Մատչելիության հղումներ

Մոսկվայի հիվանդանոցում մահացել է անվանի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին


Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և լիդեր Վլադիմիր Ժիրինովսկին, արխիվ:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և լիդեր Վլադիմիր Ժիրինովսկին, արխիվ:

Մոսկովյան հիվանդանոցում 76 տարեկանում մահացել է անվանի ռուսաստանցի քաղաքական գործիչ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:

Անցած շաբաթների ընթացքում կորոնավիրուսով վարակված Ժիրինովսկուն փոխադրել են հիվանդանոց:

Հայտնելով նրա մահվան լուրը՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել քաղաքական գործչի հիշատակին:

Ժիրինովսկին Ռուսաստանի Պետական դումայի բոլոր 8 գումարումների պատգամավոր էր, նա 6 անգամ առաջադրվել է նախագահության թեկնածու:

Ժիրինովսկին հայտնի էր կոշտ ազգայնական հայտարարություններով: Վերջին երկու տասնակյամում նա անվերապահորեն սատարել է Կրեմլին:

Նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ժիրինովսկու մահվան կապակցությամբ և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդին անվանել է «փորձառու ու վառ քաղաքական գործիչ, հռետոր, եռանդուն, միշտ շփման պատրաստ մարդ, ով մեծ ներդրում ունի ռուսաստանյան պառլամենտարիզմի կայացման և հայրենի օրենսդրության զարգացման գործում»:

XS
SM
MD
LG