- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Առաջիկա հունվարից Եվրամիությունը հատուկ ներկայացուցիչ կունենա, որի լիազորություններից է կոչ անել երրորդ երկրներին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև կանխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման փորձերը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
Ստանոն նշել է, որ Բրյուսելի համար շատ կարևոր է աշխարհի բոլոր գործընկերներին փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու անհրաժեշտությունը։
Առայժմ չի հաղորդվում, թե ով է զբաղեցնելու պատժամիջոցների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահը հաստատել է Վաշինգտոն իր այցի մասին տեղեկությունը։
«Մեկնում եմ ԱՄՆ՝ ուժեղացնելու Ուկրաինայի դիմադրողականությունն ու պաշտպանությունը: Մասնավորապես, Ջո Բայդենի հետ կքննարկենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համագործակցությունը: Ես նաև ելույթ կունենամ Կոնգրեսում և մի շարք երկկողմ հանդիպումներ կունենամ», - գրել է Վլադիմիր Զելենսկին Twitter-ում։
ԱՄՆ նախագահն իր ուկրաինացի գործընկերոջ Վաշինգտոն այցի ընթացքում կհայտարարի անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից, ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։
Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունն է պատերազմի տասն ամիսների ընթացքում։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի, երբ դեկտեմբերի 16-ին աշխատել է այդ գործողության զորքերի միացյալ շտաբում, հայտնել է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարը գտնվում է «հատուկ ռազմական գործողության» գոտում։
«Եթե նա [Գուրուլևը] նկատի ունի այն շտաբը, որտեղ նա [Պուտինը] եղել է ուրբաթ օրը, ապա այո»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ամբողջ օրն աշխատել է «հատուկ ռազմական գործողության» մեջ ներգրավված ռազմական ուժերի միացյալ շտաբում։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկրի հատուկ ուժերին է'լ ավելի կոշտ գործել դավաճաններին բացահայտելու գործում․ - «Խստորեն ճնշել օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործողությունները, արագ բացահայտել դավաճաններին, լրտեսներին և դիվերսանտներին»։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով, ռուսները վերջին օրերին, մի կողմից, կորցրել են որոշ դիրքեր Բախմուտից հարավ ընկած հատվածում, մյուս կողմից, դիրքեր են գրավել քաղաքի ծայրամասերում։
Պատերազմի տասը ամիսների ընթացքում ուկրաինացիները ռուսական օկուպացիայից ազատագրել են ավելի քան 74 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Սա Ուկրաինայի տարածքի 12,3 տոկոսն է։
Սակայն ռուսները դեռ վերահսկում են մոտ 87 հազար քառակուսի կիլոմետր ուկրաինական հող կամ երկրի տարածքի մոտավորապես 14,4 տոկոսը։ Եվ սա երկու անգամ ավելի է, քան եղել է մինչև փետրվարի 24-ի ներխուժումը։
Ամերիկացի վերլուծաբանների այս տվյալների համաձայն, ուկրաինացիներին այդուամենայնիվ հաջողվել է ազատագրել փետրվարի 24-ից հետո ռուսների վերահսկողության տակ անցած տարածքների մեծ մասը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ծառայությունների օրվա կապակցությամբ իր խոսքում այսօր թերևս առաջին անգամ խոստովանել է․ իրավիճակը Ուկրաինայի բռնակցված շրջաններում «չափազանց բարդ է». - «Իրավիճակը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ծայրահեղ բարդ է».
