- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Բայդենն ասել է, որ «ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի ուկրաինական տարածքների Ռուսաստանի բռնակցումը»։ Նա նաև հայտնել է Ուկրաինային ևս 625 միլիոն դոլարի ռազմական նոր աջակցություն տրամադրելու մասին, ներառյալ HIMARS հրթիռա-հրետանային համակարգեր։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որտեղ ասվում է, թե անհնարին է բանակցել Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զելենսկու հրամանագիրը հրապարակվել է այսօր, իսկ որոշումը ընդունվել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստում, երբ Պուտինը ստորագրեց Ուկրաինայի չորս շրջանները բռնակցելու փաստաթուղթը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ արդեն ավելի քան 200 հազար պահեստազորային է հավաքագրվել:
Պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությունում Շոյգուն նշել է, որ մինչ Ուկրաինայում տեղակայվելը նրանք վերապատրաստվում են 80 փորձադաշտերում և 6 ուսումնական կենտրոններում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունն առաջիկա օրերին կկազմի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը, և Ֆրանսիան հուսով է, որ այն արագ կընդունվի:
Այդ մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում ասել է երկրի արտգործնախարար Կատրին Կոլոննան:
«Ֆրանսիան ցանկանում է արագ ընդունել պատժամիջոցների նոր եվրոպական փաթեթը: Առաջիկա օրերին այդ աշխատանքը կավարտվի».- ասել է նախարարը:
Նրա փոխանցմամբ, Ֆրանսիան և Եվրամիությունը Ռուսաստանը հանդեպ վարում են «աննախադեպ կոշտ սանկցիոն քաղաքականություն»:
«Պատժամիջոցների նպատակն է առավելագույն ճնշում բանեցնել և Ռուսաստանին զրկել հակամարտությունը շրունակելու հնարավորությունից»,- ասել է Կատրին Կոլոննան և ավելացրել, թե «մյուս կողմից, ոչ Ֆրանսիան և ոչ էլ Մեծ 7-ի որևէ այլ երկիր պատերազմի մեջ չեն Ռուսաստանի հետ»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Արևմտյան զինտարածքի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ռոման Բերդնիկովը: Նա փոխարինել է գեներալ-գնդապետ, Ռուսաստանի հերոս Ռոման Ժուրավլևին:
Ռուսական լրատվամիջոցները ենթադրում են, որ Զինված ուժերի ղեկավարների շրջանում վերջին շաբաթներին տեղի ունեցած կադրային փոփոխությունները վկայում են Ուկրաինայի բանակի հակագրոհները զսպելու անկարողության մասին, ինչը երկրի քաղաքական գերագույն ղեկավարների դժգոհությունն է առաջացրել:
Ժուրավլևի հրամանատարությամբ Արևմտյան զինտարածքի ստորաբաժանումները մասնակցել են Ուկրաինայում վերջին ռազմական գործողություններին, այդ թվում՝ Լիմանի ուղղությամբ, որտեղից ուկրաինական բանակի ճնշման հետևանքով նահանջել են:
Սեպտեմբերի 24-ին «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ՌԴ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել է բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Հանրային հեռուստաընկերության նախկին խմբագիր, ուղիղ եթերում պատերազմի դեմ բողոքի ակցիա կազմակերպած Մարինա Օվսյաննիկովայի նկատմամբ:
Օվսյաննիկովայի համար դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը:
Հանրային հեռուստաընկերության «Վրեմյա» լրատվական ծրագրի թողարկման ընթացքում «Ոչ պատերազմին, այստեղ ձեզ խաբում են» պաստառով ուղիղ եթերում հայտնվելու համար նա տուգանք է վճարել:
Դրանից հետո նա Մոսկվայում բողոքի ցույց է անցկացրել, ինչի համար մեղադրվել է «Ռուսաստանի զինված ուժերի մասին վարկաբեկող տեղեկություններ տարածելու» հոդվածով, որով կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:
Այժմ Օվսյաննիկովան հետախուզման մեջ է, քանի որ խախտել է տնային կալանքի պայմանները և անհետացել է տնից: Նրա անհետանալու մասին հայտնել է նախկին ամուսինը՝ Իգոր Օվսյաննիկովը, ով ասել է, որ «Մարինան և 11-ամյա դուստրը տնից հեռացել են անհայտ ուղղությամբ»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին կոչ է արել անվտանգության իրավիճակի հավանական վատթարացման և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքացիներին սպառնացող հանգամանքների բերումով անհապաղ հեռանալ Դաշնությունից:
Չեխիայի այն քաղաքացիներին, ովքեր կորոշեն մնալ Ռուսաստանում, արտաքին գերատեսչությունը հորդորում է առավել զգոն լինել, տեղեկությունները ստանալ ստուգված լրատվամիջոցներից և կազմել արտակարգ իրավիճակում Ռուսաստանից հեռանալու ծրագիր:
Նախարարությունը նաև զգուշացնում է, որ երկքաղաքացիություն ունեցող Չեխիայի քաղաքացիներին ռուսական իշխանությունները կարող են զորակոչել, քանի որ առաջնայինը կհամարվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը:
Գերատեսչությունը նշել է, որ զորակոչի ենթարկվելու դեպքում Մոսկվայում Չեխիայի դեսպանությունը չի կարողանա լիարժեք պաշտպանություն տալ այդ քաղաքացուն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Լիտվայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Ռյաբոկոնը հայտարարվել է persona non grata՝ անցանկալի անձ և պետք է հեռանա հանրապետության տարածքից: Այդ մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ գերատեսչության, «վերջին ժամանակաշրջանում ռուսաստանցի ժամանակավոր հավատարմատարի գործունեությունը և նրա մեկնաբանությունները հակասում են դիվանագետի կարգավիճակին և ընդունվում են իբրև միջամտություն հյուրընկալող երկրի ներքին գործերին»:
Սերգեյ Ռյաբոկոնը պարտավոր է հինգ օրում հեռանալ Լիտվայից: Ռուսաստանը հայտարարել է, թե անխուսափելիորեն կընդունի պատասխան որոշում Ռյաբոկոնին անցանկալի անձ հայտարարելու և արտաքսելու կապակցությամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մասնակի զորակոչով զինվորագրված ռուսաստանցիների առաջին խումբը տեղակայվել է Լուգանսկի «ժողովրդական հանրապետության» տարածքում: Այդ մասին Տելեգրամ ալիքում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ ուսումնական փուլից հետո այդ զինծառայողները կսկսեն «վերահսկել հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ազատագրված տարածքները»:
Նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին է արձակել Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելու հրամանագիրը:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի փոխանցմամբ, այդ զորահավաքով բանակում ծառայության կանցնի մոտ 300 հազար մարդ:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պարզաբանմամբ, զորակոչվում են մինչև 35 տարեկան շարքայինները և սերժանտները, մինչև 50 տարեկան կրտսեր սպաները և մինչև 55 տարեկան բարձրաստիճան սպաները:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական դուման, այսօր միաձայն հաստատեց Ուկրաինայի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ընդգրկումը Ռուսաստանի կազմում:
Դումայի վավերացրած օրենքների համաձայն, այդ շրջանների բնակիչները հետայսու համարվում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Նրանք կարող են մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ:
ՌԴ քաղաքացիության ընդունումը հնարավոր է միայն համապատասխան դիմում ներկայացնելու և քաղաքացու երդում տալու եղանակով:
Չորս դաշնային սահմանադրական օրենքների քվեարկության արդյունքներն ընդունվել են ծափողջույններով: Դրանից հետո Պետական դումայի պատգամավորները հոտնկայս լսել են Դաշնության օրհներգը:
Դոնեցկի և Լուգանսկի շրջանները Ռուսաստանի կազմում կունենան հանրապետությունների կարգավիճակ, իսկ Զապորժիեի և Խերսոնի տարածքներն ընդունվում են որպես շրջաններ: