- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի ու սահմանապահ ծառայության ստորաբաժանումները Բելառուսի սահմանի մոտ զորավարժություն են անցկացնում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ցանկության է հայտնել, որ դա լինի «արագացված ընթացակարգի» համապատասխան։
«Գործնականում մենք արդեն ապացուցել ենք համապատասխանությունը դաշինքի չափանիշներին։ Դրանք իրական են Ուկրաինայի համար, իրական են մարտի դաշտում, և մեր փոխգործակցության բոլոր ասպեկտներում։ Մենք վստահում ենք միմյանց, մենք օգնում ենք միմյանց և պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է», - այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ տեղի է ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ։
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ քննարկվել են անհրաժեշտ միջոցները, որոնք հարկավոր է ձեռնարկել՝ ապահովելու Եվրաատլանտյան տարածության և Ուկրաինայի անվտանգությունը։ Նշված է, որ այդ միջոցները պետք է ներառեն Ուկրաինայի դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ միջուկային զսպման ռազմավարության իրականացում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրելով Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միացնելու փաստաթուղթը՝ Կիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։
Նա ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցությունների, բայց միաժամանակ ընդգծել, որ այդ Ուկրաինայի այդ չորս շրջաններում անցկացված այսպես կոչված «հանրաքվեների» արդյունքները քննարկման ենթակա չեն։
Նրա խոսքերով՝ Դոնբասի, Խերսոնի ու Զապորոժիեի բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց չորս համաձայնագրերը՝ ուկրաինական օկուպացված տարածքները` Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միավորելու մասին։
«Վստահ եմ՝ այս որոշումները կհաստատվեն նաև Դաշնային խորհրդում, քանի որ դա միլիոնավոր մարդկանց ցանկությունն է արտահայտում», -ասել է Կրեմլի ղեկավարը՝ հիշեցնելով օկուպացված տարածքներում անցկացված հանրաքվեները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր քննարկելու է «Հյուսիսային հոսք» գազատարի իրավիճակը։
Բալթիկ ծովի հատակով անցնող գազատարի երեք ճյուղերում աննախադեպ խաթարումներ կան ու գազի մեծ արտահոսք, որից առաջացած պղպջակները երևում են ծովի մակերևույթին։
«Հյուսիսային հոսք-1» գազատարի օպերատոր ընկերությունը՝ Nord Stream AG-ը հայտարարել է, որ գազի արտահոսքը դադարելուց հետո անհապաղ պետք է հետաքննություն անցկացվի։
Ռուսական գազը Գերմանիա մատակարարող գազատարից արդեն չորս տեղ արտահոսք կա։ Ռադարների արձանագրած տվյալների համաձայն՝ գազի արտահոսքը Բալթիկ ծովի հատակում պայթյունների հետևանք է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ գազատարի դեմ իրականացված դիվերսիան միջազգային ահաբեկչություն է։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր սկսում է Ուկրաինայի գրավյալ տարածքների պաշտոնապես բռնազավթումը։
Այսօր նա հրամանագիր ստորագրեց Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին: Ավելի վաղ՝ փետրվարին, ՌԴ նախագահը ճանաչել էր Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
Հիմա հիմք ընդունելով Ուկրաինայի տարածքներում վերջերս անցկացված այսպես կոչված հանրաքվեների արդյունքները՝ որոշում կընդունվի այդ տարածքները Ռուսաստանին միացնելու մասին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Առնվազն 23 մարդ է զոհվել, շուրջ երեք տասնյակը վիրավորվել այսօր առավոտյան Զապորոժիեի մոտ քաղաքացիական ավտոշարասյունը հրթիռակոծելու հետևանքով։
Զապորոժիեի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը հայտնել է, որ շարասյունը հրթիռակոծել է ռուսական կողմը։ Տելեգրամի իր էջում նա գրել է, որ մարդիկ հերթ էին կանգնել ժամանակավորապես օկուպացված տարածք մտնելու, օգնություն տանելու, իրենց հարազատներին դուրս բերելու համար։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն ասել է, որ Զապորոժիեի վրա 13 հրթիռ է արձակվել։
Ռուսական կողմը խաղաղ բնակիչներին հրթիռակոծելու մեջ մեղադրում է Ուկրաինային։ Զապորոժիեի օկուպացված շրջանի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովն ասել է, թե տեսնելով, որ մարդիկ զանգվածաբար գնում են Զապորոժիեի մարզի «ազատագրված շրջանը», նրանք հարվածել են տասնյակ ավտոմեքենաների շարասյանը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին:
Փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն այս որոշումը կայացրել է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնակիչների կամքը հանրաքվեի ժամանակ։
Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը Ռուսաստանը ճանաչել է այս տարվա փետրվարին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները վտանգում են տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները:
Եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի չորս շրջանները միացնելու իր ծրագրերը, դա կնշանակի վտանգավոր էսկալացիա, որը կվտանգի տարածաշրջանում խաղաղության հեռանկարները, երեկ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
«Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները բռնակցելու ցանկացած որոշում իրավական ուժ չի ունենա և արժանի է դատապարտման», - լրագրողներին ասել է Անտոնիո Գուտերեշը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը Գուտերեշին մեղադրել է կազմակերպության կանոնադրությունը խախտելու մեջ։
«Մենք ցավում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության համար: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևողականորեն ցուցաբերում է նույն ընտրողական մոտեցումը, ինչ հավաքական Արևմուտքի երկրները՝ բառացիորեն դնելով իրեն նույն շարքում նրանց հետ» - ասվում է ռուսական առաքելության հայտարարության մեջ։