Մատչելիության հղումներ

Մատենադարանի արժեքավոր ձեռագրերի թվային ցուցադրությունը «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ում


Մատենադարանում պահվող բացառիկ նմուշներն առաջին անգամ թվային ցուցադրությամբ ներկայացվեցին Լոռու մարզի Դեբետ գյուղում գործող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում։ Կենտրոնի բոլոր պատերին մեկ ժամ շարունակ ցուցադրվեցին Մատենադարանում պահվող եզակի ձեռագրեր հայերեն, հունարեն, սլավոներեն, արաբերեն, պարսկերեն, չինարեն, լատիներեն և այլ լեզուներով։

Դրանց մի մասը եզակի օրինակներ են Մատենադարանում։

Միջոցառման նպատակն է տարբեր քաղաքակրթություններ ներկայացնել կենտրոնում, իր խոսքում ասաց ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

«Իրականության մեջ ես կբնութագրեմ Մատենադարանը որպես մեր հավաքական ինքնության հիշողության մատյանը: Հիշողության մատյան երբ որ նայում ենք որպես Մատենադարանը, հասկանում ենք, որ պարտադիր հաստատություններից պետք է լինի յուրաքանչյուր հայի համար, որ այցելի առնվազն գոնե մեկ անգամ իր կյանքում», - ասաց Խաչատուրյանը:

Մատենադարանից, որտեղ պահվում են շուրջ 23 հազար ձեռագրեր և 300 հազար արխիվային փաստաթղթեր, թվային ցուցադրության համար ընտրել էին թե՛ հայ մանրանկարիչների լավագույն գործերից և թե՛ հայերեն ու օտարալեզու ձեռագրերի հավաքածուներից, որոնք ցույց են տալիս տարբեր մշակույթների առնչությունները, «Ազատությանն» ասաց Մատենադարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Վարդի Քեշիշյանը։

«Նույնիսկ միջազգային շատ հարթակներում նման ձևաչափով ցուցադրություններ դեռևս չեն եղել, այստեղ առանձնակի ուշադրություն է դարձված Մատենադարանի ձեռագրական մշակույթին՝ իբրև արժեքների կենտրոն լինելու հանգամանքը», - նշեց նա:

Վարդի Քեշիշյանն ասում է՝ ձեռագրերը Մատենադարանում միշտ համալրում են։ Սփյուռքի համայնքներից, Հայաստանի շատ ընտանիքներից շարունակ դիմում են, առաջարկում իրենց մոտ պահվող հին փաստաթղթեր ու հնագույն գտածոներ։ Դրանք կա՛մ նվիրատվությամբ են հասնում հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոց, կա՛մ մասնակի վճարի դիմաց։

«Վերջին ամենակարևոր ձեռքբերումը, որ ունեցանք, մեր սփյուռքի համայնքներից մեկից մեծ քանակի ձեռագրերի նվիրաբերությունն է, և շատ ուրախ ենք, որ այդ ավանդությունը, սովորությունը մեր ժողովրդի մեջ շարունակվում է», - ընդգծեց Քեշիշյանը:

Մատենադարանի նմուշների թվային տեխնոլոգիաների միջոցով ցուցադրությանը 100-ից ավելի հյուրեր կային։ Ներկա էին նաև դեսպաններ, պաշտոնյաներ։ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ցուցադրությունը տեղի է ունենում Արցախի Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հայ մշակութային արժեքների նկատմամբ, իր բնորոշմամբ, բարբարոսական գործողություններին զուգահեռ։

«Խոսում ենք սրա մասին այն ժամանակ, երբ ունենք բարբարոսական արտահայտումը դեպի մեր մշակույթ, և լինելով միջազգային հանրության անդամ, կարծում եմ, որ պիտի շարունակենք արտահայտել այս ամենը, արտահայտել մեր անհամաձայնությունն ու դժգոհությունը և պայքարել մեր մշակութային արժեքների համար ու թույլ չտալ բարբարոսությունը», - նշեց Մնացականյանը:

Մատենադարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Վարդի Քեշիշյանը վստահեցնում է, որ Մատենադարանում նմուշների պահպանման համար բոլոր պայմանները կան, և ամբողջ տարին այցելությունների մեծ հոսք են ունեցել մինչև քովիդի համավարակը։ Բայց վերջին տարիներին արդեն սահմանափակումներ են գործել նաև իրենց համար. զբոսաշրջային մեծ խմբեր մոտ երկու տարի չեն ունենում։ Ուստի առաջիկայում ևս արժեքավոր նմուշները կներկայացնեն թվային տարբերակով։

Սա առաջին քայլն էր, որ արվել էր «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի նախաձեռնությամբ, նշեց Մատենադարանի միջազգային կապերի պատասխանատուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG