Մատչելիության հղումներ

Արցախ այցելող հայաստանցի ու արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է


Արցախի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը՝ Մարտակերտի Վանք գյուղի Գանձասարի վանական համալիրը պատերազմից հետո հիմնականում տեղացի այցելուների է ընդունում. Արցախ այցելող հայաստանցի ու արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը պատերազմից հետ կտրուկ է նվազել. բացասական վիճակագրության հետևանքն առաջին հերթին հենց տեղացիներն են նկատում։

Եթե 2019-ին Արցախ շուրջ 42 հազար արտասահմանցի էր այցելել, ապա պատերազմից հետո արդեն 2021-ին ավելի քան 89 տոկոսով նվազել է արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը։ Անցած տարի, ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը 4391 զբոսաշրջիկ է այցել Լեռնային Ղարաբաղ։

«Ամերիկայից, Ֆրանսիայից ունեինք՝ ընտանիքներով գալիս էին», - ասաց Վանք գյուղի բնակիչ Սուսաննա Ղարախանյանը:

Աշխարհի ամենատարբեր կետերից հայեր, արտասահմանցիներ Գանձասար էին հասնում ու հենց Վանք գյուղ մտնող ճանապարհի մի հատվածում տեղակայված փոքրիկ խորտկարան այցելում։ Արտասահմանցիներին, Հայաստանից եկողներին այստեղ տեղական ըմպելիքներ, տնական գինի էին առաջարկում, գլխավոր ուտեստն արցախյան ժենգյալով հացն է՝ թարմ ու բազմատեսակ կանաչիներով։ Ոչ տեղացիների համար անսովոր անուններ ունեցող բանջարների մի մասը սեփական այգում են աճեցնում, մյուս մասը՝ մոտակա սարերից քաղում։

«Տնական գինի, տնական թան, մածուն, գոմեշի մածուն ունեինք, ուտում էին ժենգյալով հաց», - ներկայացրեց Ղարախանյանը:

Տուրիստական խմբերի համար պատվերները նախօրոք էին ընդունում, ասում է 35-ամյա Սուսաննա Ղարախանյանը։ Զբոսաշրջային թեժ ամիսներին օրական միայն 100-ից ավելի ժենգյալով հաց էր պատրաստում, պատերազմից հետո, պատվերները մի քանի անգամ պակասել են. «Հիմա, որ օրվա ընթացքում 10 հատ վաճառում եմ, ասում եմ՝ Փառք Աստծո, շնորհակալություն»:

Խորտկարանը պատերազմից առաջ ընտանիքի եկամտի մեծ մասն էր ապահովում։ Ամուսնու հետ տարիներ առաջ էին հիմնել այն՝ հույսով, որ հոգսերի մի մասը դրանով կհոգան, մյուս մասն էլ անասնապահությամբ. «Մի քիչ որ էրեխեքը մեծացան, արդեն ամեն ինչը դժվարացավ, ամուսինս մտածեց՝ սա սարքենք»:

Գործերը լավ էին ընթանում։ Հիմա էլ առաջվանը չէ. սկզբում քովիդը, հետո էլ՝ պատերազմ։ Մարդիկ վախենում են գալ, նկատում է երիտասարդ կինը։ Հիմա անգամ ամռանն ու անգամ Հայաստանից հազվադեպ են հյուրեր ունենում։

«Հիմա Ստեփանակերտից են գալիս, մեկ էլ գյուղացիք են վերցնում», - նշեց Ղարախանյանը:

Պարբերական դարձած սահմանային սրացումներն էլ ավելի են բարդացրել ընտանիքի ֆինանսական վիճակը։ Բայց 35-ամյա Սուսաննայի մտահոգությունը հիմա ոչ այնքան ընտանեկան բիզնեսն է, որքան սահմաններին տիրող վիճակը։

«Ճիշտ ա՝ ազդում ա, բայց մենակ խաղաղություն լինի, մի ձև կփորձենք աշխատենք, ապրենք էլի, գյուղացի մարդիկ ենք, մի ձև կապրենք, մենակ խաղաղություն լինի: Որ խաղաղություն լինի, դրսի ժողովուրդն էլ կգա-կգնա, մենք էլ կաշխատենք», - նշեց նա:

Երիտասարդ կինը չի հուսահատվում ու կոչն էլ այցելուներին նույն է՝ «եկեք Արցախը վայելելու»: Իրենք արդեն մեկուկես տարուց ավելի է՝ պատերազմական իրավիճակում են, երեխաների հետ, չեն մտածել հարազատ գյուղը լքելու մասին, չնայած ամենօրյա դժվարություններին։

«Մենք ստեղ ենք մնում, ողջ-առողջ դեռ աշխատում ենք, չենք հուսահատվում, առաջ ենք նայում, մեր հող ու ջուրն ա», - ասաց Սուսաննա Ղարախանյանը:

XS
SM
MD
LG