Ֆրանսիան ցանկանում է տեսնել Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում, բայց ոչ Ռուսաստանի լիակատար ջախջախումը, փետրվարի 18-ին Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Le Figaro և Le Journal du Dimanche թերթերին ու France Inter հեռուստակայանին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Արևմուտքը մերժում է բուն Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու գաղափարը:
«Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, և ես ուզում եմ, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իր դիրքերը, բայց ես համոզված եմ, որ ի վերջո այս [պատերազմը] ռազմական ճանապարհով չի ավարտվի»,- իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահը։
Չնայած նա հույս է հայտնել, որ Արևմուտքի օգնությամբ Ուկրաինայի հաջողությունները ռազմի դաշտում Ռուսաստանին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, միաժամանակ խոստովանել է, որ այժմ «Մոսկվայի հետ երկխոսության ժամանակը չէ»։ Մակրոնը կարծում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ռազմական հարձակում, որը կկործանի ռուսական ճակատը, ինչը կհրահրի վերադառնալ բանակցություններին։ Նրա համոզմամբ՝ «կողմերից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ հաղթել»՝ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինին նախազգուշացրել է հետևանքների մասին, որ կարող են լինել Չինաստանի համար Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա աջակցելու դեպքում։
Չինացի պաշտոնյայի հետ հանդիպումից հետո տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է, որ Պեկինը դիտարկում է զենք մատակարարելու հարցը Մոսկվային։
«Մենք շատ անհանգիստ ենք, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայում մահաբեր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։ Ես հասկացրել եմ, որ դա լուրջ հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների վրա», - ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը շուտով կհրապարակի ավելի շատ մանրամասներ:
Երկու գերտերությունների բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են չբացահայտված վայրում՝ Մյունխենում գլոբալ անվտանգության համաժողովի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ, ելույթ ունենալով համաժողովի ժամանակ, Վան Ին կրկնել էր երկխոսության կոչը և առաջարկել եվրոպական երկրներին «հանգիստ մտածել» այն մասին, թե ինչպես վերջ տալ պատերազմին:
Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հայտարարել է, որ հիմա ՆԱՏՕ-ի ընդլայնման ժամանակն է։
Նա ասել է, թե քրտնաջան աշխատում է, որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան կարողանան անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին մինչև գալիք հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
Ստոլտենբերգն անդրադարձել է նաև ռուս - ուկրաինական պատերազմի հարցում Չինաստանի դիրքորոշմանը։
«Պեկինն ուշադիր հետևում է՝ տեսնելու, թե ինչ գին է վճարելու Ռուսաստանը կամ ինչ պարգև է ստանալու իր ագրեսիայի համար», - ասել է Ստոլտենբերգը և հավելել՝ այսօր ինչ կատարվում է Եվրոպայում, վաղը կարող է տեղի ունենալ Ասիայում։
Ուկրաինայի ինը մարզերից այսօր հաղորդել են, որ ռուսական ուժերի կողմից ենթարկվել են հրթիռակոծման, հրետակոծման և ավիահարվածների։ Հրթիռներ են արձակվել նաև Սև ծովից։ Դոնեցկի, Խարկովի ու Խերսոնի մարզերում ընդհահուր առմամբ 5 մարդ է զոհվել, կան վիրավորներ, ավերածություններ։
Ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական նավատորմը Սև ծովից «Կալիբր» տեսակի հրթիռներ է արձակել Խմելնիցկի քաղաքի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Կիևից 247 կիլոմետր դեպի արևմուտք։ Ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ արձակված չորս հրթիռներից երկուսը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են, մյուս երկուսը քաղաքում պայթել են, ինչի հետևանքով հարյուրավոր պատուհաններ են փշրվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնոշենկովն այսօր ասել է, որ Դոնեցկի մարզում ռուսական ուժերը շարունակում են հարձակումը։ Նրա հայտնած տվյալներով՝ տարբեր ուղղությունների մարտական գործողություններում ոչնչացվել է 200-ից ավելի ուկրաինացի զինվոր, մի քանի զինապահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկա։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստան կատարելիք այցի ընթաքում Ուկրաինա մտնելու պլաններ չունի։
Միացյալ Նահանգների նախագահի այցը Լեհաստան նախատեսված է գալիք շաբաթվա սկզբին։ Նա Վարշավայում ելույթ է ունենալու փետրվարի 21-ին։
Բայդենը նաև հանդիպելու է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ու տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ։
ԱՄՆ-ի նախագահի այցը կատարվում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու տարելիցին։
Չինաստանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններ:
Այդ մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ասել է Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:
Նիստը գումարվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ և նվիրված է «Մինսկյան համաձայնությունների» թեմային:
Չինաստանի պատվիրակը նաև Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին կոչ է արել բանակցել Ռուսաստանի հետ և երկխոսություն վարել՝ ելնելով անվտանգության անբաժանելիության սկզբունքից:
«Պետք է քննարկել անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և ամուր ճարտարապետություն ստեղծելու հնարավորությունը և համընդհանուր անվտանգություն ապահովել»,- ասել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Մյունխենում գումարված անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովում ասել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու ժամանակը դեռ չի եկել:
«Մենք պետք է ուժ և խիզախություն ունենանք երկխոսությունը վերականգնելու և կայուն որոշում գտնելու համար: Բայց հասկանալի է, որ հիմա այդ երկխոսության ժամանակը չէ»,- ասել է Մակրոնը:
Նա միաժամանակ նշել է, թե առանց Ռուսաստանը հաշվի առնելու Եվրոպայում հնարավոր չէ կայուն խաղաղություն հաստատել:
«Խնդիրն այն է, որ մեր մայրցամաքում չի լինի կայուն և լիարժեք խաղաղություն առանց Ռուսաստանի գործոնն ընդգրկելու, բայց դա պետք է արվի սթափ գնահատականի հիման վրա, առանց զիջումի, սա է իրականությունը»,- Մյունխենում ասել է Մակրոնը:
Նա հայտարարել է նաև, թե բացարձակ չի հավատում Ռուսաստանում իշխանափոխության հնարավորությանը:
«Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, ո՞վ պետք է հերթափոխը ստանձնի, ո՞ր լիդերը, ինչպե՞ս դա իրականացնել: Մենք սատարել ենք ռեժիմների փոփոխություններին, բայց ամեն անգամ դա անհաջողությամբ է ավարտվել»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը համոզված է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է շարունակել ռազմական օգնություն տրամադրել ռուսների կողմից ագրեսիայի ենթարկված այդ երկրին:
Նա ասել է, թե հակամարտությունը վաղ թե ուշ պետք է ավարտվի բանակցություններով, բայց դրանց արդյունքը կախված կլինի ռազմի դաշտում ստեղծված իրավիճակից:
«Այսօր Կիևին սատարելը միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի հասնել հարատև և արդար խաղաղության»,- ասել է Ստոլտենբերգը Մյունխենում:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը դրական պատասխան է տվել այն հարցին, թե ադրյո՞ք Կիևը կարող է հաղթել:
«Այո, և դա է պատճառը, որ մենք սատարում ենք Ուկրաինային»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռուսական կողմը պնդում է, թե Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումը սոսկ երկարաձգում է հակամարտությունը, բայց դրա ընթացքի և ավարտի վրա, իբր, ազդեցություն չի գործի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան զայրույթով է արձագանքել Ղրիմում ռուսական ռազմական թիրախներին ուկրաինացիների հասցրած հարվածներին հավանություն տալու մասին ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի հայտարարությանը:
«Ահա Նուլանդի մեկնաբանությունը, տեսեք, Վաշինգտոնը սատարում է ռուսական թերակղզուն Ուկրաինայի հարվածներին, Նուլանդը նաև ասում է, թե Ղրիմը պետք է ապառազմականացնել: Վերստին ստիպված ենք փաստել, որ Միացյալ Նահանգները ներքաշված է Ուկրաինայի հակամարտությանը»,- հայտարարել է Զախարովան:
Նրա համոզմամբ, Վաշինգտոնը Կիևին հրահրում է հակամարտությունը տեղափոխել Ռուսաստանի տարածք:
«Նրանք {ամերիկացիները} առաջարկում են դա անել ուղիղ հարվածներով, մենք հենց այս վտանգի մասին էինք նախազգուշացնում, հենց դա է մեզ ստիպել սկսել հատուկ ռազմական օպերացիան»,- ասել է Զախարովան:
Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի կենտրոնական թեմաներից մեկն Ուկրաինան է:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավաստիացրել է, որ իր երկրում արտադրված ծանր տեխնիկան առաջիկայում կհասնի Ուկրաինա:
«Գերմանական «Leopard»-ներն ամենաուշը մարտ ամսվա վերջին կլինեն Ուկրաինայում»,- ասել է նախարարը:
Նա կրկնել է ՆԱՏՕ-ի երկրներին հասցեագրված կոչը պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 տոկոսը հասցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ այլապես դաշինքը չի կարողանա կատարել անհրաժեշտ ծրագրերը:
«Համոզված եմ, որ հիմա այնպիսի ժամանակ է, երբ էլ ավելի է կարևորվում Մյունխենի անվտանգության համաժողովի նշանակությունը»,- հայտարարել է Բորիս Պիստորիուսը: