Մատչելիության հղումներ

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը ցուցադրվելու է AMC ամերիկյան կինոթատրոնների ցանցում


Կադր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմից։
Կադր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմից։

Ֆիլմարտադրությունը բարդ պրոցես է, առավել ևս Հայաստանում, բայց կան ռեժիսորներ, որոնք դադար չեն առնում և չնայած շատ ու շատ բարդությունների ստեղծում են ֆիլմեր, մասնակցում են ամենատարբեր միջազգային մրցանակաբաշխությունների։ Մոտ երեք տասնյակ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը արցախյան առաջին պատերազմին նվիրված մի քանի ֆիլմ ունի, որոնցից վերջինը՝ «Դրախտի դարպասը» ֆիլմը ներկայացվել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը։ Այն կկայանա օրերս՝ ապրիլի 15-ին։

«Ազատության» հետ զրույցի ընթացքում կինոռեժիսորն ընդգծում էր, որ ֆիլմը ներկայացվել է 8 անվանակարգերում. - «Նաև նույն ֆիլմը՝ «Դրախտի դարպասը», բացառիկ դեպք՝ Հայաստանում արտադրված ֆիլմը ցուցադրվելու է AMC ամերիկյան կինոթատրոնների ամբողջ ցանցում»։

2020 թվականից Ջիվան Ավետիսյանն աշխատում է «Վերածնվածը» խորագրով խաղարկային ֆիլմի վրա, որի սցենարի հեղինակը Նարիներ Ոսկանյանն է. - «Ունենք սցենարը, վերջերս ունեցանք Ազգային կինոկենտրոնի աջակցությունը, հիմա միջազգային ֆոնդերի փաստաթղթերն ենք պատրաստում, դիմելու ենք։ Դեռ նկարահանումները չենք սկսել»։

Հարցին, թե արդյոք տեսնում է հայ կինոյի բարենպաստ զարգացման համար որևէ սկսված ընթացք, ռեժիսորն արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կինոգործչից է կախված հայկական կինոյի բարենպաստ շրջանը կամ ընթացքը։ Կա թիվ, որ աշխատում է օրենքի բարելավման վրա, Կինոկենտրոնը լավագույնս փորձում է իրականացնել պետական աջակցության ծրագրերը, տարբեր ընկերություններ ստեղծում են նյութատեխնիկական բազա Հայաստանում։ Դա միանշանակ գովելի է։ Նաև, բնականաբար, բոլորը սպասում են, որ պետությունը պետք է ինչ-որ բան անի։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին մենք ինքներս պետք է փորձենք փոխենք մեզ, փորձենք համաշխարհային շուկայում մեր տեղը գտնել, համագործակցության եզրեր գտնել արտասահմանյան տարբեր կինոգործիչների հետ»։

Իսկ հարցին, թե երբ կգա այն ժամանակը, երբ կինոգործիչներն այլևս չեն ակնկալի պետության աջակցությունը, Ավետիսյանը պատասխանեց. - «Ես չեմ կարող ասել դա երբ կգա։ Բայց պետական աջակցությունը կարևոր ֆորմուլա է եվրոպական կինոմոդելի մեջ։ Եվրոպական երկրներ կան ավելի զարգացած՝ Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, որոնք դարձյալ ունեն պետական աջակցություն... Սա մոդելն է եվրոպական, որ պետությունը աջակցում է արվեստին։ Ամերիկյան մոդելը զուտ որպես բիզնես է։ Պետական աջակցությունը դա մտածողության, արվեստի կառավարման մոդել է։ Ուրիշ բան, որ երբ կգա ժամանակը, որ հայկական կինոն աշխարհում թելադրի։ Ես վստահ եմ, որ կգա էդ ժամանակը»։

Ջիվան Ավետիսյանը համոզված է, որ աշխատող մարդը բոլոր ասպարեզներում է հաջողության է հասնում։ Կարևորը աշխատելու, ստեղծագործելու անսպառ ցանկությունն է, որը հաջողության գրավականն է, համոզված է Արցախում մանկությունն ու պատանեկությունը ապրած ծնունդով գյումրեցի, «Ընդհատված մանկություն», «Վերջին բնակիչը», «Թևանիկ» և այլ ֆիլմերի 42-ամյա հեղինակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG