Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր մոտ 50 հազար ուկրաինացի կորցրել է ձեռքերն ու ոտքերը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պրոթեզների աշխարհի խոշորագույն արտադրողին՝ գերմանական Ottobock ընկերությանն ու նրա գործընկերներին:
Ըստ WSJ-ի՝ վերջույթները կորցրած ուկրաինացիների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ պրոթեզավորումը ժամանակ է պահանջում, և որոշ տուժածներ վնասվածքից հետո շաբաթներ կամ ամիսներ շարունակ ամպուտացիայի են սպասում։
Հեղինակավոր լրատվամիջոցը շեշտում է, որ բացի այդ, պրոթեզների արժեքը կարող է հասնել մինչև 50 հազար եվրոյի, մինչդեռ ուկրաինական իշխանությունները յուրաքանչյուր վիրավոր զինվորին վճարում են մինչև 20 հազար եվրո, իսկ քաղաքացիական անձինք հաճախ ընդհանրապես չեն կարողանում բուժվել և ստիպված են լինում դիմել բարեգործական կազմակերպությունների։
Ռուսական ուժերի կողմից Խերսոնը հրթիռակոծելու հետևանքով հիվանդանոցում բժիշկ է զոհվել, իսկ բուժքույրը վիրավորվել է։
Մարզի վարչակազի առողջապահության բաժնի ղեկավար Տատյանա Կարչևիչն ասել է, որ երիտասարդ բժիշկը առաջին օրն էր աշխատանքի անցել։
«Երիտասարդ բժիշկը մահացավ, տաղանդավոր բժիշկ։ Վերապատրաստվելուց հետո սա նրա աշխատանքի առաջին օրն էր, որն ավարտվեց անգամ դեռ չսկսված»,- ասել է նա։
Խերսոնի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինն ասել է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է հիվանդանոցի վիրահատական բաժինը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին զեկույցի համաձայն, հուլիս ամսին Ուկրինայում 143 քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա։ Ռուսական ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում քաղաքացիական զոհերի ճշգրտված թիվը հասել է 9 հազար 369 մարդու։
ՄԱԿ-ի յուրաքանչյուր զեկույցում նշվում է, որ զոհերի թիվը իրականում կարող է ավելի մեծ լինել, քանի որ ստույգ տվյալներ չկան ռուսական ուժերի գրաված ուկրաինական քաղաքներից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ այս գիշեր ուկրաինական երկու անօդաչուներ են խոցվել Մոսկվայի շրջանի երկնքում։
Կրեմլը հայտնում է, որ մեկ անօդաչու էլ ռադիոէլեկտրոնային միջոցների կիրառման արդյունքում կորցրել է կառավարումը և բախվել «Մոսկվա սիթի» ոչ բնակելի համալիրին։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ վնասվել է 21-րդ հարկի ապակեպատ ճակատը, մարդիկ չեն տուժել։ Այս շենքում է գտնվում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը։
Անցած կիրակի ևս դրոնը հարվածել էր «Մոսկվա սիթի» շենքին, մեկ մարդ էր տուժել։
Ուկրաինայի պաշտպանության նախարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրվել Ուկրաինայի տարածքում ԱԹՍ վերանորոգման և սպասարկման ձեռնարկություն կառուցելու մասին։
Հուլիսի սկզբին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ թուրքական Baykar ընկերությունը սկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։
Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը հայտնել էր, որ ԱԹՍ-ների կառավարման 10 հազար օպերատորներ են պատրաստվել, ևս 10 հազար մասնագետների ուսուցումը ընթացքի մեջ է։
Կրիվոյ Ռոգ ուկրաինական քաղաքին ռուսների հասցրած հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ տասնամյա մի աղջիկ և նրա 45-ամյա մայրը:
Ենթադրվում է, որ ավերակների տակ կարող են մարդիկ գտնվել՝ ողջ, թե զոհված, դեռ հայտնի չէ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 53 բնակիչներ: Հրթիռը հարվածել է 9-հարկանի շենքին:
Ըստ ուկրաինական իշխանությունների, մեկ հրթիռ էլ հարվածել է Կրիվոյ Ռոգի համալսարանի 4-հարկանի շենքին:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն ասել է, որ 9-հարկանի շենքում ավերվել է 4-րդից 9-րդ հարկերի հատվածը:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ձերբազատվում էն խորհրդային ժամանակաշրջանից մնացած առավել հայտնի սիմվոլներից:
Բանվորները մագլցել են Մայր Հայրենիքի 62-մետրանոց արձանը և ապամոնտաժել են մուրճն ու մանգաղը:
«Ուկրաինայում սերունդներ են երազել այս պահի մասին, պահ, երբ թշնամու սիմվոլները մեր հողում էլ չեն լինի», - ասել է Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի տնօրեն Յուրի Սավչուկը:
Այդ արձանը համարվում է ամենաբարձրը Եվրոպայում: Ավանդական սովետական զինանշանն օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի անկախության օրը, կփոխարինվի ուկրաինական եռաժանիով:
Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումից հետո, ինչի հետևանքով Ռուսաստանի մայրաքաղաքում երեկ շենքեր են վնասվել, կարճ ժամանակով փակվել էր «Վնուկովո» օդանավակայանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հայտարարել է՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումները երկու երկրների միջև պատերազմի «անխուսափելի, բնական և բացարձակապես արդար գործընթաց են»:
Զելենսկու խոսքով՝ պատերազմը վերադառնում է Ռուսաստանի տարածք։
Մոսկվան և Կիևը երեկ հայտնել են միմյանց տարածքների վրա անօդաչու թռչող սարքերով հարվածների մասին։
Չեխիայի իշխանությունները կալանքի տակ են վերցրել ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի ընկերությունների հաշիվները և Կարլովի Վարիում նրան պատկանող Savoy Westend հինգաստղանի հյուրանոցը։
Այդ որոշումը կայացվել է Եվտուշենկովի նկատմամբ այս տարվա հունիսին Չեխիայի սահմանած պատժամիջոցների շրջանակներում:
Եվտուշենկովից կալանված գումարը մոտ 4 միլիոն 600 հազար դոլար է, իսկ Կարլովի Վարիում նրա հյուրանոցի արժեքը մոտ 23 միլիոն դոլար:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համոզմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը ԿԺԴՀ վկայում է զենք գնելու Ռուսաստանի ցանկության մասին։ Այդ մասին պետական քարտուղարը խոսել է Ավստրալիայում՝ Բրիսբեն քաղաքում «2+2» ձևաչափով բանակցություններից հետո:
Պետքարտուղարի հետ այդ բանակցություններին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը և Ավստրալիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներ Ռիչարդ Մարլսն ու Փենի Վոնգը:
«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի {պաշտպանության} նախարարի այցի մասին հաղորդագրություններին, ապա ես խիստ կասկածում եմ, թե նա այնտեղ արձակուրդում է»,- ասել է Բլինկենը։
ԱՄՆ պետական քարտուղարի խոսքով, Ռուսաստանը հուսահատ վիճակում աջակցություն ու զենք է փնտրում:
«Եվ մենք դա տեսնում ենք Հյուսիսային Կորեայում»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նրա ելույթի սղագրությունը տարածել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամուլի վարչությունը։
Սերգեյ Շոյգուի ղեկավարած ռուսական պատվիրակությունն այցելել է Հյուսիսային Կորեա, որտեղ մասնակցել է «1950-1953 թվականների պատերազմում Կորեայի ժողովրդի մեծ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը»։
Շոյգուն Փհենյանում Հյուսիսային Կորեայի հիմնադիր առաջնորդ Կիմ Իր Սենի հրապարակում ներկա է եղել հանդիսավոր զորահանդեսին։ Բացի այդ, նա բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, և քննարկվել են Մոսկվայի ու Փհենյանի համագործակցության զարգացման հնարավորությունները: