Մատչելիության հղումներ

Փարիզի քաղաքապետը չի բացառում Ռուսաստանին 2024-ի Օլիմպիադային չհրավիրելը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո, արխիվ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո, արխիվ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումը Ուկրաինա հակասում է օլիմպիական ոգուն, և ժամանակը կգա որոշելու՝ արդյոք նրա երկիրը կարո՞ղ է մասնակցել 2024 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերին։

«Օլիմպիական խաղերը նույնպես այս մոլորակի աշխարհաքաղաքական մաս են կազմում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Ռուսաստանին չի դասում խաղաղ երկրների խմբում։ Վլադիմիր Պուտինն անարդարացի պատերազմ է վարում։ Նա խախտում է, չի ճանաչում միջազգային օրենքները։ Մենք պետք է դա հաշվի առնենք», - ասել է Փարիզի քաղաքապետը Reuters-ի հարցազրույցում։

Փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր մարմինն առաջարկել էր, որ մարզական ֆեդերացիաներն արգելեն Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների ու պաշտոնյաների մասնակցությունը միջազգային մրցաշարերին։ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն կտրականապես անհամաձայնություն էր հայտնել։ Ներկա պահին Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն սառեցված չէ, և Ռուսաստանը կարող է մասնակցել 2024-ի Օլիմպիադային, բայց ամեն դեպքում որոշումը կախված է ՄՕԿ-ից։

Պատմության մեջ կան նման դեպքեր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան, Ավստրիան, Բուլղարիան, Թուրքիան և Հունգարիան չեն հրավիրվել մասնակցելու 1920 թվականին Անտվերպենում կայացած Օլիմպիական խաղերին։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1948-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերին չեն մասնակցել Գերմանիան և Ճապոնիան։

Անն Իդալգոն 2024-ին դեռ կլինի Փարիզի քաղաքապետ, եթե, իհարկե, Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրություններում անակնկալ հաղթանակի չհասնի։ Նա նախագահական ընտրություններում առաջադրված 12 թեկնածուներից մեկն է։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG