Մատչելիության հղումներ

Ուկրաինահայ բազմանդամ ընտանիքն անտուն է մնացել, պետությունը նման ընտանիքների համար հատուկ ծրագիր չունի


Ալվինա Մնացականյանն ու իր ամուսինը
Ալվինա Մնացականյանն ու իր ամուսինը

Փոքր մարդատար մեքենայով 29-ամյա Սերոբ Մնացականյանի բազմանդամ ընտանիքը արևելյան Ուկրաինայի Բալակլեյա քաղաքից է Երևան հասել՝ անցնելով հարյուրավոր կիլոմետրեր ու փորձություններ։ Մինչև ռուս-ուկրաինական սահմանին հասնելը մի կերպ են փրկվել արկերից, հրթիռներից։

Անգամ ճանապարհներն են ականապատ եղել, պատմում է ուկրաինահայ երիտասարդը. - «Այն ճանապարհը, որը սովորական դեպքում կտևի երկու-երեք օր ամենաշատը, մենք տասը օր էինք գնում»։

Տնից ամենաանհրաժեշտ ու առաջնային իրերն են հասցրել վերցնել։ Ընտանիք մայրը՝ Ալվինա Մնացականյանն ասում է, որ մեքենայում իրենք հինգ հոգով հազիվ էին տեղավորվել, այլ անհրաժեշտ իրեր չկարողացան բերել։

Ռուսաստանի սահման ստիպված էին գնացել, ասում են՝ դեպի արևմուտք գնացող ճանապարհներն է'լ ավելի անապահով էին ու անգամ լսել էին, որ դրանք շրջափակված են։ Շուրջ մեկ ամիս է ամուսնու եղբոր ընտանիքում են ապրում՝ երեքսենյականոց տանը 14 հոգով։

Պետությունը չի օգնում, որ կարողանան գոնե տան հարցը լուծել, մինչև տղան ու աղջիկն աշխատանք գտնեն ու իրենց միջոցներով այդ խնդիրը լուծեն. - «Մեզ ասում են՝ սպասեք էնքան, որ Ուկրաինայից մեծ հոսք լինի, որ ձեզ օգնենք։ Քանի որ դուք միակն եք, որ մեզ եք դիմել, մենք չունենք ոչ մի հնարավորություն ձեզ տնով ապահովելու»։

59-ամյա կնոջ խոսքով, իրենք լսել են, որ եթե տուն վարձեն, պետությունը 60 հազար դրամ օգնություն կտրամադրի։ Նա վստահ է, որ ո'չ 60 հազարով, ո'չ էլ կրկակի գումարով չեն կարող տուն գտնել. - «Հիմա մենք 200-300 հազարի հնարավորություն չունենք, որ տանք ինչ-որ մի տեղ միսենյականոց կամ երկուսենյականոց վարձելու համար»։

Անցած մեկ ամսում պետությունից որևէ աջակցություն չեն ստացել։ Միայն պոլիկլինիկայում են կարողացել գրանցվել, որ անվճար բուժծառայությունից օգտվեն։ Բարեգործական կազմակերպություններից մեկը 75 հազար դրամ է հատկացրել։ Այդ ամբողջ գումարը ամուսնու բուժզննումների ու դեղերի վրա են ծախսել։

Ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, երեք ամիսը մեկը քաղցկեղի դեմ բուժում պետք է ստանա, թանկարժեք դեղորայքն անհրաժեշտություն է։ Չեն կարողանում գնել. - «Էդ դեղի համար դիմում ենք, մեզ ասում են՝ մենք առայժմ չունենք էդ դեղը, կլինի՝ կասենք»։

Թեև պաշտոնական Երևանը ռուս-ուկրաինական պատերազմից շատ չանցած հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել և' հայ, և' ուկրաիանացի քաղաքացիների, սակայն մինչև այս պահը պետությունը հատուկ ծրագրեր չունի Ուկրաինայից Հայաստան տեղափոխված մարդկանց համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասում են, թե պետությունը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ի վիճակի չէ բոլոր փախստականներին բնակարանով ապահովել չի։ Խնդիրը փորձում են լուծել գործընկեր կազմակերպությունների միջոցով։

Ինգա Հարությունյան
Ինգա Հարությունյան

«Վարձով բնակարանները բավականին թանկ են։ Պետությունը ունի սոցիալական բնակության ֆոնդ, բայց դուք գիտեք, որ արցախյան իրադարձություններից հետո մենք երկրում դեռ ունենք քսան հազար արցախցի, որոնց մի մասը դեռ ապաստանում է կացարաններում։ Այդ պատճառով կացարանները էս պահին միանգամից տրամադրելը Ուկրաինայից ժամանած ընտանիքներին գուցե էդքան հրանավոր չի։ Բայց ես ձեզ հավատացնում եմ, որ եթե նման կարիքը լինի, պետությունը հնարավորություն կգտնի», - ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ինգա Հարությունյանը։

«Ասել, որ ընդհանրապես ոչինչ արված չէ, սխալ է։ Բավականին քայլեր արված են։ Դրանք սակայն, այսօր արդեն կարող ենք ասել, որ պարզապես լիովին չեն բավականացնում», - ասում է միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Տաթևիկ Բեժանյան
Տաթևիկ Բեժանյան

Նա համոզված է, որ իրավիճակն այլ կլիներ, եթե պետությունը քաղհասարակության հետ դեռ երկու տարի առաջ մշակած ռազմավարությունն ընդուներ։ Բեժանյանի խոսքով, այդ փաստաթղթի միջոցով հնարավոր կլիներ լուծել շատ խնդիրներ, որոնց հիմա բախվում են Հայաստան տեղափոխված փախստականները. - «Ապաստան հայցելու պահից մինչև ամբողջական ինտեգրում։ Միջոցառումների համալիր, մեծ կոմպլեքս է իրենից ներկայացնում դա։ Այսինքն՝ քայլերի հերթականություն է, որ պետք է իրականացվի։ Եվ անպայման այս փաստաթղթին, ես կարծում եմ, կհետևի նաև ֆինանսական աջակցությունը՝ ոչ միայն պետական։ Եվ եթե պետական միջոցները չեն բավարարի, ես վստահ եմ, որ դոնորական միջոցներ էլ կլինեն այդտեղ»։

Փետրվարի 24-ից Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցելու համար 120 դիմում է ստացել Ուկրաինայի քաղաքացիներից։ Այդ հայցերի մոտ 60 տոկոսը ազգությամբ հայեր են ներկայացրել։

Միայն մարտին Ուկրիանայի 2262 քաղաքացի է Հայաստան եկել, նրանցից 1498-ը նույն ամսում լքել են Հայաստանը։

Ուկրաինահայ բազմանդամ ընտանիքն անտուն է մնացել, իսկ պետությունը նման ընտանիքների համար հատուկ ծրագիր չունի
please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00

XS
SM
MD
LG