Մատչելիության հղումներ

Արմեն Փամբուխչյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար


Արմեն Փամբուխչյանը, նախագահ Վահագն Խաչատրյանի այսօրվա հրամանագրով, նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Փամբուխչյանը վարչապետի ապրիլի 11-ի որոշմամբ ազատվել էր արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020-ի դեկտեմբերից։

Անդրանիկ Փիլոյանը նախարարի պաշտոնից ազատվեց այս տարվա ապրիլի 1-ին։ Նա արտակարգ իրավիճակների նախարարն էր 2020-ի նոյեմբերից, երբ 2018-ից այս պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական ներկայացրեց։ Պատերազմի թեժ օրերին Փաշինյանը հայտնել էր, որ Փիլոյանը կարժանանա «Ազգային հերոսի» կոչմանը։ Երկու օր անց նա նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Ազգային հերոսի» կոչումով:

Անդրանիկ Փիլոյանը մեղարդվում է կոռուպցիոն գործարքների մասնակցելու մեջ և մարտի 31-ից կալանավորված է։

Ըստ մեղադրանքի, նախարարությունում աշխատանքի ընդունելու համար, Փիլոյանը կաշառք է ստացել ջեռուցման համակարգի տեսքով։ Այլ դեպքերում էլ նախարարությունում աշխատաքի ընդունելը արժեցել է 2000-2500 ԱՄՆ դոլար։

Ըստ նախաքննության, Փիլոյանը նաև իր խորհրդականի օժանդակությամբ մի ընկերությունից խոշոր չափի կաշառք է ստացել այդ ընկերության օգտին գործողությունների կատարելու համար, այլ մանրամասներ չեն նշվում։

Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները կազմակերպել են մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները:

Ըստ իրավապահների, Փիլոյանի ղեկավարած նախարարությունում նաև մրցույթներից մեկի տեխնիկական բնութագիրն է այնպես կազմվել, որպեսզի միայն ցանկալի ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել:

Բազմադրվագ այս քրեական գործով ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

XS
SM
MD
LG