Ուկրաինայի նախագահն էլ իր երեկվա ուղերձում հայտարարել է, թե Կրեմլը պարզապես չգիտի, թե ինչպես սեփական ընդունել սխալները. - «Ուղղակի մտածեք դրա մասին. Ռուսաստանն արդեն կորցրել է մոտ 99 հազար զինվոր Ուկրաինայում: Ինչի՞ համար։ Մոսկվայում ոչ ոք պատասխան չունի և չի ունենալու»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
2022 թվականին Ռուսաստանը լքել է մոտ 100 հազար ՏՏ մասնագետ, ինչը կազմում է ռուսական ՏՏ ընկերությունների աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 10 տոկոսը։ Այս մասին հայտնել է ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Մաքսուտ Շադաևը՝ ելույթ ունենալով ՌԴ Պետդումայի նիստում։
«Շատերը վերադարձել են, բայց եթե ընդհանուր առմամբ վերցնենք, մոտ 100 հազար ՏՏ մասնագետ գտնվում է երկրից դուրս»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իշխող «Եդինայա Ռոսիա»-ն պատրաստվում է Պետդումա ներկայացնել օրինագիծ, որն արգելում է հեռավար աշխատանքը նրանց համար, ովքեր լքել են Ռուսաստանը և կորցրել են իրենց հարկային բնակության իրավունքը։ Արգելքի ենթակա մասնագիտությունների վերջնական ցանկը կորոշի կառավարությունը։ Ռուսաստանը լքած քաղաքացիների մեծ մասը հաստատվել է հարևան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Վրաստանում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Չուվաշիայում պայթյուն է որոտացել Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարի վրա, հաղորդում են ռուսաստանյան պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է երեք զոհի և մեկ վիրավորի մասին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ Յամբախտինո գյուղի մոտ՝ Չեբոկսարիից մոտ 50 կիլոմետր դեպի հարավ, տեղի է ունեցել արտահոսք, որին էլ հաջորդել է հրդեհ ստորգետնյա գազատարում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ հրդեհի տարածքում բարձր ջերմաստիճանի պատճառով բնակիչները չեն կարողանում մոտենալ իրենց տներին։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել շինմոնտաժային աշխատանքների ժամանակ։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված միջադեպը, դեռևս հայտնի չէ։
Աշխատանքներն իրականացրել է «Գազպրոմ Տրանսգազ Նիժնի Նովգորոդ» ընկերությունը։ Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ գազատարը ռուսաստանյան կապույտ վառելիքը Սիբիրից Եվրոպա է հասցնում Ուկրաինայի տարածքով։ Խողովակաշարը հատում է ռուս-ուկրաինական սահմանը Կուրսկի շրջանի Սուդժա կայարանի մոտ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի մարզում գտնվող Բախմուտ, որտեղ այժմ թեժ մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը:
Բախմուտը համարվում է կարևոր տրանսպորտային հանգույց, որտեղով անցնում են Լիսիչանսկի և Սևերոդոնեցկի, Սևերսկի, Սլովյանսկի, Կրամատորսկի, Կոնստանտինովկայի, Գորլովկայի և Լուգանսկի ճանապարհները։
Բախմուտի չդադարող գնդակոծությունների ֆոնին, ըստ տարբեր աղբյուրների, քաղաքի 70 հազար բնակիչների մեծ մասը լքել է իր տունը, քաղաքում չկա ջուր, հոսանք, բազմաթիվ շենքեր ավերված են:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Վաշինգտոնը կշարունակի վերահսկել, թե արդյոք Բելառուսը ցանկանում է լրացուցիչ օգնություն տրամադրել Մոսկվային Ուկրաինայի հետ պատերազմում, և եթե դա տեղի ունենա, կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել Մինսկի դեմ, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Եթե մենք տեսնենք սա [հավելյալ աջակցություն ցուցաբերելու փորձերը], տեսնենք դրա պոտենցիալը, ապա համաչափ պատասխան կտանք՝ լրացուցիչ միջոցների ներդրմամբ»,- ասել է նա։
Լուկաշենկոյի կախվածությունը Պուտինից մտավախություն է առաջացնում Կիևում, որ Ռուսաստանի նախագահը կարող է ի վերջո ստիպել նրան միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ այցելեց հարևան և սերտ դաշնակից երկիր Բելառուս:
Բանակցություններից հետո նա և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ երեկոյան մամուլի համատեղ ասուլիս են տվել:
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ կլանել Բելառուսը: «Հարցը ոչ թե կլանելն է, այլ տնտեսական քաղաքականությունը համաձայնեցնելը», - ասել է Ռուսաստանի նախագահը երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների մասին:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում կլանել որևէ երկիր, այդ թվում՝ Բելառուսը:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ Պուտինը կփորձի Լուկաշենկոյին համոզել՝ օգնել Ուկրաինայի դեմ պատերազմում, նույնիսկ զինվորներ ուղարկել: