Մատչելիության հղումներ

Թեև բանտերում մահվան դեպքերը նվազել են, սա չի նշանակում` դրական փոփոխություն կա. դիտորդական խումբ


Բանտախցի ճաղավանդակից սավանով կախված 41-ամյա տղամարդն ինքնասպա՞ն է եղել, թե՞ սպանել են:

Մինչև իրավապահները կքննեն անցյալ շաբաթ «Նուբարաշենի» բանտում տեղի ունեցած այս դեպքը, քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական խումբը պնդում է` թեև նախորդ տարիների համեմատ թվերը նվազել են, այդուհանդերձ սա չի նշանակում, որ դրական փոփոխություն կա։ Խմբի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանի պնդմամբ՝ բանտերում արդեն ավելի քիչ մարդիկ են պահվում, և ողբերգական դեպքերի նվազումն էլ պետք է նաև այս տեսանկյունից դիտարկել։

«Վերջին 5 տարվա ընթացքում ամենաբարձր թիվը եղել է 2019 թվականին` 21 մահվան դեպք, դրանից հետո 13 մահվան դեպքն է, և արդեն 2021 թվականին, և հիմա արդեն պարզ կլինի 2022 թվականին, թե ինչպիսի դինամիկա ունենք», - նկատում է նա:

Վերջին դեպքի վերաբերյալ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հանգուցյալ դատապարտյալը երկու տարի առաջ ինքնասպանության փորձ է կատարել, նախքան այդ էլ ինքնավնասումների է դիմել, տղամարդը դատապարտյալների հիվանդանոցի հոգեբույժի մշտական հսկողության տակ է գտնվել։

«Մեր դիտարկումներում հստակորեն վերհանել ենք, որ հատկապես ինքնասպանությունները կատարվում են այն անձանց կողմից, որոնք տարիներ շարունակ ինքնավնասման փորձեր են կատարել, կատարել են ինքնասպանության փորձ, և նրանք արդեն իսկ ընդգրկված են այդ բարձր ռիսկային խմբերում: Կարևոր է, որպեսզի առողջապահական համակարգն ավելի խորությամբ դիտարկի, թե ինչպես վարվել հոգեկան առողջության խնդիր ունեցող դատապարտյալների կամ կալանավորների հետ», - նշում է Հովհաննիսյանը:

Մեծածավալ աշխատանք է կատարվում, որ սպանության ու ինքնասպանության դեպքերը նվազեն. ԱՆ ներկայացուցիչ

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող Ծովինար Թադևոսյանը չի շտապում մահվան դեպքերի հստակ պատճառներ նշել: Ասում է՝ այդ ինֆորմացիան նախաքննության ընթացքում է պարզվում, ՔԿՀ-ներն այդ տվյալներին կարող են ծանոթանալ այնքանով, որքանով օրենքն է թույլ տալիս։ Բայց կոնկրետ իր ղեկավարած բաժինն, ըստ «Ազատության» զրուցակցի, մեծածավալ աշխատանք է կատարում, որ սպանության ու ինքնասպանության դեպքերը նվազեն:

«Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում այնպիսի բաժիններ կան, որոնք մշտապես հոգեբանական և սոցիալական աշխատանքներ են իրականացնում, հատկապես թիրախավորվում են այն անձինք, ովքեր որոշակի ռիսկայնություն են ներկայացնում», - հայտնեց նա:

Նախորդ տարի ՔԿՀ-ներում 13 մարդ է մահացել

Այդպիսի մի դեպքով էլ տարիներ առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանն է զբաղվել։ Բանակից զորացրվելուց հետո ծեծկռտուքի համար ձերբակալված երիտասարդն, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել։

Հղում անելով դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը` հարազատները պնդել են՝ իրենց որդին հոգեբանական կայուն վիճակում է եղել, նրան սպանել են:

Անի Չատինյանն ասում է՝ հայաստանյան դատական ատյանները սպառել ու բողոքը եվրոպական դատարան են ուղարկել, դատարանից արդեն պատասխան են ստացել, որ այն ընդունվել է. «ՔԿՀ մտնելուց մոտ 20 ժամվա ընթացքում դեպքը տեղի է ունեցել, չհավատալու պատճառներից մեկն էլ ընտանիքի անդամների, որ ինքն այդպիսին չէր բնույթը, իսկ ամեն ինչ իր տեղը գցեց փորձաքննության եզրակացությունը, որ կայուն հոգեբանական վիճակում է եղել, և հակվածություն ինքնասպանություն գործելու չի եղել»:

Պաշտոնական տվյալներով՝ միայն նախորդ տարի ՔԿՀ-ներում 13 մարդ է մահացել, 3 մարդ ինքնասպանություն է գործել, 366-ը ինքնավնասման են դիմել։ Ինքնավնասման ամենաշատը դիմել են Երևանի ամենամեծ՝ «Նուբարաշենի» բանտում՝ 139 դեպք։

Առաջիկա 1-2 տարիների ընթացքում երևանյան 4 բանտերը կտեղափոխվեն նորակառույց մեծ շենք. նախարար

«Ազատության» տաղավարում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հենց այս՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքային պայմաններին բացասական որակում տվեց. «Երևանում 4 բանտ կա` ՔԿՀ, մեկը «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, մյուսը` «Դատապարտյալների հիվանդանոցը», որը խայտառակ վիճակում է, անմխիթար վիճակում է, չգիտեմ էլ` 30 տարվա մեջ ինչ-որ մեկն այն վերանորոգել է, թե ոչ, մյուսը հայտնի «Նուբարաշենն» է, որը նույնպես, իմ կարծիքով, ամոթալի վիճակում է, մեր պետությանը հարիր չէ, և «Վարդաշեն» ՔԿՀ-ն»:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ առաջիկա 1-2 տարիների ընթացքում երևանյան 4 բանտերը կտեղափոխվեն նորակառույց մեծ շենք, կուժեղացվի անվտանգության համակարգը, տեսանկարահանման նոր սարքեր կտեղադրվեն, որպեսզի իրավիճակն առավել վերահսկելի դարձվի:

Տեխնիկական ու անձնակազմի համալրումն իր հերթին, բայց, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, քրեակատարողականից դուրս՝ նախաքննական մարմիններում, մահվան յուրաքանչյուր դեպքով խորքային քննություն չի տարվում։ Պնդում է՝ հակառակ դեպքում քրեակատարողական հիմնարկների համակարգային խնդիրները ջրի երես դուրս կգան:

«Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ եթե քրեական գործը հարուցվում է, և արդեն իսկ քննությունն ընթացքի մեջ է, կարծես թե ծառայողական քննությունն անտեսվում է, և դա ևս շատ կարևոր է համակարգային խնդիրները բարձրաձայնելու, լուծելու և համակարգի հենց ներսում պատկերը հստակորեն իմանալու, որովհետև մենք գիտենք, որ դատական պրակտիկաները տարիներով ձգձգվում են և ի վերջո արդեն ազդեցություն չեն ունենում համակարգային խնդիրների լուծման, ախտորոշման և վերհանման ուղղությամբ», - շեշտում է Հովհաննիսյանը:

Բանտում կախված 41-ամյա դատապարտյալի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ հարցաքննվել են վկաներն ու ընտանիքի անդամները, ձերբակալվածներ չկան, նախաքննությունն էլ դեռ չի ավարտվել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG