Մատչելիության հղումներ

Էմանյուել Մակրո՞ն, թե՞ Մարին Լը Պեն. վաղը ֆրանսիացիները կընտրեն իրենց հաջորդ նախագահին


Այս կիրակի՝ ապրիլի 24-ին, ֆրանսիացիները կընտրեն իրենց հաջորդ նախագահին։ Ինչպես հինգ տարի առաջ՝ այս անգամ էլ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Էմանյուել Մակրոնի մրցակիցը ծայրահեղ աջակողմյա «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն է:

Փարիզից դեպի հարավարևմուտք՝ Լուարի հովտում գտնվող Շատոդյոն քաղաքը, որ հայտնի է իր պատմական հուշարձաններով, հատկապես վերջին տասնամյակներին որոշիչ դեր է ունեցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։ Ասում են՝ ինչպես քվեարկում է Շատոդյոնը, այնպես էլ քվեարկում է ամբողջ Ֆրանսիան:

«Մենք այստեղ ունենք ամեն ինչ։ Ունենք գյուղատնտեսություն, արդյունաբերություն։ Այդ ամենի և մեր պատմության շնորհիվ է Շատոդյոն դարձել Ֆրանսիայի սիրտը», - ասում է քաղաքապետ Ֆաբիեն Վեղդիեն:

Շատոդյոն քաղաքի 13,000 բնակիչների քվեները որոշիչ դեր են ունեցել 2002-ին՝ կենտրոնամետ աջ Ժողովրդական շարժման միությունը ներկայացնող Ժակ Շիրակի, նրա հաջորդի՝ Նիկոլա Սարկոզիի, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի, և 2017-ին՝ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանյուել Մակրոնի համար։

Շատոդյոնի բնակիչների քվեները կանխատեսել էին նաև ապրիլի սկզբին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Այժմ մրցավազքը Մակրոնի և նրա հակառակորդ ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի միջև է: «Ես ընտրելու եմ Մակրոնին. Կարծում եմ՝ նա լուրջ է, ազնիվ ու աշխատասեր: Նա սխալ ընտրություն չի կատարի ֆրանսիացիների համար։ Ես դեմ եմ «Ազգային միավորում» կուսակցության արժեքներին մի շարք պատճառներով…», - ասում է Շատոդյոնի բնակիչ Անտուան Մաեստրաչին:

Ըստ վերջին հարցումների՝ Էմանյուել Մակրոնը, ամենայն հավանականությամբ, կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում ձայների գրեթե 10 տոկոս առավելությամբ։ Բայց վերջնական արդյունքը դեռ անկանխատեսելի է, քանի որ Ֆրանսիացիների մեծ մասը այս պահին դեռևս չգիտեն՝ ում օգտին քվեարկել:

«Ոչ Մակրոնն է ինձ ներկայացնում, ոչ էլ՝ Լը Պենը: Եվ Լը Պենը ինձ դուր չի գալիս», - ասում է Շատոդյոնի բնակիչ Կառլա Դաքունյան։

Ըստ որոշ կանխատեսումների՝ Ֆրանսիայի ծայրահեղ աջ կուսակցությունը հիմա ավելի մոտ է հաղթանակին, քան երբևէ: Երկու տասնամյակ առաջ Լը Պենի հայրը նախագահական ընտրություններում պարտվել էր քվեների 80 տոկոս տարբերությամբ։ Այս ընտրություններում, ինչևէ, պատկերն այլ է։

«Մարին Լը Պենը լավ փաստարկներ ունի… Կտեսնենք՝ արդյոք կյանքի կկոչի իր ասածները: Նա էլ կարող է մյուս նախագահների նման շատ բան խոստանալ, բայց միայն իր խոստումների կեսը կատարել: Բայց կին առաջնորդը կարող է հետաքրքիր լինել», - ասում է Շատոդյոնի բնակիչ Նիկոլա Մետեղիոն:

«Կարծում եմ՝ Լը Պենի մեջ շատերը տեսնում են այն, ինչ չեն տեսել ավանդական աջ և ձախ ուժերի մեջ վերջին 30-40 տարիներին։ Մարդիկ ցանկանում են կոտրել կարծրատիպերը ու մերժել ավանդական կուսակցությունների ավանդական թեկնածուներին։ Մարդիկ կոնկրետ արդյունք, արդյունավետություն և արագ փոփոխություններ են ցանկանում տեսնել Ֆրանսիայում», - ասում է Շատոդյոնի քաղաքապետ Ֆաբիեն Վեղդիեն։

Քաղաքապետ Վեղդիեն, սակայն, չի ցանկանում կանխատեսումներ անել, ասում է՝ չգիտի, թե ինչպես կքվեարկեն Շատոդյոնի բնակիչներն ու ֆրանսիացիների մեծ մասը այս կիրակի։

XS
SM
MD
LG