«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն այսօր Վիլնյուսում մեկնարկած գագաթնաժողովի ընթացքում չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը», - Տելեգրամի իր ալիքում քիչ առաջ գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Աննախադեպ և աբսուրդային է, երբ սահմանված չեն ոչ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու, ոչ էլ անդամակցության ժամանակացույցերը։ Դրան էլ գումարած՝ լղոզված ձևակերպումներ են ավելացվում, որոնք վերաբերում են Ուկրաինային դաշինք հրավիրելու «պայմաններին», - գրել է Զելենսկին։
Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները նախատեսված են վաղը՝ Վիլնյուսում։ Այս մասին հաղորդում են մի շարք արևմտյան աղբյուրներ, մասնավորաբար՝ Politico հանդեսը, CNN հեռուստաընկերությունը և Reuters գործակալությունը։
Reuters-ի տեղեկություններով` հանդիպման մասին պայմանավորվածություններն առայժմ նախնական բնույթ են կրում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից գործակալությանը տեղեկացրել էին, որ Զելենսկին կարող է և չմեկնել Վիլնյուս, եթե գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր չուղարկվի։
Politico-ի տեղեկություններով՝ իր ուկրաինացի պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում Բայդենը փորձելու է նրան համոզել, որ առավելագույնը, ինչ կարող է առաջարկվել Կիևին այս փուլում, «ԱՄՆ և դաշնակիցների կողմից տրվող անվտանգության նշանակալի երաշխիքներն են, ինչպես նաև դաշինքին անդամակցության ճանապարհին որոշ բյուրոկրատական խոչընդոտների վերացումը»։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինան շատ ազդեցիկ ուղերձ է ստանալու», - այսօր Վիլնյուսում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի պաշտոնական հատվածին նախորդող հանրային ֆորումի ընթացքում, հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։
«Մենք հստակորեն հայտարարելու ենք, որ Ուկրաինան [ի վերջո] անդամակցելու է ՆԱՏՕ-ին, վերացվելու է անդամակցության գործողությունների պլանի (MAP) կատարման` Ուկրաինային ներկայացվող պահանջը։ Բացի այդ, ուկրաինական ուժերը լիարժեքորեն կհամապատասխանեցվեն դաշինքի չափանիշներին, կստեղծվի նաև ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը։ Այս ամենը շատ ազդեցիկ և դրական ուղերձ կհղի Ուկրաինային», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Կիևի իշխանությունները հայտնել են, որ այս գիշեր ևս ռուս զինվորականներն իրանական անօդաչու սարքերով գրոհել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Նրանց վկայությամբ՝ բոլոր «Շահեդ»-ները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։
Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել Կիևի շրջանի երկու թաղամասերում, վնասվել է 12 առանձնատուն և մեկ բազմահարկ շենք։
Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան։
Այսօր Ռուսաստանը միայնակ է պայքարում չարի համաշխարհային ուժերի դեմ և պաշտպանում է աշխարհը Նեռի գալուստից, այդ մասին հուլիսի 10-ին Վալաամի արշիպելագում սուրբ առաքյալ Անդրեաս Առաջինի պատվին կառուցված եկեղեցու օծումից հետո իր քարոզում ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
«Այսօր շատերը, այդ թվում՝ Արևմուտքում, համակ ուշադրությամբ և հույսով են նայում վերջին հենակետին՝ Ռուսաստանին: Ռուսաստանն է կռիվ մղում չարի բացարձակ տիրապետության դեմ և մարդկությանը պաշտպանում Նեռի գալուստից։ Մենք պարտավոր ենք գիտակցել, որ հիմա մեր եկեղեցին հսկայական հոգևոր պատասխանատվություն է կրում ժողովրդի, երկրի և ամբողջ աշխարհի համար», - ասել է Ռուսաց հոգևոր հովիվը:
Ռուսաց հոգևոր առաջնորդը սատարել է Ուկրաինայի վրա ռազմական հարձակում գործելու Կրեմլի որոշմանը: Նա համարվում է նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ աջակիցը:
Շատ երկրներ և միջազգային քաղաքական կառույցներ պատժամիջոցներ են սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ:
Կրասնոդարում սպանել են զորակոչի հարցով քաղաքային բաժնի ղեկավարի տեղակալ Ստանիսլավ Ռժիցկուն:
«Նախնական տվյալներով` անհայտ անձը հրազենից մի քանի կրակոց է արձակել և փախուստի է դիմել: Սպանության դրդապատճառը պարզաբանվում է, կասկածյալներին որոնում են, հարուցվել է քրեական գործ»,- ասվում է Կրասնոդարի ոստիկանության հրապարակած հաղորդագրության մեջ:
Ռուսական մամուլը հայտնում է, որ Ռժիցկու վրա առավոտյան վազքի ժամանակ չորս փամփուշտ է արձակել մի անհայտ անձ: Ռժիցկին տեղում մահացել է։
Նա 42 տարեկան էր։ Նախկինում ծառայել է նավատորմում և զբաղեցրել է «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ կրող «Կրասնոդար» սուզանավի հրամանատարի պաշտոնը:
Ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ, Սև ծովում տեղակայված այդ սուզանավից անցյալ տարի հրթիռակոծվել է Վիննիցա քաղաք:
Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոն իր Տելեգրամ ալիքում գրել է, որ Օրեխով քաղաքի վրա օդային հարձակման հետևանքով չորս մարդ է մահացել՝ երեք կին և մեկ տղամարդ, ևս 13 մարդ վիրավորվել է:
Մալաշկոն գրում է, որ նրանք հերթ էին կանգնած «Անհաղթ կետում»՝ վայր, որտեղ կարելի է ջուր ստանալ և միանալ ինտերնետին։ Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքներում նման կետեր են գործում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդումներում ոչինչ չի ասվում Զապորոժիեի շրջանին հասցված հարվածի մասին։
Meduza և Mediazona հրատարակությունները հրապարակել են ռուսական բանակի կորուստները հաշվարկող հետազոտություն, ըստ որի՝ Ուկրաինայի հետ պատերազմում զոհվել է մոտ 47 հազար Ռուսաստանի քաղաքացի։
Լրագրողները փորձագետ Դմիտրի Կոբակի հետ միասին ուսումնասիրել են ժառանգության գրանցամատյանը և «Ռոսստատ»-ի տվյալները, որոնք 2022 թվականից երիտասարդ տղամարդկանց մահացության կտրուկ աճ են ցույց տվել:
«2022-ին պատերազմում զոհվել է մինչև 50 տարեկան մոտ 25 հազար մարդ, իսկ մինչև 2023-ի մայիսի 27-ը՝ մոտ 47 հազար մարդ։ Եթե հնարավորինս ճշգրիտ լինենք, ապա զոհերի թիվը կազմում է 40 հազարից մինչև 55 հազար՝ 95 տոկոս հավանականությամբ», - նշում են լրագրողները։
Երկու պարբերականներն էլ Ռուսաստանում ճանաչված են որպես «օտարերկրյա գործակալներ», իսկ Meduza-ն նաև անցանկալի կազմակերպություն է:
Ռուսաստանի իշխանությունները հազվադեպ են հրապարակում կորուստները, անցած տարվա սեպտեմբերին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսում էր 5,9 հազար զոհերի մասին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև հեռախոսազրույց է կայացել, քննարկվել են Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը և Կիևի հակահարձակումը։
«Այսօր ես կարևոր զրույց ունեցա Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ այս շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Ես անհամբերությամբ սպասում եմ Վիլնյուսում հանդիպմանը` նվիրված Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ՆԱՏՕ-ի շարունակական աջակցությանը», - գրել է Բլինքենը Թվիթերում:
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը առանձին հայտարարության մեջ ասել է, որ դիվանագետները քննարկել են նաև «Ուկրաինայի հակահարձակման առաջընթացը»։
«Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ ես արդյունավետ զրույց ունեցա պետքարտուղար Բլինքենի հետ: Մնացել է 48 ժամ, մենք աշխատում ենք, որպեսզի դրա վերջնական որոշումները հաղթանակ լինեն բոլորի համար՝ Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և համաշխարհային անվտանգության: Ես նաև շնորհակալություն հայտնեցի ԱՄՆ-ին հերթական պաշտպանական փաթեթի համար, որը ներառում է շատ անհրաժեշտ զինամթերք», - ավելի վաղ Թվիթերում գրել էր Դմիտրի Կուլեբան:
Վաղը Վիլնուսում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու որոշում Ուկրաինայի նախագահը դեռ չի կայացրել, հայտարարել է երկրի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։
«Վերջնական որոշում այցի վերաբերյալ դեռ չկա։ Մենք լիովին չենք հասկանում Վիլնյուսում կայանալիք բոլոր հանդիպումների ձևաչափը և լիովին չենք հասկանում, թե ինչ փաստաթղթեր են դրվելու սեղանին», - ասել է Ուկրաինայի փոխվարչապետը:
Ստեֆանիշինայի խոսքով՝ նախագահի՝ գագաթնաժողով գնալու հարցը կախված կլինի վերջնական փաստաթղթերից։ «Առաջնորդների առջև սեղանին ամփոփիչ փաստաթղթեր են լինելու, որոնք առաջարկվում է ընդունել գագաթնաժողովի արդյունքներով։ Հիմա մենք չգիտենք, թե ինչ կլինի այդ փաստաթղթերում», - պարզաբանել է փոխվարչապետը։
Հունիսի վերջին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել էր, թե Զելենսկին չի մասնակցի Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դաշինքի անդամ երկրների ղեկավարները չպատասխանեն Ուկրաինայի անդամակցության դիմումին: