Մատչելիության հղումներ

Ազատազրկված 2100 անձանցից 900-ը արդեն պատվաստված են. Կարեն Անդրեասյան


Ազատազրկված 2100 անձանցից 900-ը արդեն պատվաստված են, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով «Ազատության» անդրադարձին, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները ուզում են պատվաստվել, բայց խնդիր էր առաջացել, Կարեն Անդրեասյանն ասաց. «Ձեր ռեպորտաժը, որը մեզ շատ օգնեց, բացառիկ օրինականերից, ինչու եմ ասում բացառիկ, որովհետև երկրում քիչ են քննադատող ռեպորտաժները, որոնք օգնում են պետական մարմնին, որ մենք մեր սխալները ուղղենք: Դա հենց այն կոնկրետ օրինակներից էր, որ տեղին քննադատություն կա. տեղի էին ունեցել ոչ կազմակերպված միջոցով աշխատանքներ: Մեր դատապարտյալները խնդրել էին, որ իրենց պատվաստեն, որ կարողանան իրենց ընտանիքներին հանդիպել, իսկ որոշ աշխատողներ թերացել էին»:

Անդրեասյանն ընդգծեց, որ քննություն են սկսել՝ հասկանալու, թե ով էր թերացել:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում թմրանյութերի շրջանառությունը, խաղամոլության դեմ պայքարին, արդարադատության նախարարը նշեց, որ կան դրական արդյունքներ:

«Եթե հետևեք, մենք պարբերաբար ունենում ենք թմրանյութերի հայտնաբերման մեր օպերատիվ ծառայությունը և դա գրեթե շաբաթական մի քանի անգամ դեպքեր ենք բացահայտում ու փոխանցում իրավապահներին: Այսինքն մեր ներսի օպերատիվ ծառայությունը սկսել է շատ ավելի բարձր որակի աշխատել: Մյուս կարևոր բանը, որ խաղամոլությունը էականորեն նվազում է, իսկ հիմա Արմավիր քրեակատարողական հիմնարկում շուտով կներդրվի տեսախցիկների ամբողջ համակարգ, և այս համակարգային ձևով նաև մենք կարող ենք վերացնել ապօրինությունը», - ընդգծեց նախարարը:

Օգտատերերի հարցին, թե ի՞նչ է սպասվում Հրազդան քրեակատարողական հիմնարկի գործազուրկներին, Անդրեասյանը պատասխանեց. «Բացի, որ քրեակատարողական ծառայություն պետք է տեղափոխվեն, մենք նաև պրոբացիայի ծառայությունում նոր հաստիքներ ենք ունենալու՝ ևս 50, այսինքն այն մարդիկ, ովքեր չեն հասցրել տեղափոխվել այլ բաժիններ, այլ ծառայություններ, նրանք կարող են դիմել նաև այդ մրցույթի համար»:

Նախարարը նաև նշեց, որ թափուր հաստիքներ լինում են գրեթե միշտ. «Հիմա էլ գրեթե ամենօրյա ռեժիմով նախարարությունը մրցույթներ է հայտարարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG