Մատչելիության հղումներ

Պատերազմը Ուկրաինայում շարունակվում է, արդեն հաղորդվում է հարյուրավոր զոհերի մասին


Ուկրաինա - Հրշեջները մարում են հրդեհը Կիևի բնակելի շենքում, 25-ը փետրվարի, 2022թ․
Ուկրաինա - Հրշեջները մարում են հրդեհը Կիևի բնակելի շենքում, 25-ը փետրվարի, 2022թ․

Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն այսօր լուսադեմին հայտարարել է Կիևի մոտ 6 պայթյունի մասին։ Նրա խոսքով՝ «գրոհներն իրականացվում են թևավոր կամ բալիստիկ հրթիռներով»։ Ավելի ուշ փոխնախարարը հայտնել է, որ ուկրաինական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է հակառակորդի թռչող սարքը, որն ընկել է մայրաքաղաքի փողոցներից մեկում։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրները հայտնում են նաև, որ Կիևում բնակելի շենք է այրվում, որի վրա հրթիռի բեկորներ են ընկել։ Նախնական տվյալներով՝ երեք մարդ է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Ավելի վաղ Սումիի շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ռուս զինվորականները տվյալ շրջանից շարժվում են դեպի Կիև։

Գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձով է հանդես եկել, որում ամփոփել է ռուսական ներխուժման առաջին օրվա արդյունքները։

Զելենսկու խոսքով՝ երկրի զինված ուժերը հետ են մղել հակառակորդին։

Նա ասել է, որ նախնական տվյալներով՝ երեկ 137 Ուկրաինայի քաղաքացի է զոհվել՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Բոլոր սահմանապահները, ովքեր պաշտպանել են Սև ծովում գտնվող Զմեինի կղզին, մահացել են․ - «Մեր հերոսներից 137-ը՝ մեր քաղաքացիները, զոհվել են, 10-ը՝ սպա, 316-ը վիրավորվել են։ Զմեինի կղզում բոլոր սահմանապահները հերոսաբար զոհվել են, բայց չեն նահանջել։ Բոլորին հետմահու Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհվելու»։

Զելենսկին նաև ասել է, որ մնում է Կիևում, թեև «թիվ մեկ թիրախն է»: Կիևում գործում են ռուսական դիվերսիոն խմբեր, ուստի պարետային ժամը պետք է պահպանվի, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հայտնել է, որ բանակցել է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ՝ Ուկրաինայի դաշինք մտնելու շուրջ, սակայն «բոլորը վախենում են»։

Ինչպես ասել է Ուկրաինայի նախագահը, ինքը չի վախենում Ռուսաստանի հետ բանակցություններից, այդ թվում՝ երկրի չեզոք կարգավիճակի շուրջ, սակայն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ է պահանջում։ Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է բանակցությունների, սակայն այժմ երկրի ճակատագիրը կախված է բանակից։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր մոբիլիզացիայի մասին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG