Մատչելիության հղումներ

«Բարբարոսական հարձակում, ցինիկ փաստարկներ». աշխարհը խոստանում է «պատասխանատվության կանչել Ռուսաստանին»


«Միայն Ռուսաստանն է պատասխանատու ավերածությունների համար»

Արևմուտքը խստորեն դատապարտում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը և Մոսկվային սպառնում լրացուցիչ կոշտ պատժամիջոցներով։ Ռուսաստանի դեմ հետագա քայլերը քննարկելու նպատակով արևմտյան երկրները տարբեր ձևաչափերով արտահերթ նիստեր են հրավիրում՝ Մեծ յոթնյակի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության անդամ երկրների մասնակցությամբ։

«Միայն Ռուսաստանն է պատասխանատու ավերածությունների համար», - այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։

«Նախագահ Պուտինը ընտրել է կանխամտածված պատերազմի ճանապարհը, որը կհանգեցնի մարդկային ահռելի կորուստների և տառապանքի»,- ասվում է Սպիտակ տան ղեկավարի հայտարարության մեջ։ Դրանում Ջո Բայդենը խոստանում է դաշնակիցների հետ միասին Մոսկվային միասնական և վճռական պատասխան տալ. «Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»։

Միացյալ Նահանգների առաջնորդը տեղեկացրել է, որ առաջիկա ժամերին Մեծ յոթնյակի երկրների հետ հանդիպում կանցկացնի, որից հետո հանդես կգա հատուկ ուղերձով՝ ներկայացնելու Ռուսաստանի դեմ հետագա քայլերը։

«Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է միջազգային օրենքը»

Վաշինգտոնի դաշնակից Եվրամիությունը ևս, «խստագույն ձևով դատապարտելով Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի «աննախադեպ և չհրահրված ռազմական ագրեսիան», խոստանում է անպատասխան չթողնել Պուտինի վարչակազմի պատերազմելու որոշումը։

«Իր չհրահրված և չարդարացված ռազմական գործողություններով Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է միջազգային օրենքը, վտանգում եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը», - ասված է Եվրամիության ղեկավարության հայտարարությունում։

«Մենք դատապարտում ենք այս բարբարոսական հարձակումը և ցինիկ փաստարկները։ Նախագահ Պուտինն է, որ պատերազմը Եվրոպա է վերադարձնում»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը` պնդելով, որ Ռուսաստանի թիրախը միայն Դոնբասը չէ, ոչ էլ միայն Ուկրաինան, «թիրախը եվրոպական կայունությունն է, ողջ միջազգային խաղաղության աշխարհակարգը»։

«Իր քայլերի համար Պուտինը պատասխանատվության կենթարկվի»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Եվրոպական դաշինքն այսօր արտակարգ նիստ է հրավիրել՝ անդրատլանտյան գործընկերների հետ քննարկելու Ռուսաստանի նկատմամբ հետագա «զսպող միջոցառումները», որոնք, ինչպես ընդգծվում է, «զանգվածային ու ծանր հետևանքներ կթողնեն Ռուսաստանի վրա»։

«Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա անխոհեմ և չհրահրված է»

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքն արդեն հայտարարել է, որ լրացուցիչ ցամաքային և օդային զորքեր է ուղարկում արևելյան Եվրոպա, ինչպես նաև ուժեղացնում է նավատորմը։

Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա անխոհեմ և չհրահրված է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ընդգծելով, որ հերթական անգամ, չնայած պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին։

«Ռուսաստանի գործողությունները լրջագույն սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք կունենան աշխարհ-ռազմավարական հետևանքներ»,- շեշտել է Ստոլտենբերգը։

Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործումը

«Սարսափելի օր Ուկրաինայի համար, մութ օր Եվրոպայի համար», - այսպես է որակել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այն օրը, երբ Մոսկվան սկսեց ռազմական ագրեսիան Կիևի դեմ։ Հայտարարությունը Գերմանիայի կառավարության ղեկավարն արել է հինգշաբթի օրը Բեռլինում։ Արձագանքելով Ուկրաինայի վրա ռուսական ներխուժմանը՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության առանցքային պետության ղեկավարը հայտարարել է, որ աշխարհը չի մոռանա Ռուսաստանի «խայտառակությունը»։

Շոլցն անցած օրերին ի պատասխան Մոսկվայի կողմից Ուկրաինայի արևելքում գտնվող ռուսամետ կազմավորումները ճանաչելու որոշման` սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործումը։ Գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան և մի շարք այլ երկրներ։

«Պուտինի զզվելի, բարբարոսական արկածախնդրությունը պետք է ձախողվի»

Ռուսաստանի հասցեին անսպասելի կոշտ և դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Կրեմլի վաղեմի դաշնակից Միլոշ Զեմանը: Չեխիայի ռուսամետ նախագահը կոչ է արել չափազանց կոշտ պատժամիջոցներ կիրառել Կրեմլի դեմ, մասնավորապես Ռուսաստանին անջատել SWIFT միջազգային ֆինանսական հաղորդակցության համակարգից։

«Խելագարներին պետք է մեկուսացնել», - ասել է Զեմանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությանը։ Չեխիայի նախագահն այսօր խոստովանել է` սխալ էր։

Չեխայի կառավարությունն իր հերթին փակել է երկրում գործող ռուսաստանյան երկու հյուպատոսություն և դադարեցրել ռուսաստանցիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Պրահան մտադիր է փակել նաև Ռուսաստանում չեխական հյուպատոսությունը:

Պուտինի եվրոպացի ընկերները՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի աջակողմյան ուժերի առաջնորդները` Մարին Լե Պենը, Մատեո Սալվինին, որոնք մշտապես Եվրոպայից աջակցել են Կրեմլի ղեկավարին, այսօր խստորեն դատապարտել են Ուկրաինայի վրա ամիսներ շարունակ պլանավորվող Ռուսաստանի հարձակումը։

Տասնյակ զոհերի հանգեցրած Ռուսաստանի լայնածավալ հարձակումը ուկրաինական խոշոր քաղաքների վրա դատապարտել են արևելյան Եվրոպայի պետությունները ևս՝ բացի Հունգարիայից։ Լեհաստանը նաև պատրաստակամություն է հայտնել ուկրաինացի փախստականներին առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերել, Մոլդովան ևս հայտարարել է տասնյակ հազարավոր ուկրաինացիների համար երկրի դռները բացելու մտադրության մասին: Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի ֆոնին` Լիտվան ու Մոլդովան արտակարգ դրության ռեժիմ են սահմանել։

«Պուտինի զզվելի, բարբարոսական արկածախնդրությունը պետք է ձախողվի», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Եվրոպան պետք է հրաժարվի ռուսաստանյան նավթից ու գազից, որոնք Պուտինին վերահսկելու հնարավորություն են տվել։

«Այսօր մեր դաշնակիցների հետ մենք համաձայնեցնում ենք լայնածավալ փաթեթ, որը կոչված է խաթարելու ռուսաստանյան տնտեսությունը», - հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարը։

Ուկրաինայի շուրջ ռազմական լարվածության թուլացման նպատակով անցած շաբաթներին Մոսկվա այցելած Ֆրանսիայի առաջնորդի խոսքով` ըստ էության, Պուտինը հրաժարվել է իր հայտարարություններից, դիվանագիտական ուղուց` ընտրելով պատերազմը։

«Պուտինը ոչ միայն հարձակվել է Ուկրաինայի վրա, նա նաև որոշել է ոտնահարել Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Նա որոշել է իրականացնել տասնամյակների ընթացքում ամենալուրջ հարձակումը Եվրոպայում մեր խաղաղության և կայունության վրա»,- այսօր հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG