Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր զոհվել է 8 հազար 791 խաղաղ բնակիչ, ևս 14 հազար 815-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում:
Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կամ վիրավորվածների իրական թիվը, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, ավելի մեծ է, քանի որ որոշ բնակավայրերում, այդ թվում՝ Մարիուպոլում, Լիսիչանսկում, Պոպասնայայում, Սևերոդոնեցկում, տուժածների մասին բազմաթիվ հաղորդումներ դեռևս ստուգման փուլում են։
2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023-ի մայիսի 8-ը ժամանակահատվածում զոհերի ամենամեծ թիվը, ըստ զեկույցի հեղինակների, գրանցվել է անցյալ տարվա մարտին՝ 4 հազար 102 մարդ:
Տասնյակ ակտիվիստներ թույլ չեն տվել Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին ծաղկեպսակ տեղադրել Կարմիր բանակի զինվորների հուշարձանին։
Հուշահամալիրում դեսպանին դիմավորել են «ռաշիստի» վանկարկումներով և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտող, ինչպես նաև Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին գրառումներով ցուցապաստառներով։
Հավաքվածները խոչընդոտել են դիվանագետի և նրան ուղեկցողների մուտքը հուշահամալիր, հաղորդվում է ընդհարումների մասին։
Դեսպան Անդրեևը РИА "Новости"-ին փոխանցել է, որ չի տուժել, բայց ստիպված էր հեռանալ, նշելով, որ կփորձի ավելի ուշ վերադառնալ հուշահամալիր։
Տասնյակ ակտիվիստներ թույլ չեն տվել Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին ծաղկեպսակ տեղադրել Կարմիր բանակի զինվորների հուշարձանին։
Հուշահամալիրում դեսպանին դիմավորել են «ռաշիստի» վանկարկումներով և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտող, ինչպես նաև Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին գրառումներով ցուցապաստառներով։
Հավաքվածները խոչընդոտել են դիվանագետի և նրան ուղեկցողների մուտքը հուշահամալիր, հաղորդվում է ընդհարումների մասին։
Դեսպան Անդրեևը РИА "Новости"-ին փոխանցել է, որ չի տուժել, բայց ստիպված էր հեռանալ, նշելով, որ կփորձի ավելի ուշ վերադառնալ հուշահամալիր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու հնարավորություն չի տեսնում, քանի որ երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել։
«Այս պահին, մենք չենք խոսում ապագայի մասին, ես չեմ տեսնում անհապաղ համապարփակ զինադադարի, խաղաղ բանակցությունների հասնելու հնարավորություն», - ասել է Գուտերեշը։
Նրա խոսքով, դա գիտակցելով՝ ՄԱԿ-ը կենտրոնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կոնկրետ հարցերի շուրջ բանակցությունների, կոնկրետ խնդիրների լուծման վրա։ Գուտերեշը նշել է, որ այժմ գլխավոր առաջնահերթությունը հացահատիկի գործարքի երկարաձգումն է, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին:
Կիև է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Այցի նախաշեմին՝ անցած գիշեր, ռուսական ուժերը կրկին թիրախավորել են Ուկրաինայի մայրաքաղաքը, ըստ պաշտոնական աղբյուրների՝ Կիևի վրա արձակված բոլոր հրթիռները խոցվել են:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագիծ, որով մայիսի 8-ը պաշտոնապես հայտարարվում է Հիշատակի և նացիզմի դեմ հաղթանակի օր, իսկ մայիսի 9-ը, երբ Ռուսաստանը նշում է Հաղթանակի օրը, ուկրաինացիների համար կդառնա Եվրոպայի օր։
Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր Եվրահանձնաժողովի նախագահն արդեն հինգերորդ անգամ է այցելում այդ երկիր: Ֆոն դեր Լայենի խոսնակի փոխանցմամբ՝ Եվրամիության գործադիր իշխանության ղեկավարն այցի ընթացքում «վերահաստատելու է Եվրամիության անսասան աջակցությունն Ուկրաինային»:
Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր ռազմական շքերթ է անցկացվել ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ 7 երկրների ղեկավարներ՝ Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նախագահները։
Միջոցառմանը ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի դեմ պատերազմ է «սանձազերծվել», դրա համար մեղադրելով «արևմտյան գլոբալիստական էլիտաներին», նրանց համեմատել նացիստների հետ։
Պուտինի համոզմամբ՝ Արևմուտքի նպատակը Ռուսաստանի «քայքայումն ու կործանումն» է։
Մոսկովյան ռազմական շքերթը տևել է ընդամենը 45 րոպե՝ ներառյալ զորքի քայլերթը և Պուտինի ելույթը, մինչդեռ անցած տարիներին այս միջոցառման տևողությունը հասնում էր մեկուկես ժամի:
Այս գիշեր Կիևի վրա ռուսական զորքերի կողմից արձակված բոլոր հրթիռները խոցվել են, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Նրա տվյալներով՝ գիշերային հարձակումն իրականացվել է Կասպից ծովի տարածքից Տու-95ՄՍ չորս ռազմավարական ռմբակոծիչներից: Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ արձակված X-101 հրթիռները չեն հասել իրենց թիրախներին:
Ըստ նույն աղբյուրի՝ մայիսի սկզբից ի վեր սա արդեն հինգերորդ օդային հարձակումն էր Կիևի վրա։
Այսօր առավոտյան Կիևում, ինչպես նաև Ուկրաինայի տարածքի մեծ մասում՝ բացառությամբ արևմտյան մի քանի շրջանների, օդային տագնապ է հայտարարվել ռուսական հրթիռակոծության վտանգի պատճառով։
Այսօր Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային անվտանգության ոլորտում 1,2 միլիարդ դոլարի երկարաժամկետ օգնություն տրամադրելու մասին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով հարցին ծանոթ պաշտոնյաների:
Ինչպես հայտնում է CNN-ը, փաթեթը ներառում է անօդաչու թռչող սարքեր, հրետանային արկեր և հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար, ինչպես նաև այլ զինատեսակներ։
Աջակցությունը Ուկրաինային անվտանգության օգնության նախաձեռնության (USAI) մաս կկազմի: Զենքը ձեռք է բերվելու անմիջապես արտադրողներից, այլ ոչ թե Պենտագոնի պահեստներից:
Հաշվի առնելով նաև այս փաթեթը, ԱՄՆ-ը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, Ուկրաինային ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր արդեն տրամադրել է գրեթե 37 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:
Նացիզմի դեմ հաղթանակի օրվա նախորդ գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որի հետևանքով առնվազն 5 մարդ է վիրավորվել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ իրանական արտադրության 60 կամիկաձե դրոններ են արձակվել ուկրաինական թիրախների ուղղությամբ, այդ թվում՝ 36-ը՝ Կիևի վրա։ Դրոնները ոչնչացվել են, սակայն բեկորներն ընկել են շենքերի ու տների վրա։
«Հիմա մենք գտնվում ենք շենքի բնակարաններից մեկում։ Այսօր ամենազանգվածային գրոհներից մեկն էր մեր հայրենի քաղաքի վրա։ Մեր հայրենի քաղաքի ուղղությամբ իրանական 36 կամիկաձե դրոններ են արձակվել, և շնորհիվ հակահրթիռային համակարգերի դրանք բոլորը ոչնչացվել են։ Հինգ մարդ է տուժել, երկուսը հիմա գտնվում են հիվանդանոցում։ Բայց ոչ մեկը չի զոհվել, ինչը շատ կարևոր է»,- նշել է Կիևի քաղաքապետը։
«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինն այսօր ասել է, թե իր զինյալները Բախմուտում առաջ են շարժվել։
«Այսօր «Վագների» ստորաբաժանումների առաջխաղացումը տարբեր ուղղություններով կազմել է մինչև 280 մետր։ Շարժվում ենք առաջ՝ սպասելով զինամթերքի մատակարարմանը», - ասել է նա՝ հրապարակված տեսանյութում։
Անցած շաբաթավերջին Պրիգոժինը հայտարարել էր, որ մայիսի 10-ին «Վագները» հեռանալու է Բախմուտից, քանի որ անհրաժեշտ քանակի զինամթերք չեն ստանում, որի համար նա մեղադրել էր Ռուսաստանի ՊՆ նախարարին և ԳՇ պետին։