- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր տեսակապով ելույթ կունենա Ուկրաինայի Գերագույն Ռադայի առջև։
Ջոնսոնը կդառնա աշխարհի առաջին ղեկավարը, ով ելույթ կունենա Գերագույն Ռադայում պատերազմի սկզբից ի վեր։ Սպասվում է, որ նա կհայտարարի Ուկրաինային բրիտանական ռազմական օգնության ևս 375 միլիոն դոլարի փաթեթի մասին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև մայիսի 1-ը Ուկրաինայում մահացել է առնվազն 3 հազար153 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 226 երեխա։
Կազմակերպությունն ընդգծում է, որ զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել։
«Քաղաքացիական զոհերի կամ վիրավորների մեծամասնությունը պայմանավորված է լայն ազդեցության պայթուցիկ սարքերի կիրառմամբ՝ ներառյալ ծանր հրետանու և հրթիռային համակարգերով հրթիռակոծումը, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածները», - ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ավելի քան 50 օր պաշարված Մարիուպոլից երկուշաբթի օրը մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց տարհանելուց հետո ռուսական ուժերը «Գրադ» կայանքներից կրկին սկսել են ռմբակոծել «Ազովստալի» տարածքը։
«Ազովստալը» շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինական զինվորականներից բացի, հսկա գործարանի տարածքում պատսպարվել էին նաև քաղաքացիական անձինք։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը մայիսի 3-ին ասել է, որ գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Օդեսայի ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որտեղից իրականացվում էր սպառազինությունների ներմուծում։
Նրա ասելով՝ ոչնչացված անգարներում կային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և զինամթերք, որ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից և Եվրոպական երկրներից։
Կոնաշենկովը նաև ասել է, թե անցած գիշերվա ընթացքում ավիահարվածներ են հասցվել ուկրաինական զինված ուժերի վեց օբյեկտների։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
«Planet Labs PBC»-ի կողմից արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռուսական ուղղաթիռների կուտակումներ Ուկրաինայի սահմաններից ոչ հեռու ընկած Ռուսաստանի օդանավակայանում։
Խարկովից հյուսիս-արևելք` մոտավորապես 175 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստարի Օսկոլի քաղաքացիական օդանավակայանում, մոտավորապես 50 ուղղաթիռներ են տեղակայված թռիչքուղու վրա ու հարակից տարածքում։ Նկատելի է նաև օժանդակ զինտեխնիկա։
Ռուսաստանը ուկրաինական պատերազմում հաճախ է ուղղաթիռներ օգտագործում, որոնք ցածր բարձրության թռիչքների դեպքում աննկատ են մնում ռադարների համար։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
«Այս անորոշության, ապագայի հանդեպ շարունակվող վախի և կասկածների պահին ես այսօր մի մեսիջ ունեմ ձեզ համար՝ Ուկրաինան կհաղթի, Ուկրաինան կլինի ազատ», - այսօր ասել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը` տեսակապով ելույթ ունենալով Ուկրաինայի խորհրդարանում։
Նա խոստացել է ևս 300 միլիոն ֆունտի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։
Ջոնսոնը գովաբանել է ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարը. «Պուտինի ռազմական մեքենայի, այսպես կոչված, անդիմադրելի ուժը կոտրվել է Ուկրաինայի հայրենասիրության և Հայրենիքի հանդեպ սիրո առաջ»։
Նա ողջունել է Ուկրաինայի խորհրդարանի անդամների քաջությունը գործունեությունը շարունակելու համար՝ չնայած նրանց ազատությունների վրա բարբարոսական հարձակմանը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աշխատել միջազգային կազմակերպությունների հետ` օգնելու վերացնել Ռուսաստանի էմբարգոն ուկրաինական պարենային ապրանքները Սև ծովով արտահանելու համար։
Մակրոնը, ով բազմիցս հայտարարել է Ուկրաինայում կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին, Պուտինին ասել է, որ խորապես մտահոգված է Դոնբասի և Մարիուպոլի իրավիճակով։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` Վլադիմիր Պուտինն ասել է, որ Եվրամիության երկրները անտեսում են ուկրաինական ուժերի ռազմական հանցագործությունները, Դոնբասի քաղաքների ու բնակավայրերի զանգվածային հրետակոծությունները, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Պուտինը ասել է, որ «Արևմուտքը կարող է նպաստել այդ չարագործությունների դադարեցմանը՝ ազդելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումը Ուկրաինա»։
Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Կիևի հետ։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Coriera della Sera իտալական օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե վերջերս տեսակապով զրուցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:
Պապի փոխանցմամբ՝ Պատրիարքը 20 րոպե շարունակ, թղթի վրա տպված տեքստ կարդալով, փորձել է արդարացնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:
Հարցազրույցում Հռոմի պապը պատմել է պատերազմի ավարտին ուղղված իր ապարդյուն ջանքերի մասին:
Ֆրանցիսկոսն իտալական պարբերականին նաև ասել է, թե իր համոզմամբ՝ Պատրիարք Կիրիլը դժվար թե ի զորու լինի օգնել պատերազմը կանգնեցնելու հարցում:
Պապը կարծիք է հայտնել, թե «Պատրիարքը չպետք է վերածվի Պուտինի տիրացուի»:
Ֆրանցիսկոս պապը նաև ասել է, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից տեղեկացել է, որ Պուտինն, իբր, ցանկանում է ինչ-որ արդյունք ապահովել և այս պատերազմն ավարտել մինչև մայիսի 9-ը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների, Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների պաշտոնյաների, ինչպես նաև ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ։
Ավստրալիայի ներքին գործերի նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցները վերաբերում են Պետդումայի 75 պատգամավորների, Դոնեցկի 20 և Լուգանսկի 12 նախարարների։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասի միջև, նրանք քննարկել են Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները «քննարկել են Ուկրաինային հավելյալ հումանիտար ու ռազմական օգնությունն ու տրանսատլանտյան միասնության պահպանումը»։
Բլինքենը և Թրասը խոսել են նաև «տնտեսական հետևանքների մասին նրանց համար, ովքեր շարունակում են ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերել» Ուկրաինայում ռուսական ռազմական ներխուժմանը։