Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

18:38 26.4.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մոսկվայում այսօր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

Բանակցություններին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Գուտերեշն ասել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է իր ամբողջ ջանքերն ուղղել Մարիուպոլում մնացած մարդկանց կյանքը փրկելու համար։ Նա ասել է, որ Կարմիր Խաչի հետ միասին պատրաստ են հումանիտար միջանցք ապահովել «Ազովստալի» տարածքից մարդկանց տարհանելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել՝ ուսումնասիրելու Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների մասին հաղորդագրությունները։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինային մեղադրել է բանակցություններին «անբարեխիղճ» մասնակցելու մեջ, իսկ Արևմուտքին մեղադրել է Ուկրաինային զինելու համար՝ ռազմաճակատում գերազանցության հասնելու նպատակով։

09:18 27.4.2022

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները նախազգուշացնում են, որ Ուկրաինայից փախստականների թիվն այս տարվա ընթացքում էապես կավելանա և, ըստ հաշվարկների, կհասնի 8 միլիոն 300 հազարի:

«Գնահատելով Ուկրաինայում ստեղծված կացությունը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և գործընկեր կազմակերպությունները երեկ որոշել են հարևան երկրներում, կոնկրետ՝ Հունգարիայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում և Սլովակիայում, ինչպես նաև տարածաշրջանի մյուս պետություններում, այդ թվում՝ Բելառուսում, Բուլղարիայում և Չեխիայում ակնկալվող 8 միլիոն 300 հազար փախստականներին օգնելու համար հայթայթել 1 միլիարդ 850 միլիոն դոլար», - ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Շաբիա Մանտուն:

Փետրվարի 24-ին սկսված պատերազմի հետևանքով Ուկրաինայում ավելի քան 12 միլիոն 700 հազար բնակիչներ լքել են տները: Նրանցից 7 միլիոն 700 հազարը ներքին տեդահանվածների կարգավիճակում է, իսկ ավելի քան 5 միլիոնն ապաստանել է արտասահմանում:

12:48 27.4.2022

Ռուսական «Գազպրոմ»-ը Լեհաստանին և Բուլղարիային ծանուցել է, որ այսօրվանից դադարեցնում է բնական գազի մատակարարումը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ այն երկրները, որոնց Ռուսաստանը համարում է ոչ-բարեկամական, համաձայնեն սխեմային, որը պահանջում է «Գազպրոմբանկ»-ում բացել հաշիվներ և վճարումներ կատարել ռուսական գազի ներկրման համար եվրոյով կամ դոլարով, որն այնուհետև կվերածվի ռուբլու:

Լեհաստանը բազմիցս հայտարարել է, որ չի կատարելու Ռուսաստանի պահանջները վճարումների նոր սխեմայի վերաբերյալ:

Բուլղարիան հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում գազի այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար, և այս պահին սպառողների համար սահմանափակումներ չեն նախատեսվում։

12:50 27.4.2022

Ռուսաստանում Նիդերլանդների հյուպատոսությունը հայտարարել է, որ ապրիլի 27-ից դադարեցնում է կարճաժամկետ վիզաների տրամադրումը, այդ թվում՝ տուրիստական։ Այս որոշման պատճառ է դարձել դիվանագիտական անձնակազմի կրճատումը։

Ապրիլի 19-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց 15 հոլանդացի դիվանագետների արտաքսման մասին։ Սա պատասխան էր Նիդերլանդների կողմից ձեռնարկված նմանատիպ միջոցառումներին, երբ մարտի վերջին ՌԴ դիվանագիտական առաքելության 17 աշխատակիցներ հռչակվեցին անցանկալի անձինք (persona non grata)։

12:52 27.4.2022

Գիշերը մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ռուսաստանի Բելգորոդի մարզում, որոնց հաջորդել է հրդեհ Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում։ Հրդեհն արդեն մարվել է, տուժածներ չկան:

Մոտավորապես նույն ժամանակ պայթյուններ են հնչել Կուրսկի մարզում, նահանգապետը հաղորդել է, որ գործել է հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ)։ Նրա խոսքով՝ զոհեր և ավերածություններ չկան։

Վորոնեժի շրջանի իշխանություններն էլ հայտնել են, որ ՀՕՊ համակարգը Վորոնեժի մոտ խոցել է «փոքր չափի հետախուզական անօդաչու թռչող սարք»։

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի սահմանամերձ շրջանների իշխանությունները պարբերաբար հաղորդում են հրետակոծությունների մասին և մեղադրում Կիևին:

12:54 27.4.2022

Ռուս զինվորականները նախազգուշացրել են, որ կարող են հարվածել ուկրաինական «որոշում ընդունող կենտրոններին» Կիևում՝ վստահեցնելով, թե իրենց չի խանգարի այնտեղ արևմտյան խորհրդականների հնարավոր ներկայությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Մեծ Բրիտանիային հայտարարություններ անելու մեջ, որոնք խրախուսում են Ուկրաինային օգտագործել արևմտյան զենքը ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար, և նախազգուշացրել է, որ եթե դա տեղի ունենա, ռուս զինվորականները կարող են թիրախավորել կառավարական կառույցները Կիևում։

Մինչ այժմ ռուս զինվորականները խուսափում էին հարվածներ հասցնել Կիևում կառավարական և ռազմական գերատեսչությունների շենքերին:

17:53 27.4.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկուն:

Հանդիպման մեկնարկին Բլինքենը գովեստով է խոսել Ուկրաինային սատարելու Չեխիայի դիրքորոշման մասին:

«Միացյալ Նահանգները և Չեխիան վաղեմի բարեկամներ են, հզոր դաշնակիցներ և գործընկերներ, որոնք համագործակցում են շատ բնագավառներում: Մեր դաշինքի ամրությունն ապացուցվում է այս օրերին, երբ Ուկրաինան ենթարկվում է Ռուսաստանի ագրեսիային: Չեխիան Ուկրաինայի ամենաակտիվ աջակիցներից է և ապաստան է տվել ավելի քան 300 հազար ուկրաինացի փախստականների»,- ասել է Բլինքենը:

17:53 27.4.2022

Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի փոխանցմամբ՝ առաջիկա մեկուկես-երկու տարիների ընթացքում Դաշնությունը շատ բարդ վիճակում կլինի: Այդ մասին Կուդրինն ասել է այսօր Սանկտ Պետերբուրգում գումարված Օրենսդիրների խորհրդի նիստում:

Նրա փոխանցմամբ, սղաճը 2022 թվականին կկազմի ավելի քան 20 տոկոս, իսկ 2023-ին՝ ավելի քան 6 տոկոս:

Արևմտյան պատժամիջոցների պայմաններում տնտեսությանը սատարելու համար արդեն այս տարվա ընթացքում կպահանջվի ավելի քան 6 տրիլիոն ռուբլի: Տնտեսական անկումը կհասնի գրեթե 9 տոկոսի:

17:54 27.4.2022

Ռուսաստանն անձնական սանկցիաներ է սահմանում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի 287 պատգամավորների նկատմամբ: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ի պատասխան Ռուսաստանի Պետական դումայի 386 պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Մեծ Բրիտանիայի կառավարության 2022 թվականի մարտի 11-ի որոշման, փոխադարձության սկզբունքով սահմանվում են անձնական պատժամիջոցներ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի 287 անդամների վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

17:55 27.4.2022

Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միությանը հորդորում է հրաժարվել ռուսական էներգակիրներից:

«Եվրախորհրդարանը Եվրոպական միության պետություններին կոչ է անում անհապաղ էմբարգո սահմանել Կրեմլի կողմից վերահսկվող էներգակիրների մատակարարման վրա: Եկել է բռնապետերից մեր կախվածությանը մեկընդմիշտ վերջ տալու ժամանակը», - Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Նա աջակցություն է խոստացել Բուլղարիային և Լեհաստանին այն բանից հետո, երբ «Գազպրոմը» դադարեցրել է գազ մղել ռուբլով վճարելու պահանջը մերժող այդ երկու երկրներ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG