- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական հարձակման արագությունը դանդաղել է։
«Ռուսաստանցի զավթիչները նվազեցրել են հարձակման տեմպերը, սակայն դեռ շարունակում են հաջողությունը զարգացնելու փորձերը։ Հարձակման ընթացքում հակառակորդը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական և ռազմական օդանավակայաններին, հրամանատարական կետերին, ՀՕՊ համակարգերին, բնակավայրերին և պաշտպանական շրջաններում տեղակայված ստորաբաժանումներին։ Հակառակորդը, սակայն, բարոյալքված է և ծանր կորուստներ է կրում», - այսօր հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի քաղաքացիները և երկրի տարածքում գտնվող օտարերկրացիները շարունակում են լքել երկիրը՝ հեռանալով սահմանակից եվրոպական պետություններ։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ Ուկրաինան լքած խաղաղ բնակիչների թիվը կիրակի օրվա դրությամբ 368 հազար է կազմել։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայի տարածք մուտք գործած Ռուսաստանի ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Եվրոպայի խոշորագույն Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ուկրաինայի ատոմային էներգետիկան կառավարող «Էներգոատոմ» ընկերությունից, սակայն, կտրականապես հերքում են պաշտոնական Մոսկվայի տարածած այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը և դրա հարևանությամբ գտնվող Էներգոդար քաղաքը շարունակում են վերահսկվել ուկրաինական բանակի կողմից։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Պրիպյատի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինան հատուկ ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացնում, սոցիալական ցանցերում գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ուկրաինացիները վաղուց են ապացուցել, որ եվրոպական հանրության անբաժան մասն են։ Եկել է այդ փաստը թղթի վրա ամրագրելու ժամանակը», - նշել է ուկրաինական կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Կիևում հույս ունեն, որ Ուկրաինայի անդամակցության որոշումը անհապաղ կերպով կկայացվի։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպա անցած ուկրաինացիներին իրավունք կընձեռվի ընդհուպ մինչև երեք տարի մնալ և աշխատել ԵՄ տարածքում», - այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։
Յոհանսոնի խոսքով՝ այս պահին Ուկրաինայից ԵՄ է անցել ավելի քան 400 հազար փախստական։ «Մենք, սակայն, ակնկալում ենք, որ դրանց թիվը կարող է հասնել մի քանի միլիոնի», - նշել է եվրոպացի պաշտոնյան։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են», - քիչ առաջ իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն՝ որևէ հավելյալ տեղեկություն չներկայացնելով։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Այժմ հարկավոր է կենտրոնանալ գործնական խնդիրների լուծման, այլ ոչ թե Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու հարցի վրա», - արձագանքելով Կիևից հնչող հայտարարություններին՝ երկուշաբթի օրը հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Այսօր Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չէ։ Անդամակցությունը այնպիսի մի գործընթաց է, որ տարիներ է տևում։ Այսօր մենք պետք է կենտրոնանանք առաջիկա ժամերի, այլ ոչ թե առաջիկա տարիների խնդիրների վրա», - նշել է Բորելը։