Մատչելիության հղումներ

Ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերը ցույց են տալիս, որ բանակում ոչինչ չի փոխվել. իրավապաշտպան


Հավասարակշռված, լուրջ տղա էր։ Այսօր մահացած զինծառայող էդուարդ Ռուստամյանին նկարագրում է Նոր կյանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը։ 19-ամյա Էդուարդին հրազենային մահացու վիրավորումով այսօր առավոտյան հայտնաբերել են Մեղրիի զորամասի տարածքում։

«Բարի, տեսակով մեղմ, հանդարտ, ճանճի վնաս չտվող աշակերտ էր», - ասաց տնօրենը։

Շարքային Ռուստամյանը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից էր, մեկ տարի էլ չկա, որ բանակ էր զորակոչվել։ Ըստ քննչական կոմիտեի՝ Էդուարդ Ռուստամյանը հրաձգային գումարտակի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից է կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում ստացել: Քրեական գործ է հարուցվել Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Ռուստամյանների ընտանիքում սա երկրորդ ողբերգությունն է։ էդուարդի եղբայրն էլ 15 տարեկանում խեղդվել է լճում։ Կարինե Հարությունյանը, որ լավ ճանաչում է Էդուարդին ու նրա ընտանիքին, ասում է Նոր Կյանքում մահվան լուրից ցնցված են. - «Յուրահատուկ մարդ էր, ոչ մի խնդիր երբևիցե ո'չ շրջապատում ա ունեցել, ո'չ դասընկերների մոտ։ Ինքը օրինակելի աշակերտ էր»։

Սա ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան միակ լուրը չէր այսօր։ Պաշտպանության նախարարությունը առավոտյան հաղորդեց եւս մեկ զինծառայողի՝ ժամկետային Ալբերտ Սիրոյանի մահվան մասին։ 20-ամյա զինծառայողի մարմինը հրազենային վիրավորումով երեկ երեկոյան հայտնաբերվել է Կապանի մոտ գտնվող մարտական դիրքերից մեկում։ Շարքային Սիրոյանը հրազենային վիրավորում է ստացել ծնոտի հատվածում։ քրեական գործ է հարուցվել դարձյալ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Թե ովքեր են զինծառայողներին հասցրել ինքնասպանության և ինչի հետևանքով է դեպքը տեղի ունեցել, Քննչական կոմիտեն դեռ մանրամասներ չի հայտնում։ Երկու դեպքով էլ կասկածյալներ այս պահին չկան։ Ալբերտ Սիրոյանը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր, նրա ծառայությանն ամիսներ էին մնացել։

Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան՝ սպանության ու ինքնասպանության դեպքերը ազդակներ են, որ բանակում բարեփոխումները բավարար չեն, կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որ զբաղվում է բանակի միջադեպերով։ Դեպքերի ամբողջ պատասխանատվությունը, ըստ Սաքունցի, առաջին հերթին կրում է Գլխավոր շտաբը։

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

«Պատերազմից հետո մոտեցումները պետք է լինեին շատ ավելի արմատական, շատ ավելի ջանք պիտի գործադրվեր։ Եվ մենք, ցավոք սրտի, արձանագրում ենք, պատերազմից հետո հաջորդ տարվա ընթացքում այդ խնդիրները չլուծվեցին։ Մենք շատ ենք կարևորում բարեփոխումները, արմատական վերափոխումը, բայց մինչև հիմա մեզ հայտնի չի նաև Զինված ուժերի վերականգնման կամ բարեփոխման հայեցակարգը։ Առաջին հերթին, իհարկե, պատասխանատվությունը կրում է Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Որովհետև Զինված ուժերի գլխավոր շտաբն է անմիջական պատասխանատուն զինվորականության ծառայության կազմակերպման համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

Մի քանի ժամվա տարբերությամբ տարբեր զորամասերում զինվորների մահվան լուրերը վկայում են այն մասին, որ բանակում ոչինչ չի փոխվել, պնդում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որը նույնպես զբաղվում է զինված ուժերի խնդիրներով. - «Նախկինների և ներկա իշխանությունների օրոք բան չի փոխվել։ Ինչպես կար բանակը, էդ մթնոլորտը, մահվան դեպքերը, դրանք ոչ թե նվազել են, այլ դրանք ավելացել են էս իշխանությունների օրոք։ Եվ էն բարեփոխումների մասին որ խոսում են, ոչինչ չի արվում։ Էս մահվան դեպքերը հենց դա են ցույց տալիս, որ ոչինչ չի արվում»։

Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անձամբ պետք է գնա զորամաս ու հասկանա, պարզի՝ ինչի հետևանքով են զինվորները մահացու հրազենային վիրավորում ստանում ոչ մարտական պայմաններում. - «Պաշտպանության նորանշանակ նախարարը, եթե ինքը մարդկային կյանքերը, զինվորների կյանքերը խնայելու պատրաստակամություն ունի, նա, եթե գիտի էդ վիճակը, որ ամեն ինչ կոծկվում է, չի բացահայտվում էդ դեպքերը, պետք է անմիջապես գնար զորամաս և տեղում պարզեր և հրահանգներ տար՝ ինչ է պատահել, ինչպես է պատահել և ինչու է պատահել։ Եվ հետևեր։ Այդ պատրաստակամությունը մենք չենք տեսնում»։

Իրավապաշտպան Սաքունցի գլխավորած կազմակերպության տվյալներով, այս տարի արդեն 7 զինծառայող է մահացել, չորսը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մեկը՝ էլեկտրահարման, գումարած այսօրվա երկու դեպքը։ Ոչ հակառակորդի կրակոցից 2019-ին՝ 50, 2020-ին՝ 100, 21-ին՝ 76 զինծառայող է մահացել։

XS
SM
MD
LG