Մատչելիության հղումներ

«Խոպանչիների գյուղ» Երանոսի տղամարդիկ նույնիսկ ռուբլու անկման շրջանում էլ Ռուսաստան են պատրաստվում գնալ` աշխատելու


Ցրտաշունչ Երանոս գյուղի դատարկ փողոցներով զբոսնող 83-ամյա Վարդգես Բավեյանը սրտնեղում է՝ 2 տարի առաջ Ռուսաստանի Կեմերովո քաղաք արտագնա աշխատանքի մեկնած որդին իր ընտանիքով հիմա անգամ Հայաստան վերադառնալ չի կարողանում՝ գումար չկա:

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուբլու գրեթե կրկնակի արժեզրկումն այս ընտանիքներին է առաջին հերթին հարվածում։ Ինչպե՞ս են ապրելու մարդիկ, տարակուսում է Վարդգես Բավեյանը. «Եթե գոնե 7,8 լիներ, ժողովուրդն էլի յոլա կգնար, հիմա շատ դժվար է բայց»:

Գեղարքունիքի մարզի այս բնակավայրը երբեմն «խոպանչիների գյուղ» են անվանում։ Մոտ 5000 բնակիչ ունեցող Երանոսում դժվար է գտնել մի ընտանիք, որտեղ տղամարդիկ Ռուսաստան արտագնա աշխատանքի չեն մեկնում։ Գյուղի բազմաթիվ տներ այժմ դատարկ են, դռները` կողպված։ Մարդիկ ասում են՝ այստեղ աշխատանք չունեն, շատերն անգամ հիմա՝ պատերազմի ու դրա հետևանքով ռուբլու անկման շրջանում էլի խոպան կգնան:

Ճար չունենք, ասում են. «Պարտադիր գնալու ենք, ուրիշ հույս չունենք, աշխատանքի հույս չունենք»:

47-ամյա Ջիվան Գելոյանը Ռուսաստան գնում- գալիս է դեռ պատանի տարիքից, Կեմերովոյից աշնանն է վերադարձել։ Հիմա տեղում մի տան շինարարության վրա է աշխատում, բայց ավարտելուն պես կրկին պատրաստվում է Ռուսաստան մեկնել. «Ստիպված պիտի գնանք, բայց հույս ունենք, որ դրամը, ռուբլին կկարգավորվեն: Մեր հիմնական աշխատանքն էնդեղից է, աշխատում, բերում ենք, կուրսերը ցածրանում են»:

Արտագնա աշխատողի ուղին է ընտրել նաև Գեղամ Քարամյանի երիտասարդ՝ 22-ամյա որդին, տղան այժմ Հայաստանում է, բայց ոչ երկար ժամանակով. «Տարբերակ չունի, ստիպված պիտի գնա, ասենք` գյուղացին կարտոշկա պիտի ցանի, կարտոշկան էլ ոչ մի բան է: Էդ ա մեր վիճակը»:

Գեղարքունքի մարզի այս գյուղի կանանց զրույցների հիմնական թեման էլ են պատերազմն ու սոցիալական դժվարությունները, բայց ի տարբերություն տղամարդկանց՝ տեսախցիկի առջև խոսելուց խուսափում են։ 56-ամյա տիկին Էմման «Ազատության» հետ զրուցեց չերևալու պայմանով: Կինը պարբերաբեր խոպան է ճանապարհում երկու որդիներին, վարկեր ունեն, արժեզրկված ռուսական արժույթի պայմաններում չգիտեն՝ ինչպես են փակելու. «Բա առանց էթալ չի լինի, էստեղ աշխատավարձ չկա, ոչ մի բան չկա: Մի տարի էստեղ մնացին տղերքը, գարնանն աշխատեցին, մինչև աշուն, ոչ մի բան չեղավ: Մենք էլ յոլա չենք կարողացել գնալ դրանով»:

Ըստ Հայաստանի միգրացիոն ծառայության՝ անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել շուրջ 400 հազար քաղաքացի, նախորդ տարիներին այս թիվը տատանվել է 200-ից 250 հազարի սահմաններում։ Խոպան մեկնած հարյուր հազարավոր հայաստանցիները պարբերաբեր գումար են ուղարկում այստեղ բնակվող իրենց հարազատներին։ Այդ փողն այս ընտանիքների ապրուստի հիմնական միջոցն է։ Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ավելի քան 40 տոկոսը հենց Ռուսաստանից է գալիս: Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021 թվականին շուրջ 2 միլիարդ 109 միլիոն դոլար փոխանցումներից 865 միլիոնը Ռուսաստանից են ուղարկվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG