ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցներին համապատասխան Վրաստանը օգոստոսի 1-ից արգելում է ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաների իր տարածքով վերարտահանումը (ռեէքսպորտը) Ռուսաստան և Բելառուս, իսկ սեպտեմբերի 26-ից կարգելվի նաև Եվրամիությունից ներմուծված ավտոմեքենաներինը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի եկամուտների ծառայությունը։
Մարդատար ավտոմեքենաները Ռուսաստանի հետ Վրաստանի առևտրում 3-րդ տեղն են զբաղեցնում արտահանվող ապրանքների շարքում։ 2023 թվականի 6 ամիսների ընթացքում ռուսաստանցիներին վաճառվել է 53 միլիոն դոլարի ավտոմեքենաներ։ Մեկ տարվա կտրվածքով աճը կազմել է ավելի քան 270 տոկոս։
Ավտոմեքենաների վաճառքի ռուսաստանցի միջնորդները իրենց հաճախորդներին տեղեկացնում են, որ Վրաստանի ճանապարհը փակվում է։
Վրաստանի իշխանությունների որոշումը կարող է ազդեցություն թողնել նաև Հայաստանի շուկայի վրա, քանի որ մեքենաների մի մասը ԵԱՏՄ արտահանվելու համար նախ ներմուծվում և մաքսազերծվում էր Հայաստանում։
Գիշերը ռուսական ուժերը կրկին «Շահեդ»-ներով հարվածել են Կիևին։
Սա կամիկաձե անօդաչուների ութերորդ անընդմեջ հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։
Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է մայրաքաղաք թռչող բոլոր անօդաչու սարքերը։
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ խոցվել է 15 «Շահեդ» և յոթ հետախուզական անօդաչու թռչող սարք։
Նախնական տեղեկություններով՝ Կիևում զոհեր և ավերածություններ չկան։
Ըստ Կիևի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր 10 հազար 749 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 15 հազար 599-ը՝ վիրավորվել։
«Զոհերի թվում է նաև 499 երեխա», - «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազության ռազմական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Յուրի Բելոուսովը։
«Ուկրաինայի օկուպացված տարածքների ազատագրումից հետո, ենթադրվում է, որ սպանվածների թիվը «մի քանի անգամ կավելանա», - ասել է պաշտոնյան։
Հուլիսի 7-ին ՄԱԿ-ը հայտնել էր, որ հաստատել է «ավելի քան 9 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 500-ից ավելի երեխաների» մահվան դեպքերը։
ՄԱԿ-ի յուրաքանչյուր զեկույցում նշվում է, որ զոհերի թիվը իրականում կարող է ավելի մեծ լինել, քանի որ ստույգ տվյալներ չկան ռուսական ուժերի գրաված ուկրաինական քաղաքներից։
«Այսօր առավոտյան տեղի ունեցած ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 40 հազար տոննա հացահատիկ է ոչնչացվել», - Twitter կայքում գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը։
Պաշտոնյայի խոսքով՝ պահեստների և էլեվատորների վրա հարձակման հետևանքով ոչնչացված ցորենը նախատեսված էր աֆրիկյան մի շարք պետություններ, ինչպես նաև Իսրայել և Չինաստան արտահանման համար։
Reuters գործակալության տեղեկություններով՝ հարձակման հետևանքով հացահատիկի գինը միջազգային շուկայում աճել է շուրջ հինգ տոկոսով։
Կիևում Լեհաստանի դեսպան Բարտոշ Ցիխոնսկին նախօրեին հրավիրվել է Ուկրաինայի արտգործնախարարություն, հաղորդում են ուկրաինական աղբյուրները՝ տեղեկացնելով, որ հրավերի պատճառը Լեհաստանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի՝ Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար Մարցին Փշիդաչի վերջին հայտարարություններն էին։
Լեհ պաշտոնյան, մասնավորաբար, հայտարարել էր, թե «հարկավոր է արդեն գնահատել այն դերը, որ Ուկրաինայի համար խաղացել է Լեհաստանը վերջին ամիսների և տարիների ընթացքում»։
Սրան ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սաբիգան լեհ պաշտոնյայի հայտարարությունները Ֆեյսբուքում «մանիպուլյատիվ» է որակել։
«Նման կարծիքները նպատակ ունեն լեհ հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ Ուկրաինան իբր չի գնահատում ռուսական ագերսիայի դեմ Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը», - պնդել է ուկրաինացի պաշտոնյան։
Անցած գիշեր իրականացված ռուսական հարվածների հետևանքով վնասվել են Օդեսայի և Իզմայիլի նավահանգիստները, հաղորդում են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։
«Ռումինիայի հետ սահմանին,Դանուբ գետի վրա գտնվող Իզմայիլի նավահանգստում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է հացահատիկի այն պահեստը, որ օգտագործվում էր ուկրաինական գյուղմթերքի արտահանման գործարքի շրջանակներում», - հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Անցած գիշեր ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Դանուբ գետի վրա գտնվող ևս մեկ ուկրաինական նավահանգստին՝ Ռենիին, ինչպես նաև Օդեսայի նավահանգստի ենթակառուցվածքներին։
Վարշավան առաջարկում է ամբողջությամբ արգելափակել ԵՄ սահմանը Բելառուսի հետ։ Այսօր, լրագրողների հետ զրույցում, նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի փոխարտգործնախարար Մացեյ Վոնսիկը։
«Լեհաստանը, Լիտվան և Լատվիան պետք է ամբողջությամբ մեկուսացնեն Բելառուսը», - նշել է լեհ դիվանագետը։
Վոնսիկի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախօրեին բելառուսական երկու ռազմական ուղղաթիռներ հատել են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի օդային տարածքում։ Դա, ըստ Վարշավայի, տեղի է ունեցել Բելառուսի արևմուտքում ընթացող զորավարժությունների ժամանակ։
«Այս միջադեպը ընկալվում է որպես լեհ-բելառուսական սահմանին իրադրության լարման հերթական դրվագ», - հայտարարում են Վարշավայում։
Օգոստոսի 2-ի գիշերը Ռուսաստանը դարձյալ իրանական «Շահիդ» անօդաչուներով հարձակվել է Կիևի և Օդեսայի վրա. մայրաքաղաքում պայթյուններ են հնչել։
Կիևի իշխանությունները հայտնում են, որ մայրաքաղաք թռչող բոլոր կամիկաձե անօդաչուները խոցվել են, Կիևի բնակիչների մեջ զոհեր և վիրավորներ չկան։
«Անօդաչու թռչող սարքերի խմբերը միաժամանակ մի քանի ուղղություններից ներխուժեցին Կիև: Սակայն, բոլոր օդային թիրախները՝ ավելի քան 10-ը անօդաչու թռչող սարք, ժամանակին հայտնաբերվեցին և ոչնչացվեցին հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- հայտնում է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ քաղաքի երեք թաղամասերում ընկել են խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներ, սակայն լուրջ վնասներ չկան՝ մի տեղ վնասվել է ոչ բնակելի շենք, մյուսում՝ ծառը։
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր մոտ 50 հազար ուկրաինացի կորցրել է ձեռքերն ու ոտքերը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պրոթեզների աշխարհի խոշորագույն արտադրողին՝ գերմանական Ottobock ընկերությանն ու նրա գործընկերներին:
Ըստ WSJ-ի՝ վերջույթները կորցրած ուկրաինացիների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ պրոթեզավորումը ժամանակ է պահանջում, և որոշ տուժածներ վնասվածքից հետո շաբաթներ կամ ամիսներ շարունակ ամպուտացիայի են սպասում։
Հեղինակավոր լրատվամիջոցը շեշտում է, որ բացի այդ, պրոթեզների արժեքը կարող է հասնել մինչև 50 հազար եվրոյի, մինչդեռ ուկրաինական իշխանությունները յուրաքանչյուր վիրավոր զինվորին վճարում են մինչև 20 հազար եվրո, իսկ քաղաքացիական անձինք հաճախ ընդհանրապես չեն կարողանում բուժվել և ստիպված են լինում դիմել բարեգործական կազմակերպությունների։
Ռուսական ուժերի կողմից Խերսոնը հրթիռակոծելու հետևանքով հիվանդանոցում բժիշկ է զոհվել, իսկ բուժքույրը վիրավորվել է։
Մարզի վարչակազի առողջապահության բաժնի ղեկավար Տատյանա Կարչևիչն ասել է, որ երիտասարդ բժիշկը առաջին օրն էր աշխատանքի անցել։
«Երիտասարդ բժիշկը մահացավ, տաղանդավոր բժիշկ։ Վերապատրաստվելուց հետո սա նրա աշխատանքի առաջին օրն էր, որն ավարտվեց անգամ դեռ չսկսված»,- ասել է նա։
Խերսոնի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինն ասել է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է հիվանդանոցի վիրահատական բաժինը։