Մատչելիության հղումներ

45 տարի ընդմիջումից հետո կներկայացվի Ավետ Տերտերյանի «Սոմա․ Կրակե  օղակ» օպերան


Կարեն Դուրգարյան
Կարեն Դուրգարյան

Ապրիլի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ավետ Տերտերյանի «Սոմա․ Կրակե օղակ» օպերայի պրեմիերան՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին։

Ինչպես այսօր հրավիրած ասուլիսին ընդգծում էր օպերային թատրոնի տնօրեն, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, Ավետ Տերտերյանի այս օպերան ստեղծվել է 55 տարի առաջ և առաջին անգամ բեմադրվել է 45 տարի առաջ Տիգրան Լևոնյանի կողմից, ինչից հետո այլևս չի բեմադրվել։

Կարեն Դուրգարյանը շեշտում էր, որ սա շատ բարդ ստեղծագործություն է. - «Մենք փորձեցինք հաղթահարել։ Բեմահարթակում կլինեն մոտ հարյուր արտիստ, նվագախումբ, և առաջին անգամ փորձում ենք ցույց տալ օպերային թատրոնի տեխնիկական հնարավորությունները, որովհետև ի վերջո մենք գործ ունենք թատրոնի հետ, այլ ոչ թե մի միջավայր, որտեղ կարելի է գալ, լսել վոկալ ձայն և բավարարված լինեն։ Մենք պետք է տեսնենք օպերային արվեստը իբրև թատրոն, ցույց տանք, թե ինչ հնարավորություններ մենք ունենք, որտեղ ենք գտնվում։ Լուսային հնարավորությունները, որ թատրոնը այսօր ունի, մենք փորձում ենք դա օգտագործել, որպեսզի կարողանանք տեսնել ինչպես են մտածել Տերտերյանը և Չարենցը»։

Դուրգարյանի խոսքով, թե' Եղիշե Չարենցը, թե' Ավետ Տերտերյանը տիեզերական մտածողության տեր հզոր արվեստագետներ էին, որոնց միշտ էլ դժվար է մինչև վերջ հասկանալ։ «Կրակե օղակը» Ավետ Տերտերյանի առաջին օպերային ստեղծագործությունն է. - «Եվ այն ժամանակ սա հեղափոխական էր։ Իբրև երաժշտություն, իբրև ընկալման միջոց։ Որովհետև ընդհանրապես արվեստը, երաժշտությունը, նկարչությունը կարծես թե պետք է ընկալելի լինի բոլորի կողմից, կարծես թե բոլորը պետք է դա հասկանան։ Բայց կարծեմ թե, ոչ բոլորը կարող են Փարաջանովի ֆիլմերը անընդհատ նայել, կամ Տարկովսկու ֆիլմերը անընդհատ նայել, որը կարելի է ասել ինտելեկտուալ այն օպերային ժանրից է, որը պետք է մտածես, թե ինչ է ուզում ասել»։

Կարեն Դուրգարյանն ընդգծում էր նաև, որ ծրագրել են այսուհետ անպայման, ի թիվս համաշխարհային դասական հեղինակների ստեղծագործությունների, ներկայացնել նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների օպերաներն ու բալետները, որոնցից շատերը երբեք չեն ներկայացվել հանդիսատեսին։

Նախատեսում են նաև «Սոմա․Կրակե օղակ» օպերան ներկայացնել նաև արտասահմանյան բեմերում. - «Մենք «Տրավիատայով» որևէ մեկին չենք զարմացնի արտերկրում։ Ազգային ներկայացումով անշուշտ կարող ենք զարմացնել։ Ես հույս ունեմ, որ այդ ճանապարհի վրա ենք մենք»։

ԿԳՄՍ փոխնախաևաև Արա Խզմալյանն էլ հիշեցնում էր, որ այս բեմադրությունը պաշտոնական հոբելյանական ծրագրի բաղկացուցիչ մասն է և լիովին համահունչ է Չարենցի հզոր պոեզիային. - «Ես կարծում եմ, մենք ունենալու ենք շատ գեղեցիկ և թարմ արդյունք։ Ես տեղյակ եմ նաև, որ հանրության որոշ շրջանակներում տարօրինակ շատ կարծիքներ են շրջանառվում՝ հեթանոսական բեմադրություն է, որ կրոնական ինչ-ինչ խնդիրներ են տեսնում, սատանայապաշտական տարրեր։ Ես կարծում եմ, որ ուղղակի 21-րդ դարում աշխարհիկ պետության մեջ գեղարվեստական ստեղծագործությունը քննարկել կրոնական հասկացություններով և կրոնական հայացքներով, դա ուղղակի հետադիմություն է և խավարամտություն։ Եվ որևէ տուրք տալ նման խոսակցություններին մենք չենք կարող, էլ չասեմ, որ Չարենցը պոեզիայում իր ի վերջո կրակապաշտ է։ Չարենցի ստեղծագործություններում այնքան շատ է արևի փառաբանումը, կրակի փառաբանումը, այնքան շատ է կիրառվում «բորբ» բառը, «կարմիր» բառը, որ ուղղակի շրջանցել պոեզիայի այս շերտերը՝ ինչ-ինչ ենթադրություններից ելնելով, ծիծաղելի է։ Ես ուղղակի հորդորում եմ լուրջ չվերաբերել այս խոսակցություններին և մեծ սպասումով գնալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և դիտել ներկայացումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG