Մարտի 13-ին լրանում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանը, որը կնշանավորվի ոչ միայն պոետի ծննդյան օրը, այլև ողջ տարվա ընթացքում կայանալիք տարբեր իրադարձություններով։
Իսկ Չարենցի ծննդյան օրը հոբելյանական հանդիսությունները կմեկնարկեն նրա տուն-թանգարանից հոբելյանական քայլերթով դեպի մեծ բանաստեղծի հուշահամալիր՝ «Ես եմ հիմա - մի պոետ» խորագրի ներքո։
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով, ի թիվս Չարենցի պոեզիայի բազմաթիվ երկրպագուների, այդ օրը երթին կմասնակցեն նաև խորհրդանշական թվով 125 պատանի չարենցասերներ տարբեր դպրոցներից։
Ժամը 3-ին Նկարիչների միությունում կբացվի մեծ ցուցադրություն, որը կազմակերպել են տուն-թանգարանը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։
«Այնուհետև ժամը 17-ին տուն-թանգարանում տեղի կունենա «Ճանապարհ գրքով. Չարենց 125» ցուցահանդեսի բացումը։ Նաև տեղի կունենա «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդեսը, որը բավական երկար տարիների աշխատանք է։ Այնուհետև տեղի կունենա «Ամբոխները խելագարված» ստեղծագործության բեմադրությունը։ Պիտի նշեմ, որ արդեն կա պայմանավորվածություն այն բավական հաճախ ներկայացնելու թանգարանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թանգարանի ռազմավարական խնդիրներից է այս միջավայրը հասանելի դարձնել հասարակության տարբեր խմբերի համար՝ նախադպրոցական տարիքից սկսած մինչև մեծահասակներ, մինչև գիտնականներ և այլն։ Հետևաբար պիտի նաև թանգարանը ունենա տարբեր ծրագրեր նրանց ներկայացնելու և իրենց հետաքրքրությունը առաջացնելու համար։ Եվ կարծում եմ, այս բեմադրությունը շատ լավ առիթ է հատկապես երիտասարդներին թանգարան բերելու և պահելու, դարձնելու որպես թանգարանի բարեկամներ», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Նա հավելեց, որ մինչև տարեվերջ թանգարանը լույս կընծայի Չարենցի լիակատար ժողովածուի առաջին հատորը։ Այս տարի առանձին գրքով թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը կհրատարակի նաև Չարենցի էպիգրամները։
Չարենցի տուն-թանգարանում նրա ծննդյան հոբելյանական միջոցառումներին նվիրված ասուլիսին այսօր ներկա էին նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Կարեն Դուրգարյանը փոխանցեց, որ օպերային թատրոնը շատ շուտով նոր բեմադրություն կներկայացնի. - «Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» կամ «Սոմա» վերնագրով։ Հիմքում Եղիշե Չարենցն է։ Կարծում եմ, շատ հետաքրքիր մի ներկայացում կստացվի, և մենք գոնե տասը տարի այս ներկայացումը կունենանք մեր ռեպերտուարում։ Եվ կարծում եմ, նոր խոսք կլինի մեր երիտասարդների համար»։
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց. - «Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է, և մենք նվիրում ենք դա Չարենցի հոբելյանին։ Մեր պոեզիայի այգում ենք նախատեսել, կարծում եմ, եղանակը էդ օրը լավ կլինի։ Էդտեղ կլինեն նաև դեսպանատներից, հրավիրել ենք։ Եվ կլինի ասմունք, և մեր գրողները ելույթ կունենան Չարենցին նվիրած իրենց գործերով։ Նաև պատրաստում ենք գիրք՝ Չարենցին նվիրումներ մեր ժամանակակից գրողների. և' պոեզիա, և' խոհագրություն, պատմվածքներ։ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տունը Չարենցի անվան է, էնտեղ արձան կա, հետաքրքիր, լավ արձան։ Այս ամսին մենք Ծաղկաձորում անելու ենք «Չարենցի օր»»։
«Չարենցը երևի ամենաարդիական պոետն է, որը այսօր շատ հարցեր ունի մեզ բարձրացնելու՝ սկսած իր հայրենասիրական տարերքից և պաթոսից, վերջացրած ազգային գոյաբանության փակուղիները, էկզիստենցիալ փակուղիները։ Այլ կերպ ասած՝ սկսած «Ես իմ անուշ»-ից և ավարտած «Պատմության քառուղիներով», որը չափազանց ակտուալ է, չափազանց ցավոտ է հատկապես այսօր։ Հիմնական միջոցառումները կանենք նաև ապրիլի 4-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, Ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Կլինի համերգային և բեմադրական մի հանդիսություն, որը հերթական անգամ թույլ կտա, որ մենք ներթափանցենք Չարենցի կենսագրություն, ներթափանցենք այն բարդ ժամանակաշրջան, որում ապրել է Չարենցը։ Այդ իմաստով իհարկե Չարենցը խտացումն է այդ շրջանի ողբերգական շերտերի, այդ շրջանի արհավիրքների, փլուզումների, տարերքների, բեկումների»։
Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցն էլ ամփոփում է, որ չարենցյան այս տարին մեկ անգամ ևս կներկայացնի բանաստեղծի տիեզերական մեծությունը. - «Նա, առաջին հերթին, իմ ընտանիքն է, իմ արյունը։ Ես իհարկե շատ հպարտ եմ իրենով։ Չարենցը կիսեց իր ժողովրդի ճակատագիրը։ Նա, ինչպես ինքն է ասում, «ոսկե երակն էր հնամյա ցեղիս» և ամբողջ կյանքը ապրեց իր ժողովրդի ճակատագրից անբաժան։ Նրա կյանքը եղավ մի անվերջ նվիրում, անանձնական նվիրում իր ժողովրդին և հայրենիքին»։