Մատչելիության հղումներ

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները և Սլովակիայի վարչապետը ժամանում են Կիև


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, արխիվ

Կիև են ժամանում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները, Սլովակիայի վարչապետը՝ դաշինքի աջակցությունը հայտնելու 44-րդ օրը ռուսական զինուժի ներխուժման դեմ պայքարող Ուկրաինային։

Կիևում այսօր նախատեսված են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերի բանակցությունները նախագահ Զելենսկու հետ։ Արևմտյան առաջնորդները Ուկրաինա են մեկնել գնացքով։

Նրանց այցի նախաշեմին հրթիռակոծության է ենթարկվել Կրամատորսկի երկաթուղային կայարանը, որն ավելի քան մեկ ամիս է՝ օգտագործվում է ռուսական ուժերի կողմից ռմբակոծվող տարածքներից խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Հաղորդվում է, որ հարվածի պահին կայարանում հարյուրավոր մարդիկ սպասում էին տարհանման։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է քառասունի, այդ թվում՝ չորս երեխա, շուրջ հարյուր մարդ վնասվածքներ է ստացել։

Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ ուկրաինական ուժերն են թիրախավորել Դոնեցկի շրջանում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքը։ Նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ կայարանը հարվածների է ենթարկվել ռուսական ուժերի կողմից՝ «Տոչկա Ու» կայանքներից։

Այդ հրթիռները, միջազգային փորձագետների պնդմամբ, ռուս-ուկրաինական պատերազմում կիրառվել են թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական զինուժի կողմից։

Կրամատորսկի գնացքի կայարանից ստացվող արյունալի տեսարաններին զուգահեռ ուկրաինական իշխանությունները ցուցադրում են Կիևի շրջանում գտնվող Բորոդյանկա քաղաքի ավերածությունները։

Բորոդյանկան վերջին օրերին ռուսական ուժերից անցել է ուկրաինայի վերահսկողության տակ։ Տեղից ստացվող տեսանյութերը վկայում են համատարած ավերածությունների, խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի մասին, որոնք մնացել են փլատակներում։ «Այստեղ իրավիճակն ավելի սարսափելի է, քան Բուչայում», - երեկ երեկոյան հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինական իշխանությունների պնդմամբ՝ գրեթե 90 տոկոսով վնասված բնակավայրում որևէ զորամաս, պահեստ, ռազմավարական նշանակության կառույց չի եղել։ Ուկրաինայի իշխանությունները ենթադրում են, որ Կիևի արվարձանները լքելուց հետո ռուսական ուժերը վերախմբավորվում են՝ փորձելու լիակատար վերահսկողություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, դրանք արդեն մասամբ գտնվում են ռուսամետ անջատականների վերահսկողության տակ։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տվյալներով՝ Ռուսաստանն իր զորքն ամբողջովին դուրս է բերել Ուկրաինայի հյուսիսից

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչությունների տվյալներով՝ այժմ Ռուսաստանն իր զորքն ամբողջովին դուրս է բերել Ուկրաինայի հյուսիսից և դրանց մի մասը փորձում է կենտրոնացնել արևելքում՝ Դոնբասի ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Պենտագոնի տվյալներով՝ բացի Կիևի շրջանից, ռուսական զորքը հեռացել է նաև Չեռնիգովից։ Ազատագրված է նաև Սումիի շրջանը, վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին հայտարարել է, որ շրջանը դեռևս անվտանգ չէ, բազմաթիվ տարածքներ առայժմ ականապատված են մնում։

Սումին սահմանակցում է Ռուսաստանին և ուկրաինական Չեռնիգովին, ռուսական ներխուժումից ի վեր այս շրջանը ուժգին ռմբակոծությունների է ենթարկվել, Սումիի համար շաբաթներ շարունակ կողմերը ծանր մարտեր են մղել։

Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու ուղղությամբ ապարդյուն ջանքերից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը այսօր հայտարարել է՝ առաջիկայում Պուտինի կողմից դիվանագիտական զիջումներ չպետք է ակնկալել։

«Մայիսի 9-ը Ռուսաստանի ազգային տոնն է, կարևոր ռազմական իրադարձություն, և, ամենայն հավանականության, Պուտինի պատկերացմամբ մայիսի 9-ը պետք է հաղթանակի օր դառնա», - ասել է Ելիսեյան պալատի ղեկավարը՝ ենթադրելով, որ առաջիկա օրերին ու շաբաթներին ականատեսը կդառնան ծանր տեսարանների։

Դոնբասում սպասվող հնարավոր արյունահեղության մասին ահազանգել է նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը: Յենս Ստոլտենբերգի խոսքերով՝ Դոնբասի համար ճակատամարտը հիշեցնելու է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ընդհուպ ամիսներ շարունակվել։

Արդեն վեց շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայում 1611 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 131 երեխա, վիրավորների թիվը 2227 է։ Մարդիկ զոհվել են հիմնական ծանր սպառազինության, այդ թվում՝ հրետանու, բազմակի հրթիռային համակարգերի կիրառման հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։ Կառույցը շեշտում է, որ իրական զոհերի թիվը շատ ավելի մեծ է, սակայն պատերազմի պայմաններում հնարավոր չէ ճշտել և հաստատել բոլոր դեպքերը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG