Մատչելիության հղումներ

Չեխովի անվան դպրոցի տնօրենի ընտրության հարցն այսօր էլ չհանգուցալուծվեց. Թեկնածուներից ոչ ոք անհրաժեշտ ձայներ չհավաքեց


Չեխովի անվան դպրոցում այսօր էլ բազմաթիվ աշակերտներ դասերին չէին մասնակցում, պատճառը տնօրենի ընտրության աղմկոտ գործընթացն է։ Հաստատության ղեկավարի ոդիսականն այսօր էլ չհանգուցալուծվեց։ Թեկնածուներից ոչ մեկը կրկին անհրաժեշտ ձայները չհավաքեց։

Այս դպրոցի տնօրենի ընտրությունը մեծ աղմուկով է ուղեկցվում։ Բանն այն է, որ շաբաթներ առաջ քաղաքապետարանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխվեց, նախորդ տարվա դեկտեմբերից այս պաշտոնը զբաղեցրած Տաթևիկ Մելքոնյանին փոխարինեց Դիանա Մինասյանը։ Այժմ երկուսն էլ տնօրենի պաշտոնի հիմնական հավակնորդներն են և այսօր հավասար՝ 4-ական ձայն հավաքեցին։

Ինչպես նախորդ անգամ, այսօր էլ առավոտից Չեխովի բակում անհանգիստ էր. Ծնողները պնդում են՝ ներկայիս ԺՊ Դիանա Մինասյանը մանկավարժական փորձ չունի, իրենց դպրոցին ծանոթ չէ ու լավ ղեկավարել չի կարողանա։ Աշակերտները դեռ ամսվա սկզբին դասադուլ էին անցկացրել, ցույց կազմակերպել։

«Մենք ուզում ենք, որ մեր դպրոցը ղեկավարի այն մարդը, ով ծանոթ է այդ ղեկավարման համակարգին, ով դպրոցում աշխատել է երկար տարիներ, գիտի ինչպես դասավանդի», - նշեց ծնողներից մեկը:

Բողոքող ծնողների նախընտրելի թեկնածուն Տաթևիկ Մելքոնյանն է, որը երկար տարիներ այս դպրոցում դասավանդել է:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե դպրոցի տնօրենի ԺՊ նշանակված Դիանա Մինասյանը նախկին փոխվարչապետ, Երևանի հաջորդ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հովանավորյալն է։ Դպրոցները գործում են հենց քաղաքապետարանի ենթակայությամբ։ Ինքը՝ տնօրենի պաշտոնակատարն այսօր առաջին անգամ լրագրողների հարցերին պատասխանեց։ Ավինյանի հովանարյալը լինելու լուրերն ամբողջության հերյուրանք որակեց, իսկ ծնողների պնդումներին, թե ինքը մանկավարժական փորձ չունի, պատասխանեց՝ տասը տարի դասախոսում է Տնտեսագիտական համալսարանում, աշխատել է նաև Իտալիայում՝ հանրակրթական հաստատությունում:

«Դասախոսել եմ Իտալիայի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում, աշխատել եմ Հայաստանում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում, այսինքն՝ ստացվում է, որ ունեմ ոչ միայն մանկավարժական, այլ նաև գիտամանկավարժական, կառավարման և ֆինանսական ոլորտի փորձ ու գիտելիք իմ լիազորություններն իրականացնելու համար», - նշեց Մինասյանը:

Տնօրենի ընտրության հերթական տապալված փորձից հետո նոր մրցույթ պետք է հայտարարվի։ Գործող կարգավորումներով այս գործընթացը կշարունակվի այնքան, քանի դեռ հաստատության ղեկավար չի ընտրվել, փոխանցում են Կրթության նախարարությունից։

Տնօրենի ընտրության այս աղմկոտ գործընթացի պատճառով, ըստ էության, տուժում է աշակերտների դասապրոցեսը, այսօր նրանցից շատերը դպրոցի բակում էին, շաբաթներ առաջ դասադուլ էին կազմակերպել։

ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը շեշտում է՝ դպրոցում իրականացվող որևէ գործընթաց չպետք է խաթարի ուսումնառությանը. «Դպրոցում ամենակարևոր գործընթացը աշակերտների ուսումնառությունն է. անկախ այն հանգամանքից, թե տնօրեն ընտրվեց, չընտրվեց, քանի անգամ մրցույթ հայտարարվեց, ուսումնական գործընթացը պետք է իրականացվի պատշաճ»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ ընդգծում է՝ աշակերտներն այպիսի գործընթացներից անգամ տեղյակ էլ չպետք է լինեն, նրանց գործը սովորելն է:

«Աշակերտի խնդիրը չէ ամենևին, թե ով է դպրոցի տնօրենը, բայց հիմա մենք ապրում ենք ինֆորմացիոն դարաշրջանում ու հենց էդ ինֆորմացիայի առատությունն ու հասանելիությունը շատ հեղինակություններ քանդում է», - ընդգծեց փորձագետը:

Չեխովի անվան 55 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կշարունակի իրականացնել Դիանա Մինասյանը՝ մինչև նոր մրցույթ անցկացվի, օրը դեռ հայտնի չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG