- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան պայթեցնելու փաստով` սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Դուգինին պատկանող մեքենայի ղեկին եղել է նրա 30-ամյա դուստրը՝ Դարյան, նա մահացել է:
Շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը և նրա դուստր Դարյան մասնակցել են «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, որից Դարյան մեքենայով հեռացել է միայնակ։
Կիևը հայտարարել է, որ կապ չունի Դուգինի մեքենան պայթեցնելու հետ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը շեշտել է. «Ես ընդգծում եմ, որ Ուկրաինան, իհարկե, այս ամենի հետ կապ չունի, քանի որ մենք հանցագործ պետություն չենք, որը Ռուսաստանի Դաշնությունն է և առավել ևս՝ ահաբեկչական»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սակիի օդակայանում օգոստոսի 9-ին տեղի ունեցած հուժկու պայթյունները ոչնչացրել կամ շարքից հանել են Ռուսաստանի Սևծովյան ռազմական նավատորմի օդուժի ավելի քան կեսը:
Այդ մասին Reuters լրատվական գործակալությանը երեկ հայտնել է մի բարձրաստիճան պաշտոնատար անձ Եվրոպայի քաղաքական շրջանակներից:
Նա ասել է, որ օգոստոսի 9-ից հետո Ռուսաստանը լուրջ բարդություններ կունենա զավթված Ղրիմի տարածքից Ուկրաինայի սևծովյան քաղաքներին, մասնավորապես, Օդեսային, սպառնալու հարցում:
Այդ անանուն պաշտոնյայի փոխանցմամբ, «հարվածներ հասցնելով թիկունքում Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքներին՝ Ուկրաինան հասնում է «կուտակային արդյունքի», քանի որ ոչ միայն թուլացնում է ռուսական ստորաբաժանումների մատակարարումն, այլև հոգեբանական ծանր ազդեցություն է գործում թե՛ զինվորների և թե՛ իշխանությունների վրա»:
«Եվրոպական պաշտոնական շրջանակներում անանուն աղբյուր» եզրույթը, որպես կանոն, կիրառվում է արևմտյան երկրների հետախուզական ծառայությունների կամ հատուկ այլ կառույցների աշխատակիցներին վկայակոչելու դեպքում:
Ավելի վաղ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նշել է, թե Նովոֆյոդորովկայի մոտ տեղի ունեցած պայթյունները ոչնչացրել են առնվազն հինգ Су-24 տեսակի և երեք Су-30 տեսակի ռմբակոծիչներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե ուկրաինական կողմը թունավոր նյութ է կիրառել Զապորոժիեի շրջանում իրենց խնդիրները կատարող ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ: Ըստ նախարարության, «զինծառայողները թունավորման նախանշաններով տեղափոխվել է հոսպիտալ»:
«Դոնբասում և այլ շրջաններում ռազմական պարտություններ կրելու պայմաններում Զելենսկու ռեժիմն արտոնել է քիմիական թունավոր նյութերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումները ռուսաստանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների վրա»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության, դա տեղի է ունեցել հուլիսի 31-ին Զապորոժիեի շրջանի Վասիլևկա գյուղի մոտ, որտեղից մի խումբ ռուսաստանցի զինծառայողների՝ «սուր թունավորում» ախտանշանով շտապ տեղափոխել են հոսպիտալ:
«Ստուգումների ընթացքում զինծառայողների օրգանիզմում հայտնաբերվել է թունավոր նյութ՝ «Բ» տեսակի բոտուլոտոքսին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական բժշկության գիտահետազոտական գլխավոր ինստիտուտի մասնագետները լրացուցիչ հետազոտություններ են անցկացրել և միանշանակ հաստատել, որ հայտնաբերված թունավոր նյութը՝ «Բ» տեսակի արհեստական ծագման բոտուլոտոքսին է»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Խանտի-Մանսիական ինքնավար շրջանից Դաշնության խորհրդի անդամ ընտրված Էդուարդ Իսակովը հարազատ դստերը՝ Դիանային անվանել է «դավաճան», ասելով, թե «նա ծախել է հորը, ընտանիքը և Հայրենիքը»:
Սենատորն այդպիսի հայտարարություն է հրապարակել այն բանից հետո, երբ Դիանա Իսակովան BBC ռադիոկայանին և «Մեդուզա» կայքին տված հարցազրույցում ասել է, թե դատապարտել է Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմը և վերջերս հեռացել է Ռուսաստանից:
Սենատորն ասել է, թե երբ իմացել է «հատուկ ռազմական գործողության» նկատմամբ դստեր վերաբերմունքի մասին, փորձել է հետը զրուցել, բացատրել այդ «օպերացիայի» անհրաժեշտությունը, առաջարկել է միասին այցելել «խորհրդային ժողովրդի ռազմական փառքի վայրեր», բայց այդ ամենը Դիանայի կողմից մերժվել է:
Էդուարդ Իսակովն ասել է, թե Դիանան իր դուստրն է առաջին ամուսնությունից, և նա Դիանայի դաստիարակությամբ չի զբաղվել: Նա պնդել է, թե աղջիկը հոգեկան հիվանդ է և ներկայանում է որպես ԼԳԲՏ համայնքի աջակից:
