- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մոսկվայում երեկ բերման են ենթարկել, ապա ազատ արձակել ռուսաստանյան Առաջին հեռուստաալիքի նախկին աշխատակցուհի Մարինա Օվսյաննիկովային, ով մարտին հակապատերազմական բողոքի ակցիա էր անցկացրել «Վրեմյա» հաղորդաշարի ուղիղ եթերում։
Մի քանի օր առաջ էլ Օվսյաննիկովան ակցիա էր իրականացրել Կրեմլի ֆոնին՝ պարզելով «Պուտինը մարդասպան է, նրա զինվորները՝ ֆաշիստներ» գրությամբ պաստառ և Ուկրաինայում սպանված երեխաների լուսանկարներ։
Օվսյաննիկովան ասել է, որ իրեն մեղադրում են «ռուսական բանակը վարկաբեկելու մեջ»։ Սա վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված է տուգանք։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
H&M հագուստի խանութների ցանցը հեռանում է Ռուսաստանից: Ինչպես հաղորդում է РИА "Новости" լրատվական գործակալությունը, աշխարհում իր տեսակի մեջ երկրորդը համարվող H&M-ի ղեկավարությունը որոշել է ամբողջությամբ դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում։
Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության տարբեր ճյուղերում առաջատար բազմաթիվ ընկերություններ հայտարարել են երկրից հեռանալու, այնտեղ իրենց գործունեությունը դադարեցնելու կամ սահմանափակելու մասին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 17-ին Կանադան օդանավով Գերմանիա է ուղարկել վերանորոգված գազատուրբինը, որն օգտագործվում է Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարով գազ մատակարարելու համար։ Գերմանիայից այն Ռուսաստան՝ Լենինգրադի մարզի «Պորտովայա» կոմպրեսորային կայան կհասնի հուլիսի 24-ին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուր քննադատության է ենթարկել տուրբինը վերադարձնելու որոշումը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Ուկրաինայի քաղաքացիները երբեք չեն համաձայնի դրան, և որ այն ընդունվել է՝ «իրականում խախտելով պատժամիջոցների ռեժիմը»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովն այժմ գտնվում է Ուկրաինայում՝ ղեկավարելով այստեղ կռվող երեք խմբավորումներից մեկը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ «Արևելք» խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամանատարական կետում զեկուցել է ընթացիկ իրավիճակի և [խմբավորման] պատասխանատվության գոտում հակառակորդի ջախջախմանն ուղղված մարտական առաջադրանքների կատարման մասին»։
«Այն մասին, որ «Արևելք» խմբավորման հրամանատարը Ռուստամ Մուրադովն է, նախկինում չէր հաղորդվում», - հիշեցնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Մուրադովը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությունն իրականացնում էր շուրջ 10 ամիս՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021-ի սեպտեմբերի 9-ը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Եվրամիության ղեկավարությունն առաջարկում է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթի նախագիծը։
Գործակալության փոխանցմամբ՝ այդ նախագծով Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ անդամ պետություններին համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ՝ մեծացնելով այդ երկրից բնական գազի ներկրման ծավալները։ Նույն փաստաթղթի համաձայն՝ եվրոպացի պաշտոնյաներն առաջարկում են ընդլայնել Ադրբեջանից Եվրոպա գնացող խողովակաշարերի ցանցը։
Փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրիս Սիմսոնի Բաքու կատարելիք այցի շեմին։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Վաղը Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը իր թուրք և իրանցի պաշտոնակիցների հետ քննարկելու է տարածաշրջանային հակամարտությունների թեման», - այսօր տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Մեզ շրջապատող շատ թեժ տարածաշրջանային խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ է մեր համագործակցությունը», - նշել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը Իրանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումից բացի վաղը նախատեսում է այցելել նաև Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին։
«Հուսով ենք, որ դա շատ հագեցած երկխոսություն կլինի», - նշել է Դմիտրի Պեսկովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«ԵՄ մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», - քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«ԵՄ շրջվում է էներգակիրների ավելի վստահելի մատակարարների կողմը։ Էներգակիրների անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանը մեր առանցքային գործընկերը կդառնա», - պնդել է Ֆոն դեր Լայենը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Եվրամիությունը համաձայնեցրել է Ուկրաինայի զինված ուժերին 2.5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթի տրամադրումը։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում գրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների` երեկ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Նախապես ենթադրվում էր, որ ԵՄ կողմից Կիևին տրամադրվող հինգերորդ տրանշի ընդհանուր ծավալը չի գերազանցի 500 միլիոնը։
«Ողջունում եմ ԵՄ արտգործնախարարների այս որոշումը։ Մենք շարունակում ենք նպաստել խաղաղության հաստատմանը, ինչպես նաև մեր արժեքների պաշտպանությանը», - գրել է Շառլ Միշելը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ գրասենյակը հայտնել է, որ Ջիլ Բայդենն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի առաջին տիկին Ելենա (Օլենա) Զելենսկայայի հետ։
Ավելի վաղ Զելենսկայան հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Վաղը Ուկրաինայի առաջին տիկինը ելույթ կունենա Միացյալ Նահանգների Կոնգրեսում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության արտաքին գործերի նախարարները երեկ համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը Եվրահանձնաժողովը ներկայացրել է անցյալ ուրբաթ։ Այն չի ներառում գազի ներկրման արգելք, սակայն էմբարգո է սահմանում ռուսական ոսկու մատակարարումների վրա և խստացնում երկակի նշանակության ապրանքների առևտուրը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ պատժամիջոցների ընդունված 6 փաթեթներն արդեն իսկ լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի վրա:
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպան չպետք է թուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ չնայած գների աճին ու եվրոպացիների համար անհարմարություններին։ «Եվրոպան պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի: Պատերազմը երկար է տևելու, ամրության փորձությունը շարունակվելու է: Մենք այլ ելք չունենք», - գրել է Ժոզեպ Բորելը։