Մատչելիության հղումներ

Չեխովի անվան դպրոցի ուսուցիչներն, աշակերտներն ու ծնողները դժգոհ են տնօրենի ԺՊ-ի նշանակումից. բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ


Երևանի Չեխովի անվան դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն այսօր դասադուլ են արել քաղաքապետարանի որոշման դեմ, որով տնօրենի պարտականությունները դրվել են Դիանա Մինասյանի վրա։ Նախորդ տարվա դեկտեմբերից այս պաշտոնը զբաղեցնող Տաթևիկ Մելքոնյանն առավոտյան է քաղաքապետարանից զանգ ստացել ու տեղեկացել փոփոխության մասին։

Դասադուլ անող ուսուցիչներն, աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիայով գնացին քաղաքապետարան։ Ի՞նչ հիմնավորմամբ է նոր տնօրենի ընտրությունից երկու շաբաթ առաջ ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխություն արվում, հարցին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը կարճ պատասխանեց` այդպես են նպատակահարմար համարել։

«Ժամանակավոր պատասխանատուին ներկայացնելը քաղաքապետարանի լիազորության ներքո է», - ասաց նա:

Նոր տնօրենի ընտրություններն անցկացվելու են ապրիլի 14 -ին։ Մինչ այդ ընտրության մեկ փորձ արդեն եղել է մարտին, թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ ձայները չի հավաքել։ Բանն այն է, որ ընտրող խորհրդի ինը անդամներից երկուսը մանկավարժ են, երկուսը` ծնող, չորսը` քաղաքապետարանի ներկայացուցիչ, ևս մեկ ներկայացուցիչ ունի Կրթության նախարարությունը։

Ընտրվելու համար անհրաժեշտ է վեց ձայն, բայց հինգ ձայն ստացած Մելքոնյանին քաղաքապետարանի ներկայացուցիչներից և ոչ մեկը կողմ չի քվեարկել։ Ընտրությունն էլ տապալվել է։

Ինչո՞ւ է քաղաքապետարանը շարունակում պնդել դպրոցում երբեք չաշխատած Դիանա Մինասյանի թեկնածությունը՝ դեմ գնալով ուսուցիչների, ծնողների ու նախարարության կամքին․ սա այս օրերին ամենաշատ քննարկվող հարցերից է։ Դպրոցում ևս կարդացել են մամուլի հրապարակումները, թե նոր տնօրենին հովանավորում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ում իշխող ուժը հաջորդ ընտրություններում առաջադրելու է Երևանի քաղաքապետի թեկնածու:

«Դպրոցը չեմ սիրում, որ քաղաքականացնում են: Այո, համարում եմ, որ այս պահին եթե կա նմանատիպ դիրքորոշում, դպրոցն էլ անցավ քաղաքականացվելու, և քաղաքականացվում է ամեն բան», - ասում է ծնողական խորհրդի նախագահ Աննա Աբրահամյանը:

Փոխքաղաքապետը համաձայնեց ընդունել նախկին տնօրենին, մի քանի ծնողների և ուսուցիչների։ Մի քանի ժամ տևած հանդիպումը արդյունք չի տվել, փոխանցեցին ծնողները. «Եթե քաղաքապետարանը նորից ցույց տվեց, որ ուղղորդում է, մենք արդեն կանենք մեր հետագա քայլերը:

Նենց տպավորություն է, որ ոչ մեկը չգիտի, ու միայն ես եմ խոսում այդ մասին, բոլորը գիտեն…Իմիջոայլոց ասաց, որ այդպիսի բան (Տիգրան Ավինյանի հետ առնչություն), ինքը նման տեղեկություն չունի, խնդրեցի, որ ճշտի»:

Այսօր նշանակված Մինասյանը, ում այդպես էլ հանդիպել չհաջողվեց, կշարունակի պաշտոնավարել մինչև նոր տնօրենի ընտրությունը։ Արդեն նախկին տնօրեն Մելքոնյանն էլ պարզաբանեց` քաղաքապետարանում կարծում են, որ իր մասնակցությունը մրցույթին փակուղի է ստեղծում։ Իր հետագա անելիքների մասին, ասաց, կխոսի ավելի ուշ. «Չկա հիմնավորում: Մարդիկ մտածում են երևի` ուղղորդում ունի մանկավարժական և ծնողական համայնքը, դրա համար ընտրում են ինձ: Չկա դրա բացատրությունը: Ես աշխատում եմ առավոտվա ժամը 8-ից մինչև 6:30 ու աշխատում եմ կրթության որակի բարձրացման ուղղությամբ, ոչ թե քաղաքականությամբ, երևի դա իմ չքաղաքականացված լինելն է»:

Ծնողներն ու ուսուցիչները պնդում են` իրենք չեն վստահում առաջիկա ընտրությունների օբյեկտիվությանը։ Մտահոգված են, որ քաղաքապետարանն առաջնորդվում է այլ շահերով, ոչ թե դպրոցի։ Իսկ քաղաքապետարանի առաջարկած թեկնածուին հանդիպել են, լսել ու չեն տպավորվել։ Մանկավարժական խորհրդից, ինչպես նաև ծնողներից Մինասյանը ոչ մի կողմ ձայն չի ստացել:

«Եթե նրանք ուզում են հավասար պայմաններ ստեղծել, ուրեմն թող այդ դեպքում ոչ նա լինի, ոչ նա, թող լինի որևէ մեկ երրորդ անձ: Ինչի՞ համար պետք է բերեն այն մարդուն, որը չի ճանաչում, չգիտի դպրոցը տարվա վերջում, երբ որ ավարտական քննություններ են սպասվում, ինչո՞ւ պիտի այսպիսի ալեկոծություն լինի դպրոցում», - նշում են ծնողները` հավելելով, որ պաշտոնակատարի փոփոխության դեպքում իրենց երեխաներին չեն ուղարկելու դպրոց:

Հանդիպման ընթացքում քաղաքապետարան եկան նաև ՄԻՊ գրասենյակից, լսեցին ծնողներին ու ուսուցիչներին և հայտարարեցին, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում կլինի։ Մինչև ապրիլի 14 -ի վերջնական ընտրությունը` երկուշաբթի կանցկացվի ընտրություն ուսումնական խորհրդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG