Մատչելիության հղումներ

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումը դեսպանատան մշակութային օրակարգի կարևորագույն կետերից է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույո
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույո

Այս տարի միջոցառումները կմեկնարկեն մարտի 20-ին և կշարունակվեն մինչև ապրիլի 19-ը։

Ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունը՝ Ֆրանկոֆոնիան գործում է 40 տարուց ավելի, և ամեն տարի մարտի 20-ին նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Այդ առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ուշագրավ մշակութային ծրագրեր է իրականացնում յուրաքանչյուր տարի «Ֆրակոֆոնիայի օրերը Հայաստանում» խորագրի ներքո։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի ասոցացված անդամ է 2008 թվականից։

Այսօր Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ընդգծեց, որ «Ֆրակոֆոնիայի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումը դեսպանատան մշակութային օրակարգի կարևորագույն կետերից մեկն է և խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն երկրների մշակույթների տարածումը։ Շեշտեց նաև, որ այս տարվա ծրագրում ընդգրկված են ավելի քան 15 մշակութային իրադարձություն արվեստի տարբեր ոլորտներում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

«Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում միշտ յուրահատուկ պահ է։ Կարծում եմ, բոլորս հիշում ենք 2018 թվականի 17-րդ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը։ 2018 թվականի սեպտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը եկել էր Հայաստան, ես էլ ներկա էի այդ օրերին՝ ի ցույց դնելու Ֆրանկոֆոնիայի օրերի դերն ու նշանակությունը Հայաստանում», - նշեց դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ներկայացրեց այն բոլոր մշակութային միջոցառումները, որոնք կմեկնարկեն մարտի 20-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 19-ը։

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում նախատեսված է ֆրանսերեն լեզվի մրցույթ, որը բաց է բոլորի համար, Ֆրակոֆոն կինոյի 5-րդ փառատոնը, որը մայրաքաղաքից բացի, կանցկացվի Գյումրի և Գորիս քաղաքներում։ Կինոփառատոնի մուտքը ազատ է։ Ապրիլի 1-11-ը նախատեսված է ֆրանսահայ կոմպոզիտոր և երաժիշտ Տիգրան Կազազյանի քառյակի համերգային շրջագայությունը։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կբացվի նաև հայ և ֆրանսիացի լուսանկարիչների ցուցահանդես։

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանն այսօր ասուլիսին ընդգծեց, որ իրենց բուհը ևս մեծ սիրով մասնակցում է Ֆրակոֆոնիայի օրերին։ Կոնսերվատորիան իր լավագույն ուսանողների հետ կազմակերպում է ֆրանսիական դասական և ժամանակակից երաժշտության համերգ։

«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի» շրջանակներում համերգներ են նախապատրաստել նաև Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Իսկ վաղը՝ մարտի 18-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգով, որի մենակատարն է ֆրանսիացի անվանի թավջութակահար Մարկ Քոփեյը։

XS
SM
MD
LG