Մատչելիության հղումներ

Տպավորություն կա, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը դրական հունով առաջ է ընթանում. Գոչունյան


Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյան
Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյան

Արարատ Միրզոյանի այցից հետո Թուրքիայում մամուլի և հասարակության շրջանում կա տպավորություն, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը դրական հունով առաջ է ընթանում, ընդհանուր առմամբ Միրզոյանի այցը Թուրքիա մեծ հետաքրքրությում է առաջացրել այդ երկրում, կարծիք է հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

«Բոլոր խնդիրները պարզ է, որ հարթված չեն, բայց պարոն Միրզոյանը իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո երբ ամբողջ ԶԼՄ-ների ներկայության ասաց, որ հույս ունի կարճ ժամանակում դրական արդյունքներ կլինեն։ Եվ պարոն Չավուշօղլուն էլ ընդգծեց, որ կառուցողական հանդիպում էր իր հայ գործընկերոջ հետ։ Նախարարների արտահայտության տոնից հայտնի էր, որ գոնե նախատեսված հունի մեջ է գնում այս պահին աշխատանքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գոչունյանը։

Մոտ երեք տասնամյակ փակ սահմաններով ու առանց դիվանագիտական հարաբերությունների, հարևանությամբ ապրող Հայաստանն ու Թուրքիան անցյալ տարեվերջին հայտարարեցին հատուկ բանագնացներ նշանակելու ու հաշտեցման գործընթաց սկսելու ցանկության մասին։ Բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը երկու անգամ արդեն հանդիպել են, իսկ շաբաթ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցավ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Նախկինում Հայաստանի հետ հարբերությունների կարգավորման անհաջող փորձեր ունեցած Թուրքիայի համար այժմ լավ հնարավորություն է գնալու կարգավորման, կարծում է Գոչունյանը. - «Բնականաբար, Թուրքիան պիտի չցանկանա, որ լրացուցիչ «ստրեսի կետեր» լինեն իր անմիջական միջավայրում։ Հետևաբար Հայաստանի հետ որոշ չափով լիցքաթափումը, համագործակցություն սկսելը և այլն այս իմաստով կարող է մեծ կարևորություն ներկայացնել»։

Անցած շաբաթ օրը Միրզորյան-Չավուշօղլու հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարն ընդգծեց, որ նախորդ շաբաթավերջին Բաքվում է եղել, Ադրբեջանը ևս դրական է վերաբերվում ու աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին:

Այնուամենայնիվ վերջին շրջանում լարված է հայ-ադբեջանական շփման գծում, իսկ Արցախի գազատար մայր խողովակն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում արդեն գրեթե 1 շաբաթ է չի նորոգվում։

«Եթե Ադրբեջանը չթունավորի այս բնականոն գործընթացը, առանձնապես հոռետես լինելու պատճառներ չկան», - ասում է Գոչունյանը;

Ինչպես Թուրքիայում, այդպես էլ Հայաստանում Միրզոյանի Անթալիա մեկնելը հանրության ու փորձագետների ուշադրության կենտրոոնում էր։

Թուքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայի հետ բանակցելու հնարավորությունից բացի, ֆորումը մի հարթակ էր, որտեղ Հայաստանը կարող էր ներկայացնել իր տեսակետները ու լսելի դարձնել իր ձայնը։

Ռուբեն Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյան

Իսկ այցի գլխավոր հանդիպումը՝ Միրզոյան Չավուշօղլու բանակցությունը, ըստ թուրքագետի, ավելի ֆորմալ բնույթ ուներ. - «Հանդիպումը ուներ ոչ թե բովանդակային նշանակություն, այլ զուտ ձևական էր։ Կարևոր էր, որ երկու երկրների արտգործնախարարները այս տարիների ընթացքում առաջին անգամ իրար հետ հանդիպեն։ Եվ երրորդ հանգամանքը. կարևոր էր, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ, երբ արդեն սկսվել է և ընթանում է Թուրքիայի հետ բանակցային գործընթացը։ Այսինքն՝ այս հանդիպումը բանակցային գործընթացին դրական ազդակ է հաղորդում»։

Սաֆրաստյանի կարծիքով, ակնհայտ է, որ հիմա Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ոչ միայն երկողմ հարաբերությունների հարց է, այլ նաև տարածաշրջանում իր նպատակներին հասնելու միջոց. - «Եվ այդ առումով նրա համար կարևոր է Հայաստանի հետ փորձել հարաբերությունները կարգավորել, իհարկե՝ իրենց ուզած ձևով, որ իրենք ավելի մեծ հնարավորություններ ստանան մեր տարածաշրջանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու համար»։

Հայ և թուրք բանագնացների հաջորդ հանդիպման մասին, թե երբ և որտեղ է այն կայանալու, տեղեկություն առայժմ չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG