Սահմանադրական դատարանը հունիսի 21-ին կքննի՝ արդյո՞ք դատավորների՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում Արդարադատության նախարարությանը տրված լիազորությունը սահմանադրական է, թե՝ ոչ։
Ընդդիմադիր պատգամավորներն են բարձր դատարան դիմել՝ պնդելով՝ նախարարության կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հարուցելը հակասահամանադրական է։
Իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանը դիմումում մի շաք փաստարկներ է բերել։ «Մենք հիմնավորել ենք, որ Սահմանադրության իմաստով դատավորների անկախությանը գործադիր իշխանության կողմից միջամտություն է իրականացվում այն կարգավորումների պայմաններում, որոնք այսօր կան։ Պատկերացրեք, ի վերջո, Քննչական կոմիտեն, ինքը ևս գործադիր իշխանության տիրույթում է գործում, Քննչական կոմիտեի նախագահը նշանակվում է կառավարության կողմից, հիմա պատկերացրեք՝ քննիչն ունենում է իր համար ոչ ցանկալի դատական ակտ, դիմում է արդարադատության նախարարին, ասում է՝ «վարութ հարուցի», նա էլ հարուցում է, բա ո՞ւր մնաց պետական իշխանության ճյուղերի անկախությունը, զսպում և հակակշռումը», - ասաց Վարդևանյանը։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար երեք կառույց կարող է ուսումնասիրություն սկսել ու դիմել Բարձրագույն դատական խորհուրդ։ Դրանք են Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Այս կառույցներն իրենց դիմումներն ուղարկում են դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատարան խորհուրդ, որն էլ դատական նիստերի ընթացքում, լսելով կողմերին, որոշումներ է կայացնում՝ դատավորին ենթարկում է կարգապահական պատասխանտվության, կամ էլ մերժում դիմումը։
Պատգամավորների հաշվարկներով՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի ղեկավարում է Գագիկ Ջհանգիրյանը, 5 անգամ աճել են կարգապահական վարույթները։ Ճիշտ է, Արդարադատության նախարարության կողմից դատավորների անկախությունը երաշխավորող կառույց ուղարկված դիմումների մի մասը մերժվել է, բայց դա չի նվազեցնում իրենց մտահոգությունը։ Նախ, ըստ Վարդևանյանի, այդ մերժումները արհեստական վիճակագրություն ստեղծելու համար է արվել, երկրորդ՝ այս իշխանությունը շրջանցում է իշխանամետ դատավորներին։
«ԵՍ կարծում եմ դա շատ հստակ, պարզ բանաձև ունի․ այն դատավորները, որոնց վերաբերյալ Արդարադատության նախարարությունն ունենում է իրենց համար ոչ ցանկալի վարքագիծ, բացառապես քաղաքական տիրույթում գտնվող հարցերի վերաբերյալ, ապա այդ անձինք դառնում են կարգապահական վարույթի թիրախ։ Ես դա նույնիսկ կարող եմ շատ պարզ ձևով էլ հիմնավորել․ դեպք է եղել, երբ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել գիտե՞ք ինչ գործով, որտեղ դիմել էին իրենք դատարան իրավական օգնույթան հետ կապված քրեական տիրույթում, դատարանը մերժել էր իրենց խնդրագիրը, այդ դատավորի դեմ կարգապահական վարույթ էին հարուցել, ոչ թե վերաքննիչ բողոք էին տարել, ոչ թե վճռաբեկ բողոք, այլ անմիջապես կարգապահական վարույթ էին հարուցել», - ասաց Վարդևանյանը։
Ընդդիմադիրները վկայակոչում են նաև Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի առաջարկները՝ վերանայել Արդարադատության նախարարության դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում, երաշխիքներ գործադրել, որ նախարարության այդ լիազորությունը չվերածվի հաշվեհարդարի գործիքի։ Մինչդեռ, հենց այդպես էլ արվում է, պնդում է Վարդևանյանը։
Արդարադատության նախարարությունը այս դիմումի վերաբերյալ դիրքորոշում դեռևս չի հայտնում։ Կխոսեն դատարանում։ Նախարար Կարեն Անդրեասյանն, իր հերթին, «Ազատության» եթերում պնդել էր՝ շարունակելու են կիրառել օրենքը դատական համակարգը մաքրելու համար։ Այս հարցով Սահմանադրական դատարանում դիմում կա նաև արդեն նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից։