- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայում կալանք է դրվել ռուս օլիգարխ, «Ալֆա-Բանկի» հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին պատկանող շքեղ առանձնատան վրա:
Copab անվամբ վիլլան գտնվում է Սեն-Տրոպեում և ունի 580 քառակուսի մետր տարածք: Ըստ կադաստրի փաստաթղթերի, առանձնատունը պատկանում է SNC COPAB ֆրանսիական մասնավոր ընկերությանը, որի շահառուներն են ռուս օլիգարխի դուստրեր Լարիսա և Եկատերինա Ֆրիդմանը: Գույքի ևս 1 տոկոսն էլ պատկանում է Ֆրիդմանի նախկին կնոջը՝ Օլգա Այզիմանին:
Copab վիլլայում կա 10 ննջասենյակ, տարածքում կա լողավազան, շոգեբաղնիք և առանձին հարթակ ուղղաթիռի համար:
Այս վիլլան համացանցում ունի իր կայքը և վարձով է տրվում ամսական 180-ից 440 հազար եվրո գումարով:
Միխայիլ Ֆրիդմանը դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի կապակցությամբ Եվրոպական միության պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ռուսաստանցի առաջին օլիգարխներից մեկը: Նրան պատժամիջոցի ենթարկելու հիմնավորման փաստաթղթում ասվում է, որ նա սերտ կապեր ունի նախագահի աշխատակազմի հետ և նպաստել է 2014 թվականին Ղրիմի բռնազավթմանը:
Ֆրիդմանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում «անարդար» է անվանել սանկցիայի որոշումը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ տեսակապով մասնակցել է Վարշավայում անցկացվող Ուկրաինայի դոնոր երկրների համաժողովին:
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինային տրամադրվող օգնությունը 2022 թվականին 1 միլիարդ 700 միլիոն եվրոյից կհասցնի 2 միլիարդ եվրոյի:
Ֆրանսիայի նախագահի փոխանցմամբ, գումարն ավելացվում է, քանի որ մեծացել են թե՛ բնակչությանը տրվող մարդասիրական օգնության և թե՛ ավերված ենթակառուցվածքների վերականգնման ծավալները:
Ուկրաինայի դոնոր երկրների համաժողովը հովանավորում են Լեհաստանը և Շվեդիան: Համաժողովի ընթացքում արդեն հավաքվել է 6,5 միլիարդ դոլար:
Եվրոպական հանձնաժողովը 200 միլիոն եվրո է տրամադրել: Միլիոնավոր եվրոներ են խոստացել Չեխիան, Ֆինլանդիան և մի շարք այլ երկրներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլը հայտարարել է, թե տեղյակ է, որ արևմտյան երկրները հետախուզական տվյալներ են տրամադրում Ուկրաինային:
«Մեր զինվորականները տեղյակ են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ընդհանրապես ամբողջ ՆԱՏՕ-ն հետախուզական և կարևոր այլ տեղեկատվություն են փոխանցում Ուկրաինային», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, թե չնայած այդ տեղեկատվական և նյութական օգնությանը, Ռուսաստանի բանակը միևնույն է կլուծի հանձնարարված խնդիրները:
«Զենքը, որը ՆԱՏՕ-ն փոխանցում է Ուկրաինային, այդ բոլոր գործողությունները, այսպես ասենք՝ թույլ չեն տալիս արագ ավարտել օպերացիան, բայց միևնույն ժամանակ դրանք չեն խարխլել նպատակներին հասնելու կարողությունը», - ասել է Պեսկովը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Reuters լրատվական գործակալությունը լայնածավալ հետազոտություն է անցկացրել և հայտարարել է, որ Կիևի շրջանում գտնվող Բուչա ավանում մարդկանց սպանդի հետ առնչություն ունեն գրավման պահին այնտեղ գտնվող ռուսական ուժերը:
Ըստ հետազոտության, Կիևի շրջանի այդ հատվածում տեղակայված են եղել «Ռոսգվարդիա» կառույցի «Վիտյազ» ստորաբաժանումը, Պսկովից ժամանած 76-րդ դեսանտային դիվիզիան և չեչենական զորամիավորումները:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի խնդիրը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշրայտը:
«Կանցլերը և նախագահն ընդգծել են, որ չեն ճանաչի որևէ քայլ, որը կհակասի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Նմանօրինակ քայլերն իրավակարգ չեն համարվի», - ասել է Հեբեշրայտը:
Նրա փոխանցմամբ՝ Շոլցը և Բայդենը միակարծիք են, որ հարկ է շարունակել Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված էական և մշտական օգնության տրամադրումը:
«Երկու լիդերները համոզված են, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել պատերազմը, դուրս հանել զորքն Ուկրաինայից և այդպես ապահովել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - նշել է խոսնակը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ֆինլանդիան պատրաստ է Ռուսաստանի կողմից բնական գազի մատակարարման հնարավոր դադարեցմանը։ Այս մասին Reuters լրատվական գործակալությանն ասել է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի անդամներից մեկը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սպիտակ տունը հայտարարել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ձգտումներին:
«Ակնհայտ է, որ մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքին», - ասել է Միացյալ Նահանգների նախագահի մամլո խոսնակ Ջեն Սաքին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլից և «Ազովստալ» գործարանի տարածքից մոտ 500 մարդ է դուրս բերվել, առավոտյան հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Մարիուպոլից, բայց դեռ ոչ կոնկրետ «Ազովստալ»-ից տարհանումը շարունակելու մասին լուրը հաստատել է նաև Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Նա հորդորել է ցանկացողներին այսօր մինչև կեսօր հավաքվել համապատասխան կետում։
Բացի այդ, Վերեշչուկը գրել է, որ երեկ Մարիուպոլից, ինչպես նաև Բերդյանսկից և մի քանի այլ բնակավայրերից դուրս է բերվել ավելի քան 340 մարդ՝ կանայք, երեխաներ և ծերեր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ Անվտանգության խորհրդին հայտնել է Մարիուպոլից և պաշարված «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչներին տարհանելու երրորդ մարդասիրական օպերացիայի մասին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապախորհրդայնացման մասին օրինագիծ է ստորագրել։ Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի խոսքերով` փաստաթուղթը չեղարկում է ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ պետական մարմինների և վարչակազմի 1200 ակտ:
Բացի այդ, ուկրաինական օրենսդրությունից կհեռացվեն կոմունիստական կուսակցության ծրագրերի բոլոր վկայակոչումները։
Գերագույն Ռադան ավելի վաղ ընդունել էր Ուկրաինայում ռուսամետ կուսակցություններն արգելող օրենք, որը կարող է տարածվել օրինակ` այն քաղաքական միավորումների վրա, որոնց ծրագրերը, գործողություններն ուղղված են Ուկրաինայի դեմ զինված ագրեսիան արդարացնելուն կամ հերքելուն, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը որպես «ներքին հակամարտություն» ներկայացնելու միջոցով։ Բացի այդ, արգելքը կվերաբերի նաև այն կուսակցություններին, որոնք պաշտպանում, արդարացնում են Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա կատարած կամ իրականացնող անձանց կամ կառուցներին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության անդամ մի շարք երկրների առարկություններից հետ Եվրահանձնաժողովը մի շարք փոփոխություններ է կատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթում։
Նոր առաջարկում, որը ԵՄ անդամ պետությունների դեսպանները ուրբաթ օր քննարկում են Բրյուսելում, ավելի երկար անցումային շրջան է սահմանում՝ մինչև ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգո կիրառելը։
Եվրահանձնաժողովի անդամ Պաոլո Ջենտիլոնիի խոսքով՝ նոր առաջարկի համաձայն՝ էմբարգոն ուժի մեջ կմտնի 9 ամսից, այլ ոչ թե տարեվերջին, ինչպես նախապես ծրագրված էր։ Բացի այդ, մի շարք երկրների՝ Հունգարիայի, Սլովիակիայի, ամենայն հավանականությամբ նաև Չեխիայի համար բացառություն կարվի մինչև 2024 թվականը։