Մատչելիության հղումներ

Երևանը մտահոգված է ԱԺ պատգամավորների Արցախ մուտքի արգելքով


Արտաքին գործերի նախարարությունը երեկ ուշ երեկոյան արձագանքեց երեկվա միջադեպին, երբ ռուս խաղաղապահները թույլ չէին տվել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներին Արցախ մտնել։

«Արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ», - նշված է արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Ըստ արտաքին գերատեսչության, նշված գործողությունը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ։ «Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները», - նշված է հայտարարությունում:

Ո՞ւմ ցուցմամբ են ռուս խաղաղապահները հայ պատգամավորներին արգելել Արցախ մտնել. ընդդիմադիր պատգամավորները մեղադրում էին Հայաստանի իշխանություններին։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

«Այս բոլոր փաստերի համադրումը վկայում է մեկ բան, որ սա պատահական չէր արված, այլ այսօրվա Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանն ուղղակի հերթական ստվերային համաձայնությունն ունեն Ալիևի հետ նաև տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու, որովհետև, եթե այսօր պատգամավորների մուտքն է արգելված, վաղը, չի բացառվում, որ կոնկրետ մեկ այլ քաղաքական գործչի, կամ անհատի, կամ հազարավոր մեր հայրենակիցների երթևեկը դեպի Արցախի Հանրապետություն արգելվի», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հայաստանից մեկնած պատգամավորներն Արցախի պատգամավորների հետ հանդիպել են Աղավնոյի անցակետի մոտ։ Ուշ երեկոյան Ֆեյսբուքում այս մասին գրառում արեց Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Գեղամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խաղապահներին ձեռքին ցուցակ է եղել, իսկ մինչև նրանց հասնելը հայ սահմանապահներն են պատգամավորների իրենց տվյալները գրանցել։

«Ճանապարհին ևս մեկ արտառոց դեպք արձանագրեցինք, որ Տեղ գյուղում՝ հայկական անցակետում, հայկական սահմանապահ զինվորականները ուղղակի պատգամավորների բոլոր անձնական տվյալները, անձնագրային տվյալները՝ ծննդյան ամսաթիվ, թիվ, տարեթիվ ամբողջությամբ ճշգրտում էին` ենթադրաբար արձանագրելով, թե կոնկրետ, որ պատգամավորներն են մեկնում Արցախ, և դրանից կարճ ժամանակ հետո արդեն ռուս խաղաղապահները նույն անուն-ազգանուններով, նույնիսկ հայրանունները անգիր հիշելով, ճշտում էին և ասացին, որ մեր մուտքն արգելված է», - ասաց Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորները երեկ Ազգային ժողովի նիստին ներկայացել էին Արցախի դրոշներով։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դրոշը փակցրել էր նաև ամբիոնին, որը հետո հեռացրեց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ընդդիմադիրները բոյկոտեցին նիստը և շարժվեցին Արցախի ուղղությամբ։ Նրանք Սյունիքում են, իրենց հետագա քայլերի մասին դեռ չեն տեղեկացրել։

XS
SM
MD
LG