Մատչելիության հղումներ

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական ազգային կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ - Հայաստանը» 30 տարեկան է


ՅՈՒՆԻՄԱ - Հայաստանի հիմնադիր նախագահ Արմեն Սաֆարյան
ՅՈՒՆԻՄԱ - Հայաստանի հիմնադիր նախագահ Արմեն Սաֆարյան

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԻՄԱ - Հայաստանը հիմնադրվել է 30 տարի առաջ ճիշտ այս օրը՝ մարտի 30-ին։

«Միության նախաձեռնությունը Երվանդ Մանարյանինն էր», - «Ազատության» հետ զրույցում վերհիշում է միության հիմնադիր նախագահ Արմեն Սաֆարյանը։ - «Ծանր տարի էր։ Հրավիրեց ինձ և Ռուբեն Բաբայանին, բառիս բուն իմաստով մեկ մոմի լույսի տակ, տանը, և Երվանդ Մանարյանը զգաց, որ պետք է մի նոր շունչ հաղորդել տիկնիկային արվեստին, Հայաստանի տիկնիկային գործիչներին։ Եվ մենք երեքով նստած, որոշեցինք, որ պետք է միություն ստեղծենք, նշանաբանն էր «Մենք ուրախ ենք, երբ ուրախացնում ենք մարդկանց», և իհարկե նպատակը՝ տիկնիկային արվեստի զարգացումը, հատկապես մեր մատաղ սերնդին համամարդկային, վեհ գաղափարներով դաստիարակելն է։ Իսկ դաստիարակում էինք նույն 92 թվականին միությանը կից ստեղծված «Կարապետ» տիկնիկային թատրոնով։ Թատրոնը շրջիկ թատրոն է, և կարող ենք նաև հպարտությամբ ասել, ամենաշատ Հայաստանի և Արցախի հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերը սպասարկող թատրոնն է մեր «Կարապետ» թատրոնը»։

Այս 30 տարիների ընթացքում, ինչպես ասում են, շատ ջրեր են հոսել, շատ բան է փոխվել, բայց չի փոխվել միության հիմնադիրների նպատակասլացությունը և հավատը իրենց արվեստի անհրաժեշտության նկատմամբ, և դրա լավագույն օրինակը հետևյալն է․ - «Մենք այս երեսուն տարիների ընթացքում նաև թատրոններ ենք ստեղծում՝ պատանեկան, նաև երիտասարդական էլ ունենք թատրոն, որը միության շնորհիվ է ստեղծվել և գործում։ Քառասունչորս տիկնիկային թատերախումբ միությունը ստեղծել է մարզերում և Երևանում, նաև տարբեր հաստատություններում՝ դպրոցներում, ակումբներում, օժանդակ դպրոցներում, մանկատներում»։

Հիմնադրման օրից միությունը հնարավոր և անհնար բոլոր միջոցներն օգտագործել է մանուկներին ու պատանիներին իրենց ներկայացումներով ուրախություն պարգևելու՝ ներկայացնելով թե' դասական հեղինակների ստեղծագործություններ, թե- կրթական-ուսուցողական բեմադրություններ։ Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում են հանդես եկել «Կարապետ» թատրոնով և երբևէ, որևէ անգամ գեթ մեկ տոմս չեն վաճառել. - «Մենք մի հատ քարտեզ ունենք Հայաստանի և Արցախի, և գունավոր կոճգամներով մենք նշում ենք որ բնակավայրերում ենք եղել, 252 համայնքներում ենք եղել, որոնցից շատերում 3-4 անգամ, հատկապես սահմանամերձ։ «Կարապետ» տիկնիկային թատրոնը իհարկե նաև հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Եվ ոչ միայն «Կարապետ» թատրոնը։ Միության մեջ առաջատար թատրոնը իհարկե Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն է՝ Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ, մեր մայր թատրոնն է՝ իր մասնագետներով, իր մեծ փորձով, իր մեծ թանգարանով։ Միությունն էլ ունի իր թանգարանը, մեծ հավաքածու թե' վիդեո, թե' ֆոտոնյութերի, թե' տիկնիկների, սակայն ունենք խնդիր տարածքի։ Հուսով եմ, երեսունամյակի կապակցությամբ ինչ-որ նվեր կանի մեր պետությունը տիկնիկային գործիչներին, որպեսզի այդ ամենը, այդ գանձը, այդ մեծ հավաքածուն մատչելի լինի բոլորին»։

Միությունը նաև մեծ գործունեություն է ծավալել որպես Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության անդամ։ 1995 և 2015 թվականներին կազմակերպել են Խաղաղության համաշխարհային երթ ՝ մասնակցությամբ 102 անդամ երկրների ներկայացուցիչների, իսկ 2006 թվականին Դսեղում հիմնադրել են «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային տասնօրյա փառատոնը, որին այս տարիների ընթացքում մասնակցել են ավելի քան 80 երկրների թատերախմբեր։

Միության նախագահ Արմեն Սաֆարյանը համոզված է, որ ամենակարևորը իրենց ստեղծագործական աշխատանքի արդյունքում տիկնիկային արվեստի նկատմամբ հազարավոր երեխաների մեջ սեր արթնացնելն է. - «Ամենավերջին մեր հաջողությունը և ուրախությունը. բարբարոսների կողմից ոչնչացված Շուշիի տիկնիկային թատրոնը, որը հիմնովին ավերվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում, մեր միության մասնագետների շնորհիվ և աջակցությամբ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակության և իմ շատ մոտ ընկերներից մեկի՝ Ալիկ Հակոբյանի, վերականգնեցինք ամբողջ խաղացանկը, նոր տիկնիկներով, նոր շարժական բեմով։ Եվ մեր ջանասիրությամբ, նվիրումով արվեստին և ժողովրդին՝ նրանք այսօր արդեն 54 ներկայացում են խաղացել Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում։ Շատ ակտիվ են, ես շատ ուրախ եմ, և Աշխեն Հարությունյանը, որը Երվանդ Մանարյանի ստեղծած թատրոնում աշակերտուհի էր և այսօր ղեկավարում է այդ թատրոնը, և իր գործընկերները ուղղակի մեծ լիցք են տալիս նաև մեզ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG