Այս տարի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում անցկացվելիք միջոցառումները կտևեն մեկ ամիս։
Այսօր հրավիրած ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը նշեց․ - «Ֆրանկոֆոնիայի օրերը նշվում են ամբողջ աշխարհում, և ոչ միայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներում։ Բայց Հայաստանում քանի որ մեր նախաձեռնած միջոցառումները տարբեր բնույթի են՝ լուսանկարչությունից մինչև ֆիլմեր, մենք այն անվանում ենք ոչ թե Ֆրանկոֆոնիայի օրեր, այլ մի ամբողջ սեզոն։ Բայց սա համաշխարհային տոն է»։
Եվ այսպես, առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ մարտի 20-ից մինչև ապրիլի 20-ը, մեր արվեստասերները կարող են մասնակցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվելիք բազմաբնույթ միջոցառումների: Նախ մարտի 20-ից 15-25 տարեկան ֆրանսախոս հայ երիտասարդները հրավիրվում են մրցույթի ՝ պատրաստելու 3 րոպեանոց տեսանյութեր «Ասա 10 բառ, որտեղ օդի պակաս չկա» թեմայով: Հաղթողները կշահեն ուղևորություն դեպի Ֆրանսիա:
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում էլ «Ապրողները. Խաչվող հայացքներ. ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրի ներքո կբացվի ֆրանսիացի և հայ 5 երիտասարդ լուսանկարիչների ցուցահանդեսը, որի ընթացքում կկազմակերպվեն նաև համատեղ մասնագիտական սեմինարներ և հայ ու ֆրանսիացի լուսանկարիչների հանդիպումներ:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Կամերային երաժշտության տանը կկազմակերպվեն ֆրանսիական երաժշտության համերգներ՝ «Ֆրանսիայի համար՝ սիրով» և «Ֆրանկոֆոնիայի համար մեղեդիներ» խորագրերի ներքո:
Այս ամենը նախատեսված է մինչև մարտի վերջին օրը։ Իսկ ապրիլի առաջին իսկ օրերից կմեկնարկի Ֆրանկոֆոն կինոյի 4-րդ փառատոնը, որի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ֆրանկոֆոն երկրների արտադրության 10 ֆիլմ՝ կատակերգություն, դրամա, վավերագրական, անիմացիոն և այլն: Ֆիլմերը հայերեն կամ ռուսերեն ենթագրերով են, և ինչպես բոլոր միջոցառումներին, ֆիլմերի ցուցադրությունների համար ևս մուտքն ազատ է:
Ուշագրավ է, որ փառատոնի առիթով Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու անվանի ռեժիսոր Վենսան Սորելը՝ ներկայացնելու Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական գործընթացը պատկերող «Կինոգործիչը տիեզերագնաց է» խորագրով վավերագրական ֆիլմը, իսկ ֆիլմի նախադիտումից հետո տեղի կունենան քննարկումներ երկու ռեժիսորների մասնակցությամբ:
Կինոփառատոնի շրջանակներում Գյումրիի «Կազա» կենտրոնում կցուցադրվի Միշել Օսելլոյի «Դիլիլին Փարիզում» անիմացիոն ֆիլմը։
Գորիսում, Գավառում, Գյումրիիում, նաև մայրաքաղաքում ապրիլի 9-21-ը տեղի կունենան ֆրանսիական «Սատե-Օտր» թատերախմբի հյուրախաղերը, որոնց ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվի «Սասնա Ծռեր» հայկական էպոսի հիման վրա բեմականացված երաժշտական ուշագրավ ներկայացումը, որում ներգրավված են տարբեր ծագում ունեցող դերասաններ, հեքիաթասացներ, երաժիշտներ: Նրանք հանդիսատեսի համար Կովկասից Աֆրիկա երաժշտական ճամփորդություն են կազմակերպելու՝ ներկայացնելով երեք երգ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր» և «Սասունցի Դավիթ»: Ֆրանսերեն լեզվով այս ներկայացումը կզուգորդվի հայերեն ենթագրերով: