Մատչելիության հղումներ

The New York Times. «ՆԱՏՕ-ում վստահ են՝ պատերազմի վերջը Ուկրաինայում չի նշմարվում»


ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների երկօրյա հավաքի ավարտին արևմտյան մամուլն արձանագրում է՝ դաշինքի բոլոր անդամները վստահ են՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների վերջը դեռ չի երևում։ ՆԱՏՕ-ի ներսում սեփական աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին է գրում The New York Times պարբերականը՝ նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ առկա ընդհանուր անորոշության ֆոնին դաշինքի ներսում պառակտումն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։

«Արևմտյան երկու պաշտոնյաների խոսքով՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներից Լեհաստանն ու բալթյան պետությունները Ռուսաստանի հետ կապերի լիակատար խզման և Մոսկվային ծնկի բերելու կողմնակիցներ են։ Նրանք մտավախություն ունեն, որ պատերազմի ցանկացած ելք, որը Ռուսաստանը կկարողանա որպես հաղթանակ ներկայացնել, լրջորեն կխարխլի եվրոպական անվտանգության ողջ համակարգը», - գրում է ամերիկյան պարբերականը՝ նշելով, որ պետությունների այս խմբին աջակցում է նաև Մեծ Բրիտանիան։

«Բրիտանացիների և Կենտրոնական Եվրոպայի պետությունների մտահոգությունն այն է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում որոշակի առաջխաղացումն, էլ չասած լիակատար հաղթանակը, կարող է քաջալերել Պուտինին՝ խարխլելով միջազգային իրավունքի այնպիսի նորմերն, ինչպիսին են ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները», - գրում է թերթը հատուկ նշելով, - «պետությունների այս խումբը Ռուսաստանին ցանկանում է պարտված տեսնել»։

The New York Times-ի տեղեկություններով, սակայն, դաշինքում պետությունների մեկ այլ խումբ ևս կա է։ Դրա կազմում են Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան, որոնց ղեկավարները վստահ են՝ Ռուսաստանին հեշտությամբ հնազանդեցնելն անհնարին է, իսկ պատերազմի ելքը ոչ թե աղմկալի հաղթանակն է լինելու, այլ հյուծիչ հրադադարը։ Այդ իսկ պատճառով, ըստ թերթի, ֆրանսիացիները, գերմանացիներն ու թուրքերը ցանկանում եմ պահպանել շփումները Ռուսաստանի նախագահի հետ անգամ ռուսական զորքերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների մասին տեղեկությունների ֆոնին։

Դաշինքի ղեկավարները, ըստ The New York Times-ի, նաև հասկանում են, որ չնայած Կիևի մերձակայքից զորքերի դուրսբերմանը, Ուկրաինայի արևելքում ռուսական «դանդաղ և դաժան առաջխաղացումը» շարունակվում է։

The New York Times-ի հոդվածագիրը նաև արձանագրում է, որ դաշինքը, ռազմական գործողություններին զուգահեռ, շարունակում է սպառազինություն տրամադրել Ուկրաինային։ Այս պահին, ըստ թերթի, ՆԱՏՕ-ի անդամների երկու երրորդն արդեն իսկ Կիևին զենք է տրամադրել, բայց այստեղ ևս լուրջ խնդիրներն կան։

«Արևմտյան պահեստներում առկա սպառազինության որոշ տեսակներ սպառման եզրին են։ Խոսքը մասնավորաբար ամերիկյան արտադրության հակատանկային «Ջավելին» տեսակի նռնականետերի մասին է», - գրում է The New York Times-ը՝ ընդգծելով, որ պատերազմի երկրորդ փուլի ընթացքում Ուկրաինան միանգամայն նոր զինատեսակների կարիք է ունենալու։

«Արևմտյան պաշտոնյաները նշում են, որ եթե Ուկրաինան ցանկանում է դիմադրել ռուսներին կամ նույնիսկ դուրս մղել նրանց երկրի տարածքից, ապա Կիևին անհրաժեշտ են լինելու նախևառաջ հեռահար գործողության հրետանային համակարգեր և ավելի արդիական հարվածային անօդաչու սարքեր», - գրում է ամերիկյան թերթը։

Պաշտոնական Կիևը ևս խոստովանում է՝ այս պահին Ուկրաինայի համար առանցքային թեման Արևմուտքից սպառազինության մատակարարումների անխափան հոսքի ապահովումն է։

«Իմ օրակարգում ընդամենը երեք հարց կա՝ սպառազինություն, սպառազինություն և սպառազինություն», - այսօր, դաշինքի արտգործնախարարների հավաքից առաջ հայտարարում էր Բրյուսել ժամանած Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Նրա խոսքով, Ուկրաինային օժանդակելու լավագույն ձևը երկրին այն ամենը տրամադրելն է, որի օգնությամբ հնարավոր կլինի պարտության մատնել ռուսական բանակին Ուկրաինայի տարածքում։

XS
SM
MD
LG