«Այն պահից, երբ ես իմացա, որ նա հակառուսական դիրք է գրավել, ես նրա հետ չեմ շփվում, նյութապես չեմ օգնում, կացարան չեմ տրամադրում»,- ասել է Էդուարդ Իսակովը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի ներքին համախառն արդյունքը մինչև տարեվերջ կնվազի 35-40 տոկոսով: Այդ մասին, ըստ Ukrinform պետական լրատվական գործակալության, ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն: Կրճատման պատճառը փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմն է:
Սվիրիդենկոն հավաստիացրել է, որ պետությունը ձեռնարկություններին օգնելու ծրագրեր է կազմել:
Ուկրաինայում իրականացվում է արտադրությունը դեպի արևմտյան շրջաններ տեղափոխելու լայնածավալ ծրագիրը: Մոտ 700 ընկերություններ արդեն հաստատվել են արևմտյան շրջաններում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կիևը մտահոգություն է հայտնում Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ռուսների մարտական ակտիվության հարցում, նշելով, որ գրավելով ԱԷԿ-ը և ամրապնդվելով դրան հարող տարածքում՝ ռուսներն այնտեղից են կրակ բացում, գիտակցելով, որ ուկրաինացիները չեն համարձակվի պատասխան կրակով վտանգել այդ կառույցը:
Կիևում ասում են, թե Մոսկվան ցանկանում է ԱԷԿ-ն անջատել ուկրաինական էներգացանցից և միացնել ռուսականին, և պատճառ գտնելու համար սադրանք է կազմակերպելու ԱԷԿ-ի մոտակայքում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Այսօր վաղ առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Ղրիմում՝ Սևաստոպոլում տեղակայված Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանի շենքին: Այդ մասին հայտնել է Մոսկվայի կողմից Սևաստոպոլի ղեկավար նշանակված Միխայիլ Ռազվոզժաևը: Նրա փոխանցմամբ, անօդաչուի հարվածից ավերվել է շենքի տանիքը, տուժածներ չկան:
Այս հարվածները վկայում են ռազմաճակատի մոտ, ինչպես նաև դրանից հեռու տեղակայված ռուսական ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու Ուկրաինայի բանակի հետզհետե աճող կարողությունների մասին:
Ռուսներն ուկրաինացիների կողմից զինամթերքի պահեստի պայթեցման հետևանքով ստիպված տարհանել են երկու գյուղերի բնակիչներին:
Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Ուկրաինային 775 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ է տրամադրելու՝ օգնելու վերականգնել տարածքները և հակահարձակում իրականացնել ռուսական ուժերի դեմ:
Օգոստոսի 19-ին ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ փաթեթը կներառի 15 Scan Eagle հսկողության անօդաչու թռչող սարք, 40 ականակայուն, ականազազերծող մեքենաներ և 2000 զրահատեխնիկա։
Օգնության փաթեթը ներառում է նաև 1500 հակատանկային հրթիռ, 1000 Javelin հրթիռ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վաշինգտոնի սանկցիոն քաղաքականության համակարգող Ջեյմս Օ'Բրայենը ճեպազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է ապագայում նոր խիստ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ:
Նա միաժամանակ նշել է, թե պատժամիջոցների սահմանումը կապված է բազմաթիվ խնդիրների հետ:
Այդպես նա արձագանքել է այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Պետական դեպարտամենտը Կոնգրեսին հորդորում է չընդգրկել Ռուսաստանը միջազգային ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում, քանի որ դա կարող է վնաս հասցնել ուկրաինական պարենը Սև ծովով դուրս հանելու Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի գործարքին:
«Մենք շարունակում ենք ուկրաինացիների և կոնգրեսականների հետ քննարկել սանկցիաները խստացնելու թեման: Մեր ծրագիրը հստակ է՝ շարունակել նորանոր պատժամիջոցների սահմանումը, և այդ մոտեցումը չի փոխվի, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի պատերազմը»,- նշել է Օ'Բրայենը:
- Հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Ուկրաինայի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ երեկվա հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը կրկին փորձում է միջնորդ դառնալ ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ «Ինչպես Սոչիում Պուտինին էի ասել, այնպես էլ Զելենսկուն եմ հիշեցրել, որ կարող ենք հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը», - այսօր ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայից վերադարձի ճանապարհին:
Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ վստահ է, որ պատերազմը կարելի է կանգնեցնել դիվանագիտական և բանակցային ճանապարհով, և Անկարան պատրաստ է շարունակել ջանքերն այս ուղղությամբ: