Մատչելիության հղումներ

Հայկ Մամիջանյանը մոսկովյան հանդիպումից ակնկալիք չունի, միայն՝ վախեր


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հանրապետականից Հայկ Մամիջանյանը մոսկովյան բանակցություններից ակնկալիք չունի, միայն՝ վախեր։ Միջազգային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, նրա խոսքով, կարող են շարունակվել այս իշխանության հակահայկական գործողությունները:

Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումը հաջորդում է Հայաստանի վարչապետի բրյուսելյան այց-պայմանավորվածություններին։ Եվրոպական խորհրդի նախագահի հետ ամսվա սկզբին հանդիպած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ամսվա վերջ սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծել, նաև ցանկություն հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։

Նախօրեին կառավարության տարածած հայտարարության մեջ, սակայն, խոսք չկար, թե Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների այսօրվա քննարկումներում նաև հայ-ադրբեջանական այս վերջին պայմանավորվածություններին է անդրադարձ լինելու։ Փոխարենը շեշտել էին նախկին եռակողմ բոլոր հայտարարությունները, թե Փաշինյանն ու Պուտինը կանդրադառնան դրանց կատարման ընթացքին։ Իսկ ահա Պուտինի հետ բանակցություններից առաջ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կրկին խոսել է Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքից։

«Մենք հանգիստ մեկնաբանում ենք այն թեզերը, որոնք տասնամյակներ շարունակ եղել են Ադրբեջանի քարոզչական, բանակցային թեզերը, մենք հիմա քննարկում ենք, որ Հայաստանի Հանրապետության, լեզուս էլ չի ֆռում վարչապետ ասեմ, ինքը դա հնչեցրել է Հ1-ում, Ազգային ժողովում, իշխող խմբակցության պատգամավորներն են դրա մասին խոսել: Ո՞նց էր ասել իրենց երեսփոխաններից մեկը՝ սխա՞լ էր, որ հայտարարել էինք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հիմա էլ փորձում են սվաղել, դրա սվաղելուն մի ձև կա՝ համաձայն չեք այդ մտքի հետ, հանեք», - ասաց Մամիջանյանը:

Ընդդիմադիրները կիրակի օրվանից Փաշինյանի հեռացման պահանջով Ազատության հրապարակում են, հայտարարում են՝ պայքարում են, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։

Այսօր Օպերայի տարածքում էր նաև Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Նա ակնկալում է, որ այսօր Մոսկվայում Հայաստանի վարչապետը քննարկի Արցախի ինքնորոշման հարցը, որ արցախցիների անհանգստությունը ցրվի։

«Այսօր Արցախ-Հայաստան հարաբերությունները վերածվել են Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հարաբերությունների». Գալստյան

«Այսօր Արցախ-Հայաստան հարաբերությունները վերածվել են Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հարաբերությունների, որն անընդունելի է, տեսնում ենք, որ Արտաքին գործերի նախարարության մակարդակում, միջխորհրդարանական մակարդակում, ինչու չէ չենք ուզում մտնել անվտանգության դաշտ, երևի թե այնտեղ էլ կլինեն խնդիրներ որոնց մասին մենք չգիտենք: Մենք չենք տեսնում այդ համախմբումը, այլ հակառակը՝ պառակտիչ գործողություններ, սադրիչ հայտարարություններ», - ասաց Գալստյանը:

Ո՛չ Արցախից, ո՛չ Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց մամուլում հայտնված տեղեկության մասին, թե մինչ Մոսկվա մեկնելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հարցին՝ արդյոք կհաստատե՞ն այդ տեղեկությունը ու ի՞նչ են քննարկել, Արցախի նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց՝ չեն մեկնաբանում լուրերը։

Արցախցի պատգամավորն ասում է՝ նախկինում ցանկացած բանակցությունից առաջ Երևանի ու Ստեփանակերտի միջև քննարկում էր լինում՝ որոնք են հայկական կողմի կարմիր գծերը։ Իսկ հիմա կարծում է հարաբերություններում խզում կա։

Պատերազմի հետո Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ Արցախում չի եղել, խորհրդարանականների հատուկենտ այցեր են տեղի ունեցել:

Եթե միջխորհրդարանական կապը խզված չլիներ, իշխանավորները այցելեին Արցախ, խորհրդարանի մակարդակով այդպիսի հայտարարություններ չէին արվի։ Վերջին կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանն էր, թե միջազգային հանրությունը ասում է՝ «Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը»։ Ստեփանակերտից հայտարարեցին՝ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով իջեցնել ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողը»։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արցախից հրաժարվելու քաղաքականություն են տեսնում։ Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ղեկավարներից ասաց՝ հստակ հայտարարություններ են ակնկալում. «Մենակ հերիք է, որ հայտարարեն Արցախը հայկական եղել է, կա ու մնալու է: Ինձ չի թվում, թե ամբողջ ազգը սխալ է հասկացել, սխալ են ասել, սխալ է հասկացել, ճիշտ ասեին, լավ ասեին, լավ հասկանային»:

Հանրապետական Հայկ Մամիջանյանը կարծում է՝ միայն հեռացումը կարող է իշխանության առաջ քաշած թեզերի պատասխանը լինել։

«Ինչ-որ թելադրվի, նա էլ կընդունի, մենք բանակցող չունենք, մենք համաձայնող ունենք: Մենքը բոլորը հասկանում են, թե ինչ ասելով նկատի ունեմ: Միջազգային հանրությունը իրան ինչ-որ բաներ ա պարտադրում, միջազգային հանրությունը այդպես էլ չհասկացանք ովքեր են, որովհետև որևէ պաշտոնական հայտարարությունից ես նման հետևություն չեմ արել: Ասեմ ավելին՝ տասնամյակներ շարունակ գերտերությունների ղեկավարները հինգ հայտարարություն են տվել, այնտեղ խոսք չկար ակնկալիքները նվազեցնելու հարցում կարգավիճակի հարցում, այլ հակառակը՝ սևով սպիտակի վրա գրված է երեք հիմնարար սկզբունքների մասին», - ասաց Մամիջանյանը:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ ընդդիմության պայքարն այսօր բացառապես աթոռի համար է։

Իսկ Արցախից հնչող հայտարարություններին ի պատասխան ասաց՝ հույս ունեն միջազգային լայն կոնսոլիդացիա ապահովել անվտանգության, իրավունքների ու ազատությունների պաշտպանության շուրջ, ապա դրանից բխեցնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Նախկինում, երբ եղել է տեսակետ, որ պետք է առաջինը բարձրաձայնել կարգավիճակի հարցը, հետո կարգավիճակից բխեցնել մնացած երաշխիքները, մենք կարծում ենք, որ հիմա պետք է այդ տեսակետին մյուս կողմից մոտենալ: Այսինքն՝ խոսել նախ երաշխիքներից անվտանգության, իրավունքների, ազատությունների, հետո նոր միայն դրանից բխեցնել կարգավիճակի հարցը», - նշեց Ալեքսանյանը:

XS
SM
MD
LG