Ռուսական զորքերն այս գիշեր իրանական Shahed անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կրիվոյ Ռոգի վրա, հաղորդում են Ուկրաինայի իշխանությունները:
Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ ոչնչացվել է մեկ անօդաչու թռչող սարք, 5-ը խոցել են թիրախները։ Ըստ նրա՝ զոհեր և վիրավորներ չկան։
«Հարձակման հետևանքները պարզվում են», - գրել է Լիսակը Տելեգրամում։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է պատերազմի ընթացքում Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձի վերաբերյալ համաժողով կազմակերպելու մտադրության մասին։
«Սա սարսափելի հիշեցում է մեր պատմության ամենամութ ժամանակների մասին: {…} Սա ռազմական հանցագործություն է», - ասել է նա Եվրամիության գագաթնաժողովից հետո:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Միջազգային քրեական դատարանի օրդերով Ռուսաստանի նախագահի ձերբակալությունը «հասկանալի է՝ երբեք իրականություն չի դառնա»: «Բայց պատկերացրեք դա կատարվել է՝ միջուկային տերության գործող ղեկավարը ժամանել է, ենթադրենք, Գերմանիա և նրան ձերբակալել են։ Ի՞նչ է դա։ Ռուսաստանի Դաշնությանը պատերազմ հայտարարել», - ընդգծել է Մեդվեդևը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան Ռուսաստանի մաս է. - «Մենք երկար ժամանակ հաշտվել ենք, որ ապրում ենք տարբեր բնակարաններում։ Ստիպված հաշտվել ենք դրա հետ, հորինած սահմանների, տարածքների հետ, որոնք միշտ Ռուսական կայսրություն են եղել»։
Մեդվեդևի կարծիքով՝ միջուկային հակամարտության վտանգը մեծանում է, բայց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի միջուկային հավասարակշռությունը և նույնիսկ գերազանցությունը երաշխավորում է Ռուսաստանի ամբողջականությունը, և «եթե դա չլիներ, մեզ պատառների կբաժանեին»։ Նրա պատկերացումներով՝ Արևմուտքը չի սիրում Ռուսաստանի և Չինաստանի անկախությունը, առաջիկա տասնամյակները հանգիստ չեն լինի, քանի որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը տրոհել փոքր ու թույլ պետությունների։
Կիևի մարզի Ռժիշչև քաղաքում զոհերի թիվը հասել է 9-ի։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ չորեքշաբթի գիշերը Կիևի շրջանը և երկրի այլ շրջանները ենթարկվել են կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
«Հարձակման զոհերի ընդհանուր թիվը 9 է, Ռժիշչևում որոնողափրկարարական գործողությունն ավարտվել է»,- «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիևի վարչության ներկայացուցիչ Վիկտորյա Ռուբանը։
Փրկարարական աշխատանքներն ավարտվել են մարտի 23-ին՝ ժամը 00:52-ին, նշել են ծառայությունից։
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ առաջնորդներին ուղղված հրավերի նամակում ասել է, որ գագաթնաժողովը նվիրված է լինելու «հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներին և գլոբալ մարտահրավերներին», ներառյալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ ռազմական օգնությունը:
Դա, նրա խոսքով, ներառում է ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը։ Նույն համատեքստում կքննարկվի պարենային գլոբալ անվտանգության հարցը։
Ինչպես նշել է Միշելը՝ «մեր նպատակն է առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում»։
Դա անելու համար, ինչպես նա ասում է իր նամակում, «մեզ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների մեծացման համար»։
Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, տեղի կունենա եվրագոտու գագաթնաժողովը, որին կմասնակցեն միության բոլոր 27 երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը և Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն՝ քննարկելու համար տնտեսական և ֆինանսական իրավիճակը։
Արևմուտքը պետք է պատրաստվի Կիևին երկար ժամանակ զենք և զինամթերք մատակարարելուն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The Guardian-ին տված հարցազրույցում։
Ստոլտենբերգի խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և արևմտյան այլ երկրներ պետք է պատրաստ լինեն «երկար ժամանակ զենքով, զինամթերքով և պահեստամասերով աջակցել Ուկրաինային»։
«Դրա անհրաժեշտությունը կշարունակվի, քանի որ սա քայքայման բերող պատերազմ է», - ասել է գլխավոր քարտուղարը՝ շարունակելով. - «Խոսքը վերաբերում է աջակցությունը շարունակելու արդյունաբերական ներուժին»:
«Զինամթերքի ընթացիկ օգտագործման տեմպերն ավելի բարձր են, քան արտադրության ներկայիս տեմպերը», - հավելել է նա։
ՆԱՏՕ-ի ղեկավարը չի բացառել նաև, որ դաշինքի անդամները կարող են Ուկրաինա ուղարկել F-16 կործանիչներ կամ այլ ռեակտիվ ինքնաթիռներ։
Խոսելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու Չինաստանի ցանկության մասին՝ Ստոլտենբերգը հորդորել է Պեկինին՝ փորձել «հասկանալ Ուկրաինայի հեռանկարները» և «ուղղակիորեն համագործակցել նախագահի (Վլադիմիր Զելենսկիի) հետ»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնբասի շրջան՝ Բախմուտ, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինծառայողներին:
Նա զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ և նրանց մեդալներ է հանձնել խիզախ ծառայության համար:
«Ինձ համար պատիվ է լինել այստեղ, Ուկրաինայի արևելքում, Դոնբասում», - ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, այս պատերազմում պետք է խնայել հնարավորինս մեծ թվով ուկրաինացի զինվորների կյանքեր:
«Դուք անհրաժեշտ եք մեր երկիրը պաշտպանելու համար: Շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Զելենսկին:
Հանդիպումից հետո զինծառայողները լուսանկարվել են Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հավաստիացրել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի արդիականացումը կավարտվի այս տարվա ընթացքում: Այդ մասին նա ասել է պաշտպանական գերատեսչության խորհրդի նիստում:
Ռուսաստանը մի քանի անգամ Ուկրաինային մեղադրել է պատերազմի մեկնարկից ի վեր բուն Դաշնության տարածքում անօդաչուներով գրոհներ իրականացնելու համար:
«Մեզ համար առաջնահերթություն է օդային և տիեզերական ուժերի զարգացումը, նոր համակարգեր բանակին փոխանցելը: Այս տարում մենք ամբողջությամբ կավարտենք Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացումը», - հավաստիացրել է Շոյգուն:
Նա հայտնել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 հազար ուկրաինական ռազմական թիրախներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հավաստիացրել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի արդիականացումը կավարտվի այս տարվա ընթացքում: Այդ մասին նա ասել է պաշտպանական գերատեսչության խորհրդի նիստում:
Ռուսաստանը մի քանի անգամ Ուկրաինային մեղադրել է պատերազմի մեկնարկից ի վեր բուն Դաշնության տարածքում անօդաչուներով գրոհներ իրականացնելու համար:
«Մեզ համար առաջնահերթություն է օդային և տիեզերական ուժերի զարգացումը, նոր համակարգեր բանակին փոխանցելը: Այս տարում մենք ամբողջությամբ կավարտենք Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացումը», - հավաստիացրել է Շոյգուն:
Նա հայտնել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 հազար ուկրաինական ռազմական թիրախներ:
Ռուսական ուժերն այսօր հրթիռակոծել են Զապորոժիե քաղաքը: Հրթիռներից մեկը հարվածել է 9-հարկանի բնակելի շենքին, որը մասամբ ավերվել է: Սկսվել է հրդեհ, այն տարածվել է հարևան շենքի վրա:
Տուժել են 18 բնակիչներ, այդ թվում` երեխաներ: 11 չափահասներ փոխադրվել են հիվանդանոց, նրանցից 4-ը ծանր վիճակում են, 7-ի վիճակը միջին ծանրության է:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ ալիքում տեղադրել է շենքին հրթիռի հարվածելու պահն արձանագրած տեսանյութը:
«Ռուսաստանը գազանի դաժանությամբ հրթիռակոծում է քաղաքը, հրթիռները հարվածում են բնակելի թաղամասերին, որտեղ ապրում են շարքային մարդիկ, երեխաներ: Ահաբեկիչ պետությունը փորձում է ոչնչացնել մեր քաղաքները, մեր պետությունը, մեր մարդկանց»,- գրել է Զելենսկին տեսանյութի տակ: