- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լիտվան ենթարկվել է հուժկու հաքերային հարձակման։ Այս մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով Կիբերանվտանգության ազգային ծառայության տրամադրած տվյալները։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հաքերային հարձակման թիրախ են դարձել նաև պետական կառույցների կողմից կիրառվող և մինչ օրս անվտանգ համարվող ներքին ցանցերը։
Հաքերային հարձակումը տեղի է ունեցել Կալինինգրադի մարզի հետ հաղորդակցության սահմանափակումների պատճառով Վիլնյուսի և Մոսկվայի միջև ծագած դիվանագիտական ճգնաժամի ֆոնին։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 50-ը՝ վիրավորվել երեկ կեսօրին Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքի հրթիռակոծության հետևանքով, հայտնել է տեղի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը։ Հարձակումը, ըստ ուկրաինական իշխանությունների, իրականացվել է ռուս զինվորականների կողմից։ Հրթիռն ընկել է Amstor առևտրի կենտրոնի վրա, որը հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է։
Կրեմենչուգի քաղաքապետ Վիտալի Մալեցկին գրել է, որ հարվածը հասցվել է «շատ մարդաշատ վայրի, որը 100 տոկոսով կապ չունի ռազմական գործողությունների հետ»։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պնդում է, որ հրթիռներն օդ են բարձրացել Կալուգայի շրջանի Շայկովկա օդանավակայանից։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հրթիռային հարձակումը Կրեմենչուգի մարդաշատ առևտրի կենտրոնի վրա ցույց է տալիս Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դաժանության և բարբարոսության խորությունը:
«Պուտինը պետք է հասկանա, որ իր վարքագիծը կամրապնդի Մեծ Բրիտանիայի և Մեծ յոթնյակի ցանկացած այլ երկրի վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի», - ասել է Ջոնսոնը:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Կրեմենչուգում տեղի ունեցածը որակել է որպես ուկրաինական կողմի «հերթական սադրանք»:
«Այնպիսի տպավորություն է, թե գործ ունենք Բուչայի ոճով ուկրաինական նոր սադրանքի հետ: Պետք է սպասել մեր Պաշտպանության նախարարության հայտարարությանը, բայց արդեն չափազանց շատ ակնհայտ անհամապատասխանություններ կան», - Twitter-ում գրել է դիվանագետը, հավելելով՝ Կիևի ռեժիմը նման ձևով ուզում է Արևմուտքի ուշադրությունը սևեռել Ուկրաինայի վրա մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, եթե Կիևը հետագայում փորձի ոտնձգություն կատարել Ղրիմի դեմ,հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը "Аргументы и факты" պարբերականին տված հարցազրույցում։
«Ղրիմի նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ նշանակում է պատերազմ հայտարարել մեր երկրին: Եվ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրն անի դա, ապա դա հակամարտություն է ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Երրորդ համաշխարհային պատերազմ: Տոտալ աղետ», - ասել է Մեդվեդևը:
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության առնչությամբ Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանին առանձնապես նոր բան չի սպառնում: «Ռուսաստանի հետ այդ երկրների ավելի վաղ ունեցած հարաբերությունները կարելի է անվանել բավականին հարգալից և փոխշահավետ», - նշել է ՌԴ նախկին նախագահը՝ հավելելով, որ սկանդինավյան երկու երկրների հետ տարածքային վեճեր և դրանց համար առիթներ չկան:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական հետախուզությունը հայտնում է ռուսական կողմի հետ գերիների նոր խմբերի փոխանակման մասին: Ըստ աղբյուրի` 15 գերիներ փոխանակվել են 17-ի հետ։
«Տուն են վերադարձել ուկրաինացի 16 զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ։ Զինծառայողներից երկուսը սպա են, 14-ը զինվորներ»,- հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Հաղորդագրությունում նաև նշված է, որ ազատ արձակվածներից հինգը ծանր վիրավորներ են, որոնք անհապաղ բուժվելու կարիք ունեն։
Ռուսական կողմը գերիների փոխանակման մասին չի հաղորդել։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Բավարիայի Ալպերում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ավարտին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի վրա Արևմուտքի ճնշումները միայն ուժեղացվելու են և Պուտինի համար իրավիճակից դուրս գալու միակ միջոցը Ուկրաինայում իր պլանների ձախողումն ընդունելն է։
Շոլցն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման ճանապարհը ընտրելու իրավունք ունի, առանց հարևանի կողմից հարձակման ենթարկվելու սպառնալիքի։
Մեծ յոթնյակի առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի համար ցավալի մի շարք հետագա քայլերը, այդ թվում՝ ռուսական ոսկին գնելու արգելքը։
Գերմանիայի կանցլերի խոսքերով՝ Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա ռուսական ուժերի նախօրեին կատարած հրթիռային հարձակումը Ուկրաինայի բնակչության հանդեպ Պուտինի դաժանության ևս մեկ ապացույց է։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն այսօրվա ճեպազրույցում ասել է, որ հրթիռակոծման հետևանքով արդեն հայտնի է 20 զոհի և 59 վիրավորների մասին։ Վիրավորներից 25-ը հոսպիտալացվել են։ Տիմոշենկոյի ասելով՝ անհետ կորածների հարազատներից ևս 40 դիմումներ կան։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանն ընդլայնեց ԱՄՆ-ի դեմ սահմանած պատժամիջոցները` ցանկում ավելացնելով ևս 25 մարդու անուններ, այդ թվում` ԱՄՆ նախագահի կնոջ և դստեր՝ Ջիլլ և Էշլի Բայդենների մուտքը Ռուսաստան արգելվել է։
Ցանկում ընդգրկվել են նաև կոնգրեսականներ, սենատորներ, նախկին պաշտոնյաներ, համալսարանների դասախոսներ։
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում նշված է, որ սա պատասխան քայլ է Ռուսաստանի քաղաքական և հասարակական գործիչների դեմ ԱՄՆ-ի մշտապես ընդլայնվող պատժամիջոցներին։
Այսօրվա դրությամբ Մոսկվան 1048 ամերիկացիների հանդեպ պատժամիջոցներ է սահմանել` արգելելով նրանց մուտքը Ռուսաստան։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունի խոսքով, ռուսական զորքերը մասնակի հաջողությունների են հասել Բախմուտի ուղղությամբ։
Ըստ ուկրաինացի զինվորականի, այստեղ նրանց հաջողվել է ամրանալ Կլիոնովեյե գյուղի հարավային հատվածում և դեպի Բախմուտ տանող E-40 ավտոճանապարհի մերձակայքում՝ Ուկրաինայի խոշորագույն Ուգլեդարի ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից հայտարարված պատժամիջոցների նոր փաթեթը խաթարում է միջազգային տնտեսական կայունությունը և խախտում է խաղի կանոնները բոլոր տնտեսությունների համար, ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Նոր խոչընդոտները, որոնք ազդում են այդ թվում ոսկու շրջանառության և արդյունաբերական արտահանման վրա, խախտում են սահմանված խաղի կանոնները բոլոր տնտեսությունների համար»,- ասել է Անտոնովը։