- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ եվրոպական դաշինքի դիվանագիտության ղեկավարը չէ, որ պետք է որոշի Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները։ Այսկերպ Ռեջեփ Էրդողանը արձագանքել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու Ջոզեպ Բորելի կոչին։
«Բորելին չեմ ընկալում որպես զրուցակից։ Նրա հետ շփվելու մակարդակում կարող է լինել մեր Մևլութ բեյը։ Սիրուն չէ հայտարարությունը։ Բորելը չի կարող որոշել և ձևակերպել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա չունի ոչ որակավորում, ոչ ունակություն ընդունելու նման որոշումներ։ Ո՞վ է նա, որ գնահատի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պատժամիջոցների շրջանակներում»,-նախագահ Էրդողանի խոսքերն են մեջբերում թուրքական լրատվամիջոցները։
Պաշտոնական Բրյուսելը դեռևս չի արձագանքել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության օրենսդիր մարմինը 1932-33 թթ. Ուկրաինայում տեղի ունեցած զանգվածային սովը ճանաչել է որպես ցեղասպանություն։ Համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 507 պատգամավոր, դեմ՝ 12, 17 -ը՝ ձեռնպահ։
«Հոլոդոմորը (Գոլոդոմոր-խմբ.)` Ուկրաինայում 1932-1933 թվականների արհեստական սովը, որը առաջացել է խորհրդային ռեժիմի գիտակցված գործողություններով, Եվրախորհրդարանը ճանաչում է որպես ուկրաինական ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանություն»,- ասվում է բանաձևի տեքստում։
Հոլոդոմորը ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձևեր են ընդունել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը, Իռլանդիայի Սենատն ու Մոլդովայի և Ռումինիայի խորհրդարանները։ Միացյալ Նահանգները համապատասխան բանաձևն ընդունել է դեռևս 2018 թվականին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների և գեներատորների մատակարարումն Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ արտգործնախարարության անանուն դիվանագիտական աղբյուրը։
«Բաքվի կողմից նման քայլը տարակուսելի է», - ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում պետական գործակալությունը։ «Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե սկզբունքորեն փոխեն իրավիճակը, չեն համապատասխանում մարդասիրական օգնությանը», - հավելել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Անցած շաբաթ պաշտոնական Բաքուն հայտնել է, որ տասնյակ տրանսֆորմատորներ և գեներատորներ է ուղարկում Ուկրաինա ՝ ի պատասխան Կիևի օգնության կոչերի։ Տարբեր գնահատականներով՝ ադրբեջանական օգնության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 800 հազար դոլար:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Լեհաստանի օրենսդիր մարմնի ստորին պալատը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչությանն աջակցող պետություն։
Սեյմի ընդունած բանաձևի համաձայն՝ Ռուսաստանը «համակարգված խախտում է մարդու իրավունքները, միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը», «հարձակվում է այլ պետությունների տարածքների վրա, իրականացնում զինված հարձակումներ, ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն»։
Փաստաթղթում նաև նշվում է․ որ Ռուսաստանը «զբաղված է թշնամական տնտեսական գործունեությամբ», մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ ռուսական ուժերի կողմից այսօրվա հրթիռակոծության հետևանքով Խերսոնում երկու մարդ է զոհվել:
«Թշնամին կրկին հարվածել է քաղաքի կենտրոնին՝ 100 մետր հեռու Խերսոնի շրջանային ռազմական օկրուգի շենքից, որը երեկ է հարձակման ենթարկվել։ Կան տեղեկություններ երկու զոհ մասին։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները», - Տելեգրամի իր ալիքում գրել է Տիմոշենկոն։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական ուժերը ավելի քան 80 անգամ հրթիռակոծել են Խերսոնը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եթե ԱՄՆ-ը Patriot հրթիռային համակարգեր փոխանցի Ուկրաինային, դա կլինի հերթական սադրիչ քայլը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, երեկ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը:
«Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա մենք ականատես կլինենք վարչակազմի հերթական սադրիչ քայլին, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների», - ասված է հայտարարությունում:
«Վաշինգտոնի այս գիծը ոչ միայն հսկայական վնաս է հասցնում ռուս - ամերիկյան հարաբերություններին, այլ նաև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում գլոբալ անվտանգության համար: ԱՄՆ-ն է պատասխանատու ուկրաինական հակամարտության երկարաձգման և սրման համար», - նշված է հաղորդագրությունում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են 64 ռազմագերիների վերադարձնելու մասին:
Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի փոխանցմամբ, «տուն են վերադարձել մեր հերսները՝ սպաներ և շարքայիններ»:
Հաջողվել է ազատել նաև հունիսին Խերսոնում ռուսների կողմից ձերբակալված և «ատելության խոսք տարածելու» մեղադրանքով դատապարտված Միացյալ Նահանգների քաղաքացի Մուրեկեզի Սուեդիին:
Ռուսներն ուկրաինական կողմին են վերադարձրել են նաև 4 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները:
Ռուսական կողմն, իր հերթին, հայտնել է նախօրեին Դոնեցկի բանակի ինքնահռչակ կազմավորման «բանակի» 104 զինծառայողներին ուկրաինական գերությունից ազատելու մասին: Ըստ ռուսների, «նրանք ուկրաինական բանտերում դաժան վերաբերմունքի են ենթարկվել»:
Ռուսաստանը և Ուկրաինան վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար գերիներ են փոխանակում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլը հայտարարել է, թե Ուկրաինային փոխանցվող ամերիկյան արտադրության Patriot տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական բանակի համար կդառնան օրինական թիրախ:
«Կա տեղեկություն, որ Patriot-ների փոխանցումը վերջնական համաձայնեցվում է, եթե այդպես լինի, դրանք անմիջապես կդառնան մեր ուժերի համար լեգիտիմ թիրախ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Patriot-ները համարվում են աշխարհում այսօրվա դրությամբ ամենաարդիական և կատարելագործված ՀՕՊ համակարգերից մեկը:
Ռուս-ուկրաինական պարտերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը մոտ 19 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Կիևին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրախոհրրդարանը խորհրդային գիտնական, այլախող և իրավապաշտպան, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան 2022 թվականի մրցանակը «Մտքի ազատության» մրցանակը շնորհել է «Ուկրաինայի խիզախ ժողովրդին»:
Դափնեկրի թեկնածուների ցանկում էին Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և «Ճշմարտության հանձնաժողով» կոլումբիական կազմակերպությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Եվրախորհրդարանին: Նա ասել է, որ պետք է ոչ թե սպասել պատերազմի ավարտին, այլ հենց այսօր ջանքեր գործադրել պատերազմի համար մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:
Անցյալ տարի Սախարովի մրցանակին արժանացել է ռուսաստանցի բանտարկված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:
Եվրոպական խորհրդարանն այս տարի մրցանակը շնորհում է «թե՛ իրենց հողում հայրենիքի համար կռվող ուկրաինացիներին, թե՛ պատերազմում մտերիմներին կորցրածներին և թե՛ պատերազմի հետևանքով փախստական դարձած բնակիչներին»
Անդրեյ Սախարովի անվան մրցանակը հիմնվել է 1988 թվականին: Դա Եվրամիության կողմից շնորհվող բարձրագույն մրցանակն է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հռոմի Բենեդիկտոս պապը մարդկանց հորդորել է նվազեցնել սուրբծննդյան տոնակատարությունների և նվերների համար նախատեսած դրամական միջոցները և տարբերությունը փոխանցել ընթացող պատերազմի հետևանքով ցրտի ու սովի մատնված ուկրաինացիներին:
«Եկեք վերստին դրսևորենք մեր մտերմությունը նահատակ ուկրաինացի ժողովրդին: Աղոթենք այդքան տառապող մեր քույրերի և եղբայրների համար, այնքան շատ է տառապանքն Ուկրաինայում, այնքան շատ»,- ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:
Նա կոչ է արել այս տարվա Սուրբ ծնունդի օրերին բավարարվել ավելի համեստ սեղաններով և ավելի համեստ նվերներով և խնայված գումարով օգնել Ուկրաինային:
«Եկեք չմոռանանք նրանց: Այո, Սուրբ ծնունդն է, այո, մեր հոգիներում խաղաղությունն է Տիրոջ հետ, բայց մեր սրտում նաև ուկրաինացիներն են: Եկեք կոնկրետ գործերով օգնենք նրանց»,- ասել է Հռոմի պապը: