հիվանդությունների ցանկը, նա ինչ վիճակում է եղել, ինչո՞ւ եք բա ուղարկում հոսպիտալ, որ սիմուլյանտություն ա: Իսկ Քննչական կոմիտեի այդ անպատասխանատու հայտարարությունների, գործելակերպի համար ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանն ասում է՝ իրենց կազմակերպության փորձից դատելով պետությունը հաճախ անարդար է վարվում հատկապես սոցիալապես անապահով ու խոցելի մարդկանց հետ։

«Ո՞նց կարող եք վերցնել ու ոչնչացնել այդ ընտանիքին, տրորեք: Մայրն ասում է՝ «ես ուզում էի՝ տղաս ծառայեր, գար, որ գոնե ինձ թև ու թիկունք լիներ, ես կարողանայի իմ հաշմանդամ երեխաներին պահեի», սա ի՞նչ երկիր է, ես չեմ պատկերացնում», - ասաց Ալեքսանյանը:

«Կործանում են էս ընտանիքն էլի, էդ երեխայի կյանքն են կործանում, հիմա իմ երեխան նստավ-հելավ, իրան ո՞վ ա աշխատանք տալու, ոչ մեկ: Մի հատ հնար լիներ, գնայիք իմ էրեխու վիճակը տեսնեիք, կասեիք էդ էրեխեն առողջ ա, թե ինչ ա», - նշեց Չինարը:

«Նորքի ինֆեկցիոնում» պառկած Բաբկենին դիետիկ սնունդ է անհրաժեշտ, բժիշկը մորն է խնդրել սնունդը բերել, միայն թե ամեն օր երկար ժամեր աշխատող, ապա անչափահաս ու զարգացման խնդիրներով 2 երեխաներին խնամող կինը պետք է աշխատանքից հետո սնունդը պատրաստի, տանի Արմավիր քրեակատարողական հիմնարկ, այնտեղ ստուգեն, վերադառնա Նորք և կերակուրը վերջապես հասցնի որդուն. «Պատկերացրեք՝ Արմավիրի մարզ, ես ամեն օր ո՞նց տանեմ ու գամ, ես եթե չաշխատեմ, չեմ կարա վարձ տամ»:

Թե ինչպե՞ս է այս պահին գնահատվում Բաբկեն Մկրտչյանի վիճակը, ո՞րն է նրա ախտորոշումը, ի՞նչ սնունդ է նա ընդունում այն օրերին, երբ մայրը չի կարողանում տանել, պարզել չհաջողվեց: Առողջապահության նախարարությունից հղում արեցին Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքին, ըստ որի պացիենտի վիճակի մասին տեղեկությունը համարվում է բժշկական գաղտնիք, եթե չկա հիվանդի համաձայնությունը: Նախարարության մամուլի պատասխանատուն այդպես էլ հաշվի չառավ այն հանգամանքը, որ հենց հիվանդի խնդրանքն է իր հետ պատահածի մասին պատմելը։

Բանտից հիվանդանոց. զինվորի մայրը պնդում է, որ որդին լուրջ հիվանդ է, իրավապահները՝ հակառակը, որ ձևացնում է
please wait

No media source currently available

0:00 0:06:02 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG