Մատչելիության հղումներ

Հարավային Օսիան ցանկանում է միանալ Ռուսաստանին, իսկ հետո միավորվել Հյուսիսային Օսիայի հետ


Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովը, արխիվ
Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովը, արխիվ

Ռուսաստանին միանալու համար ինքնահռչակ Հարավային Օսիան արդեն ներկայացնում է առաջիկա անելիքներն ու քայլերը։ Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովն ասել է, որ առաջին հերթին դիմելու են Գերագույն դատարան, որպեսզի դատարանի որոշման հիմա վրա կազմակերպեն հետագա հանրաքվեն։

Ըստ էության ձևական այս դիմումի և կանխատեսելի որոշման մասին նա ասել է, թե «որոշակի իրավական քայլեր» գոյություն ունեն, որոնք անհրաժեշտ է կատարել։ Գերագույն դատարանի պատասխանից հետո կսկսվեն հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները և հանրաքվեի օր կնշանակվի։

Անատոլի Բիբիլովը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ երկու հանրաքվե տեղի ունենա։ Մեկը՝ Հարավային Օսիան Ռուսաստանին միանալու հարցով, մյուսը՝ Հարավային Օսիայի և Հյուսիսային Օսիայի միավորման հարցով։ «Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնել և իսկույն Օսիաների միավորում հնարավոր չէ, օրենսդրությունը թույլ չի տալիս։ Երբ Հարավային Օսիան արդեն կլինի Ռուսաստանի կազմում, այդ ժամանակ արդեն պետք է ընթանա Օսիաների միավորման գործընթացը և պետք է լինի երկու հանրաքվե»,- առաջիկա պլանները շարադրել է Բիբիլովը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր մեկնաբանելով Ցխինվալիի նախաձեռնությունը, խորհուրդ է տվել սպասել մինչև առաջիկա ընտրությունների արդյունքները։ «Եկեք սպասենք առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներին, որը Հարավային Օսիայում անցկացնելու է ապրիլի 10-ին։ Հետո կխոսենք մնացած ամեն ինչի մասին՝ և՛ հանրաքվեի, և՛ միջազգային հանրության արձագանքի՝ ներառյալ ԱՄՆ-ն։ Ժամանակից շուտ հավանաբար չարժե»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Օրերս ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսն ասել էր, թե ԱՄՆ-ն չի ճանաչի Ռուսաստանի և Ցխինվալիի որևէ որոշում կապված Հարավային Օսիայի կարգավիճակի հետ։

Ինքնահռչակ Հարավային Օսիայում հինգ օրից՝ ապրիլի 10-ին, նախագահական ընտրություններ են նշանակված։ Ավելի վաղ ասվել էր, որ Ռուսաստանին միանալու գործընթացը կմեկնարկի այդ ընտրություններից հետո։

Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, թե Բիբիլովի բոլոր հայտարարությունները պետք է անտեսել: «Բոլոր հայտարարությունները կապված են Բիբիլովի վարած, այսպես կոչված, նախընտրական քարոզարշավի հետ։ Բռունցքների բոլոր թափահարումները նրա համար են, որ Ցխինվալիում լսեն նրան ու մարդիկ շարժառիթ ունենան պաշտպանելու Բիբիլովի թեկնածությունը։ Որքան մեծ ուշադրություն դարձնեք այդ հայտարարություններին՝ այնքան լավ դրանց հեղինակի համար, այնպես որ պետք է անտեսել», -վրացի լրագրողներին խորհուրդ է տվել Կոբախիձեն։

Բայց Ռուսաստանին միանալու գործին լծվել են նաև Հարավային Օսիայի պատգամավորները։ Խորհրդարանի խոսնակը նախօրեին հայտարարել է նախաձեռնող խումբ ձևավորվելու մասին, որը զբաղվելու է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեն կազմակերպելու հարցերով, մասնավորապես, դիմում է ներկայացվելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ցխինվալիում բոլորը չէ, որ ոգևորված են նման հեռանկարով։ Հարավային Օսիայի նախկին ղեկավար Էդուարդ Կոկոյտան Տելեգրամի իր էջում գրել է․ «Միայն քաղաքականության մեջ թույլ մարդիկ կարող են խոսել Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին։ Օսիան կատարել է իր ընտրությունը, իսկ Ռուսաստանը ճանաչել է նրա պետականությունը։ Պետք է հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը, այլ ոչ թե պոպուլիստական խաղեր խաղալ»։

Ռուսաստանի կարծիքի մասին ավելի վաղ արտահայտվել էր Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Կրեմլը որևէ գործողություն, այդ թվում՝ իրավական բնույթի չի ձեռնարկում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու Անատոլի Բիբիլովի հայտարարությունների հետ կապված, չնայած վերջինս պնդել էր, թե այդ հարցով Մոսկվայի հետ խորհրդակցություններ են ընթանում։ Պեսկովը հերքելով Մոսկվայի մասնակցությունը, միաժամանակ ասել էր, թե հարգանքով են վերաբերում Հարավային Օսիայի ժողովրդի կարծիքի արտահայտմանը։

Ռուսաստանի Պետդումայի, ինչպես նաև Դաշնային խորհրդի առանձին անդամներ պաշտպանել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու գաղափարը։

Վրաստանի հանրավոր արձագանքի հետ կապված, Անատոլի Բիբիլովն ասել է, թե սադրանքների դեպքում համարժեք պատասխան կտան, բայց նշել է, որ այսօրվա դրությամբ Թբիլիսիից որևէ սպառնալիք չեն տեսնում։

Նա նշել է, որ Ռուսաստանին միանալը Վրաստանի հետ տնտեսական որևէ կապի վրա ազդեցություն չի ունենա, որովհետև այդպիսիք պարզապես չկան։ «Այսօրվա դրությամբ Ռուսաստանից Վրաստան տրանզիտ Հարավային Օսիայի տարածքով ընդհանրապես չկա։ Վրաստանի հետ սահմանները փակ են, տնտեսական ոչ մի կապ չկա, քաղաքական ոչ մի կապ չկա, բացառությամբ Ժնևյան քննարկումների շրջանակում անցկացվող բանակցային գործընթացի, այնպես որ կարելի է ասել՝ ոչ մի խանգարող բան չկա», - պնդել է Բիբիլովը։

Վրաստանի նախկին արտգործնախարար Դավիդ Զալկալիանին, ով հիմա դեսպան է նշանակվել Միացյալ Նահանգներում, օրեր առաջ, երբ դեռ զբաղեցնում էր Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնը, ասել էր, թե օկուպացիայի պայմաններում հանրաքվեն չի կարող իրավական ուժ ունենալ։ «Փորձ է արվում կրկնել 2008 թվականի ահավոր հետևանքները, մենք դա թույլ չենք տա», - ասել էր նա։

2008-ին ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Թբիլիսին գտնում է, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքները։ Միջազգային հանրությունը Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս է համարում՝ պաշտպանելով Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

XS
SM
MD
LG