Հայաստանում անվտանգության դրդապատճառներով արտագաղթողների թիվը աճել է՝ 12 տոկոսից հասնելով 20 տոկոսի, սակայն արտագաղթի հիմնական պատճառների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 70 տոկոսը՝ շարունակում է մնալ տնտեսական, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ վկայակոչելով նախնական հետազոտության արդյունքները։
«Այո սահմանահատումների մնացորդների բացասական դինամիկա միանշանակ արձանագրվել է, բայց պետք է հաշվի առնենք նաև, որ մենք դա համեմատում ենք 2020 թվականի հետ, որը քովիդի տարի էր, որի պարագայում սահմանները աշխարհով մեկ փակ էին և մարդիկ ընդհանրապես ոչ մի տեղ չէին մեկնում, ուզենային էլ չէին կարող, և սահմանահատումների տարբերությունը դրական է շուրջ 12 հազար, այսինքն՝ մարդիկ կազմակերպված կերպով վերադարձվում էին հայրենիք։ Այս պարագայում այդ տարբերությունը շատ կտրուկ է երևում», - ասաց Ղազարյանը։
Միգրացիոն ծառայության պետը նկատեց՝ 2022-ի առաջին եռամսյակի տարբերությունը նախորդ տարվա համեմատ շատ մեծ է։ «Մարդիկ այս տարի չեն մեկնում մեծ հաշվով։ Այո, բացասական է եռամսյակի մուտքերի և ելքերի տարբերությունը, բայց չնչին բացասական, եթե համեմատենք անցած տարվա հետ՝ մենք անցած տարի առաջին եռամսյակում ունեինք շուրջ 50 հազար թիվն, այս տարի ունենք շուրջ 8 հազարի կարգի։
2021-ին, տարեկան կտրվածքով, Հայաստանից մեկնել է շուրջ 73 հազար հայաստանցի, որը վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է եղել։ Հարցին, թե թիվը խոսուն չէ՞, Ղազարյանը պարզաբանեց․ - «2020-ին կար քովիդ, որը միգրացիոն շարժերի վրա շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել։ Ես կարող եմ նույնիսկ այսպիսի դատողություն անել, որ իր ազդեցությունը շատ ավելի մեծ էր, քան պատերազմական գործողությունների ազդեցությունը, և հետազոտությունները ևս դա ցույց են տալիս։ Քովիդի պայմաններում մեր աշխատանքային սեզոնային միգրացիան, որը տարեկան կազմում է շուրջ 70 հազար, ոչ մի տեղ չէր մեկնել, սա, այսպես ասած, մեր զսպված սեզոնային աշխատանքային միգրացիան էր, որը կտրուկ կերպով դրսևորվեց 2021 թվականին»։
Ղազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․