Մատչելիության հղումներ

Ամերիկյան NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում


Գրաֆիկական քարտեր և պրոցեսորներ նախագծող տեխնոլոգիական հսկաներից մեկը՝ ամերիկյան NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Երևանյան մասնաճյուղը ղեկավարելու է ընկերության հայազգի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։

«Մենք գնում ենք այնտեղ, որտեղ տաղանդներ կան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լեբարեդյանը՝ բացատրելով, թե ինչու տեխնոլոգիական հսկան որոշեց հենց Հայաստանում մասնաճյուղ բացել. - «Երկու պատճառ կա: Մեկն այն է, որ աշխատանքը, որը մենք անում ենք NVIDIA-ում, պահանջում է, որ գտնենք աշխարհի լավագույն տաղանդներին մեզ համար կարևոր՝ համակարգչային գիտության, արհեստական ինտելեկտի, hardware դիզայնի, չիպերի դիզայնի ոլորտներում: Այս բոլոր ոլորտներում մենք այս տեխնոլոգիաների առաջնագծում ենք, և անհրաժեշտ տաղանդներ գտնելը շատ դժվար է: Այսպիսով, մենք փնտրում ենք այս տաղանդներն ամբողջ աշխարհում: Հայաստանն ունի գիտության և ճարտարագիտության երկարամյա ավանդույթ։ Բացի այդ, Հայաստանը միշտ էլ առաջադեմ է եղել արվեստի ասպարեզում։ NVIDIA-ն գործում է այս երկու աշխարհների խաչմերուկում: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ յուրահատուկ վայր է դա անելու համար: Տարիների ընթացքում ես հետևել եմ Հայաստանին և այստեղի պայմաններին, տաղանդների առկայությունը և նրանց առաջընթացին: Եվ վերջին տարիներին կարծում եմ, որ Հայաստանը բավական առաջադեմ է դարձել»:

Ռև Լեբարեդյան Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահ
Ռև Լեբարեդյան Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահ

Երկրորդ պատճառը Լեբարեդյանի համար ավելի անձնական է. - «Ես ծագումով հայ եմ, չնայած ծնվել եմ ԱՄՆ-ում։ Ես հայ եմ և ամերիկացի։ Բայց ես միշտ կարոտ եմ ունեցել Հայաստանում իմ տան հանդեպ և իմ ամբողջ կյանքը նվիրված է այն աշխատանքին, որ ես անում եմ։ Ես սկսել եմ համակարգիչներ ծրագրավորել դեռ փոքրուց և զբաղվել եմ համակարգչային գրաֆիկայով: Արդեն 20 տարի է աշխատում եմ NVIDIA-ում։ Ինձ համար սա միջոց է միաձուլելու այն երկու աշխարհները, որտեղ ես ապրում եմ»:

27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն, 20 հազար աշխատակից ունեցող, համակարգչային գրաֆիկայի ոլորտում առաջատար այս ընկերության երևանյան առաջին գրասենյակը բացվելու է քաղաքի կենտրոնում, վայրն արդեն ընտրված է։ Սա սակայն միակը չի լինելու, այժմ ուսումնասիրում են այլ՝ ավելի մեծ տարածքներ։

NVIDIA-ի կայքում Հայաստանում թափուր աշխատատեղերի մասին արդեն հայտարարություններ են հրապարակված։ Թե քանի աշխատակից կունենա առաջին գրասենյակը, Լեբարեդյանը առայժմ դժվարանում է ասել, սակայն ընդգծում է՝ սովորաբար, եթե նոր երկրում կամ քաղաքում գրասենյակ են բացում, ապա մեծ նպատակներ ունեն այնտեղ. - «Մենք նոր գրասենյակի բացման հոգսի տակ չենք մտնում, եթե վստահ չենք, որ այնտեղ բավարար քանակի տաղանդներ կան, քանի որ դա է դարձնում մեր ներդրումը նպատակային։ Որպես սկիզբ, կարծում եմ, շատ շուտով կլինեն ավելի քան հարյուրները, հուսով ենք ավելին: Մենք միայն պետք է հասկանանք, ինչքան հասանելի տաղանդավոր աշխատուժ կա, և որքան աճ կապահովեն նրանք ժամանակի ընթացքում, քանի որ մենք պատրաստվում ենք փոխել բարձրագույն կրթության դինամիկան, փոխել էկոհամակարգը և ընդլայնել տաղանդների հասանելությունը մեզ համար»:

NVIDIA-ն, որ Սիլիկոնյան հովտի ամենամեծ ընկերություններից մեկն է, առաջատար է համակարգչային գիտության, արագացված համակարգիչների, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական ինտելեկտի մեջ։ Մարդիկ օգտագործելով ընկերության հեղինակած տեխնոլոգիաները՝ ստեղծում են հավելվածներ և կոնկրետ խնդիրներ են լուծում: Լեբարեդյանը շեշտում է՝ այստեղ իրենց ներկայությամբ աշխարհին ցույց են տալու, որ Հայաստանը լավ վայր է նման հետազոտություններ անելու համար, որ սա այն վայրն է, որտեղ արժե ներդրումներ կատարել. - «Մենք ասում ենք, որ մենք հավատում ենք Հայաստանին, և դա վստահություն կհաղորդի մյուսներին, որ գան այստեղ: Հաջորդ բանը, որը ես համոզված եմ, որ մենք կբերենք, դա հետեւյալն է. երբ մենք գնում ենք որևէ նոր երկիր կամ քաղաք, մենք ձգտում ենք էկոհամակարգի այլ անդամների հետ գործընկերությանը, որը ներառում է համալսարանները, մենք աջակցում ենք նրանց, դասախոսություններ ենք կազմակերպում, ռեսուրսներ ենք տրամադրում։ Մեր բիզնեսը կախված է նաև մեր կառուցած տեխնոլոգիաների շուրջ զարգացող էկոհամակարգից: Մենք տեխնոլոգիաներ ենք տրամադրում շատ շատերին: Այսպիսով, մենք կուժեղացնենք այս բոլոր ստարտափները և բոլոր մյուս ընկերությունները միայն այն փաստով, որ կլինենք և կաշխատենք նրանց հետ նույն քաղաքում: Եվ մենք կնպաստենք հայերի նոր սերնդի՝ առաջատար տեխնոլոգիաների ուսուցման հարցում»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի ամենաարագ զարգացող բնագավառներից մեկն է, այս ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 3,3 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG