Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում 23 հայ է զոհվել


Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյան
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյան

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով 23 հայ է զոհվել, 5-ը՝ զինվորական, 18-ը՝ խաղաղ բնակիչներ։ Սա Ուկրաինայի հայերի միության վերջին տվյալներն են։

«Ազատության» հետ զրույցում միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ընդգծեց, որ 23-ը այս պահին հաստատված դեպքերն են, այս թիվը, սակայն, կարող է փոփոխվել. - «Մենք աղոթում ենք, որ չլինի ավել, բայց 2-3 օրը մեկ լսում ենք, որ այնտեղ, այնտեղ, այնտեղ զոհվում են»։

Իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ պաշարված Մարիուպոլում, այստեղից մարդիկ փորձում են ելքեր գտնել դուրս գալու։ Ուկրաինայի հայ համայնքը նրանց դիմավորում է, փորձում անհրաժեշտ օգնություն ցույց տալ. - «Շաբաթ օրը հայտարարված էր հումանիտար միջանցք, 45 ավտոբուս առավոտյան դուրս են եկել Զապորաժյեից, ներմուծել են քաղաք սննդամթերք, դեղորայք, ջուր, վառելիք և հետ են բերել իրենց հետ մոտ 2000 հոգի Մարիուպոլի ապրողներից։ Նրանց մեջ նաև հայեր են եղել։ Մեր տղաները տեղի համայնքի աշխատում են այդ ցուցակների հետ, և գտնում ենք այդ հայերին, փորձում ենք իրանց օգնություն հատկացնել»։

Շատ ընտանիքներ, սակայն, այս պահին դեռ Մարիուպոլում են, կապ չկա, շատերի ճակատագիրը անհայտ է։ Ոմանք այնպիսի գոտիներում են, որ ապաստարաններից դուրս գալը չափազանց վտանգավոր է։ Քաղաքն անընդհատ ռմբակոծության է ենթարկվում. - «Ստեղ անընդհատ, ստաբիլ ժամը հինգին սկսվում էր, մինչև 8-9-ը ստաբիլ ռմբակոծություն էր... առավոտից նորից սկսում էր»։

Ավելի քան 20 տարի Մարիուպոլում է ապրել Կարեն Ղուլյանը, ով ընտանիքի և այլ հայերի հետ միայն օրերս է հաջողվել դուրս գալ քաղաքից։ Նախապես կազմակերպել էր, թե ինչ ճանապարհով, ինչպես պետք է հեռանան։ 27 հոգի, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, կրակոցների տակ դուրս են եկել. - «Հասկանում էի, որ եթե դուրս չգամ, կարող է ընտանիքիս կորցնեմ։ Կրակոցների տակով... էդ երևի ամենավատ օրերն էր, որ անցանք, կրակոցների տակով հետներս հանեցինք 27 հոգի մարդ։ Որ մենք անցում էինք, սամալյոտից արդեն ռմբակոծում էին»։

Ղուլյանի տունը գտնվում էր ռազմական գործողությունների կիզակետում, պատերազմի հետևանքով այն հողին հավասարվեց։ Այն մարդիկ, որոնք կորցրել էին իրենց տունը, հավաքվել էին Մարիուպոլում ապրող ընկերոջ փոքրիկ բնակարանում, որտեղ 18 հոգով էին ապրում. - «Ընկերների տունն էինք, պադվալը փոքր էր, երեխեքին էդտեղ տեղավորում էինք, մեծերով միջանցքում նստում, լուսամուտներից հեռու»։

«Ոչ մեկը չէր հավատում, որ 21-րդ դարում այսպիսի բան է հնարավոր», - ասում է Ղուլյանը։ - «Այստեղ մարդիկ հաճախ են լսում այս կամ այն ծանոթի զոհվելու մասին։ Սարսափելի պայմաններ էին, սննդի, ջրի, ամեն ինչի խնդիր կա։ Խանութները արդեն չկար, լրիվ դատարկած, ռմբակոծած, թալանած էր։ Դեղատներ չկային, ժողովուրդը սննդամթերքը մեկը մեկի հետ փոխում էին, օրինակ ով ալյուր ուներ, փոխում էր բրնձի հետ, փողն իր արժեքը կորցրել էր, փողը ոչ մեկին հետաքրքիր չէր։

Ավելի քան 400 հազար բնակչություն ունեցող Մարիուպոլի հայ համայնքի թիվը, ըստ Ուկրաինայի հայերի միության մոտավոր տվյալների, շուրջ 10 հազար է եղել։ Թե այս պահին քանիսն են դեռ այնտեղ մնացել, հայտնի չէ։ Պարզ չէ նաև, թե Ուկրաինայում ապրող հայերից քանիսն են պատերազմի հետևանքով հեռացել երկրից։

Թեև Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ «չեն եղել բավարար թվով հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների կուտակումներ, որը թույլ կտար դիտարկել չարտերային թռիչք կազմակերպելու նպատակահարմարությունը», սակայն Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը պնդում է, որ պատերազմի սկզբնական շրջանում խնդիր եղել է, բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ինքնաթիռ հատկացնելու հարցով։ Բայց հարցն այդպես էլ լուծում չստացավ։

«Մեզ ոչ մեկ ոչ մի բան չառաջարկեց։ Մի քանի անգամ ինձ հարցրել են՝ խնդիր կա՞, ես ասել եմ՝ այո, այս խնդիրը կա։ Պատասխան չենք ստացել, տենց էլ էդ հարցը փակվեց։ Հիմա արդեն, ոնց հասկանում եմ, մարդիկ իրանց միջոցներով հասնում են Հայաստան», - ասաց Մկրտչյանը։

Նախքան պատերազմը Ուկրաինայում մոտավոր տվյալներով ավելի քան 350 հազար հայ էր ապրում։ Արտգործնախարարությունը Ուկրաինան լքող ու հարևան երկրներ մեկնող հայերին սահմանային անցակետերի մոտ փաստաթղթային հարցերով է օգնում։

XS
SM
MD
LG